Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 29 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Սա մեր պետության համար պատմական պահ է. պետք է գիտակցել դա
18.06.21 21:23
Սա մեր պետության համար պատմական պահ է.  պետք է գիտակցել դա
<<Պատիվ ունեմ>> դաշինքը «Ուղղիր մեջքդ: Կպնենք գործին: Որ ապրենք» կարգախոսով իր գաղափարական և ծրագրային հիմնական դրույթներն է փորձում հասցնել ընտրողին, այն է՝ երկրում հաստատել կայունություն, անվտանգություն և դինամիկ զարգացում, վերականգնել հայի պատիվն ու արժանապատվությունը, ուղղել ժողովրդի մեջքն ու ապահովել արժանապատիվ կյանք:
<<Դե Ֆակտո>> ամսագրի զրուցակիցն է <<Պատիվ ունեմ>> դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Էմիլ Սարգսյանը, ով ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից է, ունի աշխատանքային երկարամյա փորձառություն պետական համակարգում, ազգային գաղափարների կրող է և ունակ ուժ՝ ստանձնելու պետական պատասխանատու աշխատանք: Իսկ թե ինչու նա որոշեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ներգրավվեց <<Պատիվ ունեմ>> դաշինքում, գաղափարական և արժեքային ինչպիսի համակարգի կրող է, պարզեցինք նրա հետ հարցազրույցի շրջանակներում:

-Պարո՛ն Սարգսյան, Դուք պետական համակարգում աշխատանքային երկարամյա փորձ ունեք, մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին:

-Ծնվել և մեծացել եմ Սևան քաղաքում, ավարտել եմ տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, որից հետո անցել եմ աշխատանքի:
2000 թ., Գնումների մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո , ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը: Քննություն հանձնելուց և փորձաշրջան անցնելուց հետո դարձա գործակալության հիմնական աշխատող: Շուրջ 14 տարի աշխատեցի այդ կառույցում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ: Այնուհետև, ՀՀ վարչապետի կողմից նշանակվեցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության <<Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, մեկ այլ որոշմամբ՝ մրցույթում հաղթելուց հետո նշանակվեցի այդ կառույցի տնօրեն և աշխատեցի մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: Իմ դիմումի համաձայն ազատվեցի աշխատանքից. նոր նախարար էր նշանակվել, ով եկել էր թիմով, և ես որոշեցի հեռանալ, ճանապարհ տալ նրանց: Երբ ՀՀ երրորդ նախագահն իմացավ այդ մասին, ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց աշխատել գնումների բողոքարկման նորաստեղծ խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: Նախագահը խնդրեց, որ ղեկավարեմ և կայացնեմ այդ ինստիտուտը՝ ներդնելով իմ աշխատանքային փորձը: Երբ անցա աշխատանքի, կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հեղափոխությունը, բավականին փոփոխություններ կատարվեցին օրենսդրական դաշտում, որդեգրվեց այնպիսի աշխատաոճ, որը դեմ էր իմ սկզբունքներին: Ես չէի կարող դեմ գնալ իմ արժանապատվությանը, այնուհետև իմ նկատմամբ գործադրվեցին ճնշումներ: Չեմ ցանկանում մանրամասնությունների մեջ խորանալ, պարզապես կասեմ, որ հրաժարվեցի շարունակել աշխատել, քանի որ ինձ համար իմ սկզբունքներն ու արժեքները շատ ավելի կարևոր են:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել <<Պատիվ ունեմ>> դաշինքով՝ ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզը:

-Թեև երբեք ակտիվ քաղաքականության մեջ չեմ եղել, բայց դեռևս 2004թ. անդամակցել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կենդանության օրոք: Մենք շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունեինք: Հպարտ եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել:
Իսկ Արթուր Վանեցյանն իմ բանակային ընկերն է, մենք միասին ենք ծառայել ՀՀ զինված ուժերում, ընկերացել: Մենք ոչ միայն ընկերներ ենք, այլ նաև համախոհներ: Երբ նա ասաց, որ ցանկանում է կուսացություն հիմնել և պայքարել մեր հայրենիքի պաշտպանության և զարգացման համար, որոշեցի նրա հետ միասին անցնել այդ ճանապարհը: Այժմ Սևանի տարածաշրջանի <<Հայրենիք>> կուսակցության նախագահն եմ և կուսակցության մարզային կառույցի նախագահի տեղակալը:

-Այսօր <<Պատիվ ունեմ>> դաշինքը իր առջև նպատակ է դրել երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից, ուղղել ժողովրդի մեջքը. որո՞նք են երկրի առաջնահերթ խնդիրները:

