Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 10 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԲՀԿ-ն առաջիկա ընտրությանը մասնակցում է հաղթելու և Գ. Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությամբ. Ի.Տոնոյան
27.04.21 20:35
ԲՀԿ-ն առաջիկա ընտրությանը մասնակցում է հաղթելու և Գ. Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հաստատակամությամբ. Ի.Տոնոյան

Այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն գնում է հաղթելու ԱԺ առաջիկա ընտրությանը և Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար։

Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ՝ փորձելով հետաքրքվել նրանց առաջիկա անելիքներից։

-Տիկին Տոնոյան, Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում վերահաստատել է, որ ԲՀԿ-ն գնում է՝ հաղթելու ԱԺ առաջիկա ընտրությանը և նշել, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Կխնդրեինք մի փոքր բացել փակագծերը: Ինչո՞վ են պայմանավորված այս՝ թույլ տվեք ասել մարտական տրամադրվածութհամբ ձևակերպումները և ընդհանրապես ինչ փուլում է գտնվում ԲՀԿ նախընտրական ծրագրի աշխատանքները:


- Նախ ընդգծեմ, որ այո´ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի առաջիկա ընտրությանը մասնակցում է հաղթելու վճռականությամբ և այո՛ հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է լինելու: Կարծում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանն իր անցած ճանապարհով, տարբեր ոլորտներում ծավալած երկարամյա հաջող գործունեությամբ և ունեցած ահռելի փորձով ի զորու է երկիրը դուրս բերել հետպատերազմյան ծանր իրավիճակից: Առավել ևս, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, և թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունեն երկիրն այս ճգնաժամից դուրս բերելու հստակ տեսլականն ու գիտեն անհրաժեշտ բոլոր քայլերի հաջորդականությունը: Մեր հաղթանակի պարագայում ՀՀ քաղաքացին կարճ ժամանակում տեսնելու է բոլոր այն բարեփոխումները, որոնք յուրաքանչյուր օր իրականացվելու են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգային և թե՛ մնացած բոլոր ոլորտներում:

ԲՀԿ նախագահի միջազգային կապերը, տարբեր երկրներ և հեղինակավոր կազմակերպություններ ներկայացնող գործընկերների մոտ ունեցած բարձր վարկը Գագիկ Ծառուկյանը ծառայեցնելու է ի շահ մեր երկրի և տնտեսության: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պետք է տեղեկացնեմ, որ այս պահին արդեն իսկ ավարտին են մոտենում ԲՀԿ նախընտրական ծրագրի կազմման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ՝ մեր նախընտրական պլատֆորմը պատրաստ է: Մեր քայլերը միտված են լինելու երկրի առջև ծառացած օրհասական խնդիրների լուծմանը: Ընդ որում, ԲՀԿ-ն առաջնորդվում է ոչ թե պարզապես լավատեսական ցանկություններով և կենացներով, այլ առաջարկում է կոնկրետ լուծումներ շատ կոնկրետ խնդիրների համար: Եթե մենք ասում ենք,որ գիտելիք և կրթվելու ցանկություն ունեցող ոչ մի ուսանող չպետք է զրկվի ուսանելու հնարավորությունից, մենք նաև մատնանշում ենք,թե պետությունն ինչպես կարող է այս խնդիրը լուծել:

Երբ նշում ենք,որ նորաստեղծ ընտանիքները պետք է հնարավորություն ունենան առանց կանխավճարի և մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարան,մենք միաժամանակ ցույց ենք տալիս, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը խնդրի կարգավորման համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ,որ այս դժվարին իրավիճակում գերխնդիր է տարիներ շարունակ վարկերի տակ կքած մարդկանց հարցը: Սպառողական և գյուղատնտեսական վարկեր ունեցող մարդկանց թիվը կազմում է 2,2 միլիոն: Երբ ԲՀԿ-ն ասում է,որ 3 մլն դրամը չգերազանցող վարկերը պետք է զրոյացվեն, մատնանշում է նաև,թե ինչպես կարող է պետությունը ֆինանսական միջոցներ ներգրավել մարդկանց վարկերից ազատագրվելու հնարավորություն ընձեռելու համար: Զավեշտալի է, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ուղղություն հռչակած երկրում գոյություն չունի գյուղատնտեսության նախարարություն: Մեր հաղթանակի դեպքում առաջին քայլերից մեկը լինելու է գյուղատնտեսության նախարարության վերաբացումը: ԲՀԿ-ն ոչ միայն ասում է,որ առաջիկա 2 տարում պետք է Գյումրիում տնակային ավանում բնակվող ոչ մի քաղաքացի չլինի, այլև մատնանշում է,թե ինչպես է հնարավոր պետական բնակարանաշինության ծրագրով սեփական տանիքով ապահովել դեռևս 1988-ից անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Երկրի զարգացման այս պլատֆորմն ունեցող քաղաքական ուժը, բնական է,որ գալիս է ընտրություններում հաղթելու,ոչ թե 2-րդ  տեղը զբաղեցնելու: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ մանրակրկիտ մշակված նախընտրական ծրագրով և արհեստավարժների թիմով է «Բարգավաճ Հայաստան»-ը մոտենում առաջիկա ընտրություններին:

- Տիկին Տոնոյան, այս օրերին շատ է քննարկվում նաև հետընտրական փուլում տարբեր ուժերի միջև հնարավոր կոալիցիաների ձևավորման հարցը: Հովիկ Աղազարյանն օրինակ այսօր ասել է,որ եթե որոշողն ինքը լիներ,ապա «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կոալիցիա չէր կազմի: Ինչպե՞ս կարձագանքեք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այս հայտարարությանը:

-Ես իհարկե հասկանում եմ,որ Հովիկ Աղազարյանի մտքի գոհարները, բացի «Արմքոմեդի»-ի սցենարիստների համար ոգեշնչման աղբյուր հանդիսանալուց, նաև զավեշատալի են և ամեն անգամ ժպիտի հերթական չափաբաժինն են հաղորդում մեր հայրենակիցներին, սակայն նրան բարեկամաբար հորդորում եմ մտահոգվել բացառապես սեփական անձի կամ իր ներկայացրած քաղաքական ուժի խնդիրներով : ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է մրցունակ, իրատեսական ծրագրով, հաղթելու հաստատակամությամբ և Գագիկ Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու վստահ որոշմամբ: Սա է «Բարգավաճ Հայաստան»-ի միակ օրակարգը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One