Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 25 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Տարիներ առաջ սխալ բժշկության հետևանքով ես դարձա հաշմանդամ՝ խուլ և համր, հիմա էլ իմ ընտանիքի հետ դարձա անօթևան». Հադրութցի. 168.am
23.01.21 23:10
«Տարիներ առաջ սխալ բժշկության հետևանքով ես դարձա հաշմանդամ՝ խուլ և համր, հիմա էլ իմ ընտանիքի հետ դարձա անօթևան». Հադրութցի. 168.am

168.am

Հադրութցի Մարիամ Ավետիսյանի 5 հոգանոց ընտանիքն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով կորցրել է ունեցվածքը, կանգնած է խնդրի առջև. նրանց անհրաժեշտ է աջակցություն՝ գումարի, սննդի տեսքով:

«Տարիներ առաջ սխալ բժշկության հետևանքով ես դարձա հաշմանդամ (խուլ և համր) հիմա էլ իմ ընտանիքի հետ դարձա անօթևան: Մենք ոչ աշխատանք ունենք, ոչ էլ գումար։ Ամաչում ենք, որ օգնության համար ենք դիմում, բայց գուցե լինեն մարդիկ, ովքեր կօգնեն մեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Մարիամը:

Մայրը՝ Էմմա Միրզախանյանը, ևս անհարմար է զգում աջակցության համար դիմել, սակայն նշում է՝ այլ ելք չունեն:

 «Ամաչում եմ, որ այս վիճակին ենք հասել: Հիմա Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձով ենք մնում, վճարում ենք 80.000 դրամ: Նախքան այստեղ գալը շուրջ երկու ամիս բնակվել ենք Նոր Երզնկայում: Տուն չկար, թեժ գիծ էլ նոր էի զանգահարել, լավ է՝ բարի մարդիկ հանդիպեցին ու հյուրընկալեցին մեզ: Հարազատի պես պահել են մեզ: Ամբողջս կյանքս երախտապարտ եմ լինելու նրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էմմա Միրզախանյանը:

Տիկին Էմմայի փոխանցմամբ՝ այս պահին ունեն աշխատանքի խնդիր. պետք է կարողանան վճարել տան վարձը, գնել սնունդ, ինչպես նաև մտածել աղջկա բուժման մասին:

«Աղջիկս ունի լսողության խնդիր, իրեն անհրաժեշտ սարքավորումները չենք հասցրել վերցնել, Սոցապնախարարությունից տվել են, բայց խնդիրներ են առաջացել սարքավորման հետ կապված, հետևաբար՝ պետք է նորը գնենք: Տրամադրված սարքավորման գինը 250.000 դրամ է, նորը գուցե ավելի թանկ արժենա: Հիմա մտածում ենք վիրահատության մասին, բժիշկներն ասել էին՝ չափահաս դառնա, նոր վիրահատենք: Ամուսինս դերձակ է, այնտեղ կրպակ ուներ, հիմա էլ է այդ ոլորտում փորձում աշխատանք գտնել: Աղջիկս էլ մոդելավորում և դիզայն է սովորում, անվճար ընդունել է տնօրենը, ինչի համար շնորհակալ ենք: Գոնե հետո իր մի կտոր հացը կկարողանա վաստակել»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ Հադրութից դուրս են եկել հոկտեմբերի 29-ին:

«Հադրութում 3 տուն ենք կորցրել, ունենք վարկեր, հիմա լավ է, ժամանակավոր վարկերը սառեցվել են, բայց տան համար, ասենք, կահույք գնել եմ՝ անհատներից, օրինակ, 100.000 դրամ պարտքով վերցնելով, նրանք հիմա գումարներն են պահանջում: Աջակցության ծրագրերից էլ դեռևս չենք օգտվել, բայց գրանցվել ենք»,- եզրափակեց տիկին Էմման:

Ընտանիքին գումարով աջակցելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝ Էմմա Միրզախանյանի անունով. «Արցախբանկ» 22300017338301:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One