-Ասօր մեր երկրի ամենաառաջնահերթ խնդիրը` անվտանգության ապահովումն է. ՀՀ քաղաքացին պետք է ապրի խաղաղ և ապահով Հայաստանում: Մենք կագնած ենք սարսափելի իրականության առջև՝ թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, իսկ մեր իշխանություններն անգործության են մատնված: Ես ծանոթներ ունեմ, ում որդիները կանգնած են սահմանին, նրանք այնպիսի բաներ են պատմում, որոնք որևէ կերպ ընդունելի և հասկանալի չեն ինձ համար, իսկ նրանց ծնողները վախով ու սարսափով են ապրում՝ ոչ քուն ունեն, ոչ՝ դադար: Այս իշխանություններն այնպես արեցին, որ ազգի մեջքը կոտրվեց: Ինքս մասնակցել եմ պատերազմին, տեսել եմ հայ զինվորի բազկի ուժը և այժմ չեմ կարող հարմարվել այս իրավիճակին, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, վերականգնենք մեր արժանապատվությունը:
Իհարկե, կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք մանրամասն ներայացված են մեր նախընտրական ծրագրում՝ ուղղված ՀՀ տնտեսության զարգացմանը, արդյունավետ լուծումներ՝ յուրաքանչյուր ոլորտի առաջընթացին:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում մարզում:

-Ինձ շատ է մտահոգում Սևանա լճի վիճակը, այն պատշաճ կերպով չի մաքրվում. ե՞րբ էինք տեսել, որ այն ծաղկեր: Ես հիշում եմ, որ մինչև հեղափոխությունը կար ծրագիր՝ լիճը մաքրելու, գործի էր դրվում հատուկ տեխնիկա: Իսկ այսօր իշխանությունները զբաղված են միայն տներ ու տարբեր կառույցներ քանդելով միայն՝ մոռանալով, որ քաղցրահամ ջուրն ամենաթանկ հարստությունն է աշխարհում, որը մենք ունենք:
ՀՀ Գեղարքունիքի մարզում կարելի է զարգացնել ջերմոցային տնտեսությունները: Պետք է մոնիթորինգ անցկացնել, մշակել հատուկ քաղաքականություն, թե որ մշակաբույսից որքան պահանջարկ կա և դրանով առաջնորդվելով՝ վարել մարզի ջերմատների ընդհանուր գործունեությունը, որպեսզի որևէ տնտեսվար չտուժի, բոլորի ստացած բերքը սպառվի, այն էլ՝ շահավետ պայմաններով:
Բայց այսօր մենք չունենք գործող գյուղնախարարություն, խնդիրները շատ են, մեծ աշխատանք կա անելու այս ոլորտում:
Մեր մարզում կարելի է զարգացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի կայանները: Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզում արևային ամենաերկար օրերն են լինում, ինչը լուրջ ռեսուրս է՝ զարգացնելու արևային էներգետիկան:
Պետք է ավելացնել նաև համայնքների բյուջեն, քանի որ դրանք շատ փոքր են համայնքի խնդիրները լուծելու համար:
Մեր մարզի լեռնային գոտին մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու անասնապահությունը, ինչը ևս շատ կարևոր ռեսուրս է, որը պետք է իրացվի:

-Ինպիսի՞ն է ժողովրդի տրամադրությունը, քարոզարշավի ընթացքում նրանց հետ շփվելով՝ ի՞նչ արձանագրումներ եք արել:

-Ժողովուրդն այսօր շատ մտահոգ է, լարված, խաբված, ինչ-որ տեղ մոլորված ու որոշ շրջանակներում նաև մի տեսակ անտարբերություն եմ նկատում: Անկեղծ ասած՝ չեմ զարմանում, քանի որ պատերազմը այնպիսի մեծ ցավ ու վիշտ պատճառեց մեր ժողովրդին, որը հաղթահարելը շատ բարդ է: Բայց որքան էլ դժվար է, պետք է սթափ գնահատել իրավիճակը և գիտակցել, որ այս իշխանությունից ազատվելու միակ քաղաքակրթ ճանապարհը ընտրություններն են: Մեզ է նայում նաև ողջ աշխարհը, մենք պետք է մեզ հարիր ձևով ու մեթոդներով գործենք ու արժանանանք նաև միջազգային հանրության հարգանքին: Մենք չենք կարող գնալ փողոցային պայքարի կամ այլ՝ ազգը պառակտող ճանապարհներով, դա մեզ սազական չէ: Մենք խելացի ազգ ենք և պետք է այս ճակատագրական պահին ճիշտ որոշում կայացնենք:

