Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.94 AMD
EUR =528.10 AMD
Նրա ստեղծածի վրա զարգացավ Հայաստանի Հանրապետությունը
09.02.11 15:55
Նրա ստեղծածի վրա զարգացավ Հայաստանի Հանրապետությունը

Փետրվարի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանում նշվեց քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի (1886-1925թթ.) ծննդյան 125-ամյակը։
Հոբելյանի առթիվ գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էր Ալ.Մյասնիկյանին նվիրված և նրա հեղինակած գրքերից, մամուլում տպագրված հոդվածներ։ Ցուցադրված էին շուրջ 18 ամսագիր, 42 գիրք (որոնցից 10-ը` ռուսերենով)։
Ուշագրավ են «Էկրան» (1973թ.), «Բանբեր Երևանի համալսարանի» (1974, 1976, 1990թթ.), «Սովետական մանկավարժ» (1976թ.), «Պատմաբանասիրական հանդես» (1966թ.), «Լրաբեր» (1976թ.), «Լենինյան ուղիով» (1975, 1976թթ) և այլ հանդեսներում տպագրված հոդվածները։ Հետաքրքիր է «Էկրան» (1973թ.) հանդեսում տպագրված Արմեն Զուրաբովի հուշերը Ալ.Մյասնիկյանի մասին, 1990թ. «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի համարներից մեկում Հարություն Թուրշյանը ներկայացրել է իր խոհերն ու հուշերը` Ալ.Մյասնիկյան հասարակական գործչի մասին։ Ուշագրավ է նաև «Սովետական գրականություն» հանդեսում Գրիգոր Սարգսյանի «Մյասնիկյանը և Տերյանը» հոդվածը։ Հետաքրքիր տեղեկություններ կան 1966թ. Պատմաբանասիրական հանդեսի համարներից մեկում, որտեղ տպագրված է Մյասնիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոդված։
Ներկայացված են Ալ.Մյասնիկյանի թևավոր խոսքերից, նրան նվիրված` մեր մեծերի խոսքերը, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունի Համո Սահյանի, Ե.Չարենցի բանաստեղծությունները` նվիրված Ալ.Մյասնիկյանին։
Գրքերի շարքում ուշագրավ են հատկապես նրա հեղինակած «Կուսակցությունները գաղութահայության մեջ», «Գաղութահայ աշխատավորութեան», «Ազգային հարցի առթիվ», Արմեն Զուրաբովի «Ծնունդ» վիպակը` նվիրված Ալ.Մյասնիկյանին։
1925-1990թթ. Հայաստանի Ազգային գրադարանը կրել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, ով մեծ ներդրում է ունեցել գրադարանի կայացման գործում։ Ազգային գրադարանում է պահպանվում Ալ.Մյասնիկյանի անձնական գրադարանի ֆոնդը, որն Ազգային գրադարանին է նվիրել նրա այրին` Սուսաննա Տերյան-Մյասնիկյանը 1925թ.։
Ազգային գրադարանում միջոցառումը բացեց փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։ Նա համառոտ ներկայացրեց Ալ.Մյասնիկյանի կենսագրությունը, զբաղեցրաց պաշտոնները, որոնցից հատկապես առանձնացրեց Բելառուսում, Մոսկվայում կատարած աշխատանքները։
-1980-ական թվականներին Բելառուսում ակնածանքով էին հիշում Ալեքսանդր Մյասնիկյանի անունը։ Նա մինչև իր կյանքի վերջը ծառայեց հայրենիքին։ Նրա մեծությունը տեսանելի է տարբեր բնագավառներում, ոչ միայն պետական-քաղաքական, այլև հոգևոր-մշակութային ոլորտում։ Ալեքսանդր Մյասնիկյանը կարողացավ համախմբել և Հայաստան բերել ազգային-մշակութային գործիչներին, նրանց ուժերը ծառայեցնել Հայաստանի բարգավաճմանը,-ասաց Ռ.Ղազարյանը` կարդալով Չարենցի` Ալ.Մյասնիկյանին նվիրված «Սիրելի Ալեքսանդր Ֆյոդորովիչ» բանաստեղծությունից մի հատված։ Նա նաև տեղեկացրեց, որ 2011թ. Հայաստանի Ազգային գրադարանը կհրատարակի Ալեքսանդր Մյասնիկյանի կենսամատենագիտությունը։
Ալ.Մյասնիկյանի կյանքի և գործունեության մասին հանգամանալի ելույթով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը։ Բանախոսն ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ, փաստեր հավաքել 1920-ական թվականներին Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Նա նշեց, որ Ալ.Մյասնիկյանն առաջինն էր, որ գրեց Միքայել Նալբանդյանին նվիրված գիրքը 1910թ., գրողին ներկայացնելով որպես մեծ փիլիսոփա։
-27 տարեկանում Ալեքսանդր Մյասնիկյանը հանդես եկավ դասախոսությամբ` ռուս և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայկական հարցի էությունը։ Ցույց տվեց, թե ով է հայ ժողովուրդը, եվրոպական տերություններն ինչու պետք է օգնեն հայերին։ Այդ ծանր տարիներին նա կարողացավ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել դեպի հայկական հարցը,-ասաց բանախոսը։ Նա շեշտեց Ա.Մյասնիկյանի տաղանդը, որը նա դրս-որեց ռազմական ոլորտում նաև։
Ալ.Մյասնիկյանի կատարած աշխատանքներից Վ.Պետրոսյանն առանձնացրեց հայ գաղթականներին վերաբերող փաստերը.
