Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զինվորականներ, ցուցանակներ, դրոշներ չպիտի լինեն
06.04.21 20:53
Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զինվորականներ, ցուցանակներ, դրոշներ չպիտի լինեն

Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 
 

«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:

Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:

Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»,- գրել է նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One