-Շատ կարճ էր քարոզարշավի ընթացքը, հասցրեցի՞ք Ձեր խոսքը հասցնել ժողովրդին:

-Ես անհատապես քարոզարշավ չեմ արել մարզում, քանի որ ինձ բոլորն էլ ճանաչում են, ես նրանց հետ ամենօրյա շփումների մեջ եմ, հաճախ ենք տարբեր զրույցներ ունենում: Նրանց բարձրացրած հիմնական հարցերը վերաբերում են անվտանգության խնդիրներին, գերիների վերադարձի հարցին, անհայտ կորածներին:
Ժողովրդի վրա շատ է ազդել նաև մեր զոհված զինվորների մարմինների նկատմամբ դրսևորված անտարբեր և անփույթ վերաբերմունքը:
Ուղղակի խոսքեր չեմ գտնում նկարագրելու իմ զայրույթն ու ցավը: Ախր պետական համակարգի ոչ մի կառույց չի աշխատում, բոլորը անգործության են մատնված, ղեկավար պաշտոններ են զբաղեցնում կենսագրություն չունեցող, աշխատանքին չտիրապետող մարդիկ. կրթությունը բավարար չէ նման պաշտոններ զբաղեցնելու համար: Պետք է օր առաջ վերջ տալ այս ամենին: Երբ ես աշխատում էի, մեկ հայացքը բավական էր, որ ես հասկանայի, թե ինչ է կատարվում և ինչպես պետք է լուծել խնդիրը, քանի որ աշխատանքային փորձառությունը տալիս է լուծման այնպիսի բանալիներ, որոնք կենսունակ են ու արդյունավետ:
Եվ, ի վերջո, ինչ է նշանակում այն, որ այս պատասխանատու պահին ողջ ԱԳՆ ղեկավար կազմը հրաժարական է տալիս:
Կարծում եմ՝ մեր եկեղեցին ևս անելիքներ ունի, պետք է ակտիվանա և իր դիրքորոշումը հայտնի:
Մեծ աշխատանք ունեն կատարելու նաև հոգեբանները, պետությունը պետք է գումար հատկացնի նրանց, որ աշխատեն հատկապես պատերազմից տուժած ընտանիքների հետ, նրանց կողքին լինեն:

-Ինչպե՞ս եք գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրություններում <<Պատիվ ունեմ>> դաշինքի հաղթանակի հնարավորությունները:

-Ես շատ բարձր եմ գնահատում մեր հնարավորությունները, մենք անպայման պետք է ներկայացված լինենք խորհրդարանում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը այնքան գիտակից է, որ իր ձայնը կտա խելացի, հայրենասեր, երկրի ղեկի պատասխանատվությունը գիտակցող և ունակ թիմ ունեցող <<Պատիվ ունեմ>> դաշինքին:
Ես մեծ հույսեր եմ կապում Գեղարքունիքի մարզի ժողովրդի հետ, հատկապես սևանցու, ով միշտ տարբերվել է իր մտածողությամբ, ազգային կերպարով, հյուրընկալ ապրելակերպով:

-Դուք շատ լավ ընտանիք ունեք. ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել Ձեր ծնողներից:

-Իմ ծնողներն ինձ տվել են հայեցի դաստիարակություն, փոխանցել ազգային արժեհամակարգ, ես այդ արժեքներով եմ ապրում և երջանիկ եմ, որ որպես ծնող՝ այն փոխանցում եմ իմ երեխաներին:

-Ձեր կոչը՝ ՀՀ քաղաքացիներին:

-Ես կոչ եմ անում բոլորին, որ սթափ գնահատեն ստեղծված իրավիճակը, արժևորեն իրենց քվեն, քվեարկեն այն քաղաքական ուժի օգտին, որը երբեք նման վիճակի չի հասցրել մեր երկիրը: Սա մեր պետության համար պատմական պահ է, պետք է գիտակցել դա, և եթե անգամ ձեր ձայնը չեք տալու <<Պատիվ ունեմ>> դաշինքին, ապա չտաք այս ապիկար իշխանությանը կամ նրան հարող ուժերին, որոնք ձևական են մասնակցում այս ընտրություններին:
Ես կոչ եմ անում բոլորին, որ մեզ հետ միասին ուղղեն մեջքները, կպնեն գործին, որ ապրենք ու կառուցենք մեր սերունդների ապագան: Ինչ մենք տեսել ենք, բավական է, թող մեր բալիկները նման աղետներ չտեսնեն:
Պատիվ ունեմ:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One