- Սովի տարիներին Վրաստանից հրամայված էր հեռացնել հայ ժողովրդին։ Ալ.Մյասնիկյանի ջանքերով հայության այդ հատվածը հաստատվեց Ախալքալաքում` ստվարացնելով տեղի հայությանը։ Նրա ջանքերի շնորհիվ Բաթումից չհանեցին հայերին կրկին նույն պատճառով։
Ըստ Վ.Պետրոսյանի, ուշագրավ է, որ իր ղեկավարության շրջանում ժողկոմսովետը չէր քննում այն դիմում-նամակները, որոնք հայերենով չէին։ Այդ տարիներին բոլոր գրությունները նրա հրամանով հայերեն էին գրվում։ Պայքար էր սկսել Հայաստանում անգրագիտության դեմ, ավելացրել դպրոցների թիվը։ Ալ.Մյասնիկյանի նախաձեռնությամբ է Հայաստանում բացվել երկրորդ բուհը` կոնսերվատորիան։ Նա համոզված էր, որ ազգին պետք է կրթել մշակութային արժեքներով, պահպանել ազգային երաժշտությունը։ Նա իր ուղարկած մարդկանց միջոցով Ռուսաստանի տարբեր ծայրերից հավաքեց և Հայաստան տեղափոխեց մշակութային շատ արժեքներ, այդ թվում` Լազարյան ճեմարանի գրադարանը։
Ազգային գրադարանի կազմակերպած միջոցառումը ողջունեցին ապրանք արտադրողների միության գործադիր տնօրեն Գեղամ Գալստյանը, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը, պրոֆեսոր Հրաչյա Ոսկանյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Տաճատ Սարգսյանը։
Պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է 1886 թվականին։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համագործակցել է Ս.Շահումյանի, Բ.Կնունյանցի, Ա.Ջափարիձեի և ուրիշների հետ։ Զբաղեցրել է մի շարք պաշտոններ` եղելէ Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար, կարմիր բանակի ռազմակայանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ և այլն։ 1921-ի հունվարին նշանակվել է Հայաստանի սովետական նորաստեղծ կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Մյասնիկյանը Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նախագահներից էր և ապա` կուսակցության Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղարը։ Կուսակցական, պետ. և ռազմ. գործունեությանը զուգահեռ Մյասնիկյանը տաղանդավոր հրապարակախոս, գրականագետ և խմբագիր էր։ Նա հանդես էր գալիս Ալ.Մարտունի, Կոմունիստ, Ալյոշա, Բոլշևիկ գրական ծածկանուններով։ Խմբագրել է շուրջ տասը անուն թերթ ու հանդես։ Հեղինակ է մի շարք աշխատությունների, որոնք նվիրված են հեղափոխական շարժումների պատմությանը և հայ գրականության հարցերին։ Նրա «Միքայել Նալբանդյան» հոդվածը (1910) առաջին մարքսիստական ուսումնասիրությունն է հայ հեղափոխական-դեմոկրատի մասին։ Հրատարակել է հոդվածներ` նվիրված հայ պոեզիայի դասականներ Հ.Թումանյանին, Ա.Ծատուրյանին, Հ.Հովհաննիսյանին։
Գոհարինե Ջուլհակյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One