Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 12 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ֆիլիպ Ռիքերն՝ ԱԳՆ-ում
10.06.21 20:30
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ֆիլիպ Ռիքերն՝ ԱԳՆ-ում

Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Ամերիկյան կողմն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Մտքեր փոխանակվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվեցին նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One