Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 25 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան. News.am
21.01.21 22:19
Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան. News.am

News.am–ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի հետ։

 

- Հունվարի 11–ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցին տարածաշրջանում ապաշրջափակել տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերը։ Արդյոք Հայաստանի, առավել ևս Սյունիքի բնակչությունը պատրա՞ստ է սահմանների բացմանը՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային միջանցքներից մեկը՝ Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին անցնելու է Սյունիքով։

- Կարծում եմ՝ վաղ է խոսել՝ սյունեցիները պատրաստ են դրան, թե ոչ։ Խոսքը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը, որի շնորհիվ մի կողմից Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ, մյուս կողմից Սյունիքը կտրվում է Իրանից։ Հարցն այն է, թե ինչ եղանակով է դա իրականացվելու՝ էստակադայի նմա՞ն է լինելու, երկաթուղի անցնելու՞ է, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ է տալու այդ ճանապարհը մեզ, մենք կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, օրինակ, մեզ տրանզիտի համար գումար վճարելու՞ են, թե՞ ոչ. այսօր այդ հարցերի պատասխանները դեռևս չկան։

- Արդյոք հայկական կողմն ի վիճակի՞ է ներդրումներ անել ճանապարհների կամ երկաթուղու կառուցման համար։

 

- Ներկայումս հայկական կողմն ունակ չէ ոչնչի, ուր մնաց՝ ինչ–որ ճանապարհի կոմունիկացիա հստակեցնի կամ առավել ևս դրանց կառուցումը ֆինանսավորի։

Եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիներին տրամադրվելիք սուվերեն ճանապարհի անվտանգությունը ապահովելու է ռուսական կողմը, ապա ո՞վ է երաշխավորելու Ադրբեջանի տարածքով ուղևորների և հայկական բեռների անվտանգ տարանցումը։

Այդ հարցի պատասխանը ևս չկա։ Այսօր անվտանգ չէ անգամ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Գորիս–Կապան Մ 2 ճանապարհահատվածը։ Արդեն իսկ կան դեպքեր, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական ավտոմեքենաները։ Ամեն անգամ թշնամին ժեստերի միջոցով այդ ճանապարհով անցնողներին հասկացնում է, որ սպանելու է հայերին, գլուխները կտրելու և այլն։ Այս տենդենցն այժմ նկատվում է, և որևէ մեկը չի կարող այդ տարածքով անցնող մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ տալ։

– Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սյունիքում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի առջև Սյունիքի դարպասները փակելու հայտնի միջադեպից հետո իշխանությունների նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը փոխվե՞լ է։

– Սյունեցիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի հետևանքները, և սյունեցիների մեծ մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի իշխանություն։

– Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանի անվտանգության հարցը կարծես թե մղվել է հետին պլան։ Ի՞նչ եք կարծում, օդակայանի շահագործումն իշխանությունների համար այլևս էակա՞ն չէ։

– Ոչ միայն Կապանի օդանավակայանը, այլև, առհասարակ,  իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում։ Սյունիքի տնտեսությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և տուրիզմի։ Կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Սյունիք այցելող զբոսաշրջիկների թիվը նվազեց, իսկ պատերազմից հետո այս ոլորտը վերջնականապես անկում գրանցեց, ինչը կործանարար ազդեցություն ունեցավ տուրիզմի հետ փոխկապակցված այլ՝ ռեստորանային, հյուրանոցային բիզնեսների վրա և այլն։ Պատերազմի հետևանքով  80 տոկոսից ավելի ցանքատարածություններ և արոտավայրեր անցան թշնամուն կամ հայտնվեցին միջդիրքային տարածություններում, արդյունքում գյուղացիները ցածր գնով վաճառեցին խոշոր և մանր եղջերավոր անասունները և հայտնվեցին անելանելի վիճակում։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա միտում ենք տեսնում, որ կառավարության կողմից ոտնձգություններ են արվում խոշոր հարկատու համարվող ընկերության վրա։

–Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասի՞ն է։

– Այո, ես չեմ զարմանա, որ այդ ոտնձգությունները շարունակական լինեն և հասնեն նրան, որ կոմբինատի գործունեությունը կասեցնեն։ Արդեն երեք տարի է՝ իրենք փորձում են ինչ–որ խախտումներ հայտնաբերել, բայց չեն գտնում։ Ինչպես Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Իրենք համառորեն փորձում են այստեղ կոռուպցիոն սխեմաներ գտնել, բայց չեն գտնում, սակայն շարունակում են փնտրել, որպեսզի մեզ համար խնդիրներ ստեղծեն։ Այս եղանակով նրանք վերջնականապես կքանդեն ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի տնտեսական հիմքը, որովհետև, ինչպես գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը կարևոր դերակատարում ունի տնտեսության մեջ և հանդիսանում է Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն ու խոշոր հարկատուն։ Նպատակը Հայաստանի տնտեսությունը վերջնականորեն քանդելն է կամ գուցե փորձելը թուրքական կապիտալ ներմուծել, ինչի փորձն արդեն ունենք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One