Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Վրաստանն ու Իրանը, հատկապես Ռուսաստանը հայ ժողովրդին, Հայաստանը սիրում եւ գնահատում են, եւ դա պայմանավորված չէ ոչ Փաշինյանով, ոչ նախկին նախագահներով, այդ երկրներում լավ գիտեն, որ հայերը արարող ժողովուրդ են եւ վտանգ չեն ներկայացնում
12.01.21 01:38
Վրաստանն ու Իրանը, հատկապես Ռուսաստանը հայ ժողովրդին, Հայաստանը սիրում եւ գնահատում են, եւ դա պայմանավորված չէ ոչ Փաշինյանով, ոչ նախկին նախագահներով, այդ երկրներում լավ գիտեն, որ հայերը արարող ժողովուրդ են եւ վտանգ չեն ներկայացնում

Հայաստանն ապրում է մի ժամանակահատված, երբ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է եւ այս պայմաններում լռելը, մտքեր չփոխանակելը եւ փաստեր չներկայացնելը ճիշտ չեմ համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի սկզբում հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պատոնակատար Միքայել Համբարձումյանը, որը պարզաբանել է, թե այդ պատճառով է դեմ գնացել իր սկզբունքներին եւ չի մերժել հարցազրույցի հրավերը։

Մ․Համբարձումյանը ճշտել է, որ ԱԱԾ տնօրենի ԺՊ է դարձել ոչ թե պատերազմի 12-րդ, այլ 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, քանի որ այդ պահին ԱԱԾտնօրեն Արգիշտի Քյարամյանը մեկնել  Արցախ՝ մեկ այլ տեղակալի հետ, եւ ծառայության ղեկավարի պարտականությունները դրվել են իր վրա, նաեւ ավելացրել, որ դրական չի վերաբերվում ծառայության ղեկավարի հաճախակի փոփոխություններին․ 

«ԱԱԾ տնօրենը տիրապետում է հույժ գաղտնի տեղեկությունների, ինֆորմացիայի աղբյուրների եւ այդ պաշտոնում մարդկանց հաճախակի փոփոխությունները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում, եւ աշխատանքի կազմակերպման առումով, նաեւ, երբ անձը երկար ժամանակով մնում է ԺՊ, անվտանգության առումով ռիսկեր են առաջանում»։

ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ը ասել է, որ սեպտեմբերի 30-ին իրեն հրավիրել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ ասել, որ իր վրա են դրվում ծառայությունը ղեկավարելու պարտականությունները, հոկտեմբերի 8-ին վարչաետն իրեն տեղեկացրել է, որ Քյարամյանն ազատվում է պաշտոնից եւ ինքն է նշանակվում, նաեւ ավելացրել, որ պաշտոնից պետք է ազավի նաեւ ռազմական հակահետախուզության պետը։   

«Ինձ համար խիստ անհասկանալի էր ռազմական հակահետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը, այն էլ պատերազմական պայմաններում, երբ նա 24-ժամյա ռեժիմով համակարգում էր ամբողջ ռազմական հակահետախուզության աշխատանքը։ Փորձեցի պարզաբանում ստանալ վարչապետից, ի վեջո խոսքը գեներալ-մայորի մասին է, որին պետք էր կանչել ու ասել, թե դու աշխատանքից ազատվում ես։ Ինձ լիարժեք բավարարող պատասխան չստացա, բայց ռազմական դրության պայմաններում ղեկավարի հրամանները չեն քննարկվում։ Ամեն դեպքում, հրավիրել եմ վարչության պետին, ասել, որ ազատվում է, նա եւս, որպես զինվորական, չի քննարկել եւ անմիջապես վերցվել է կադրերի ռեզերվի տրամադրության տակ, նշանակվել է վարչության նոր ԺՊ։ Աշխատել ենք նույն ծանրաբեռնվածությամբ մինչեւ հոկտեմբերի 28-ը, այդ օրը դիմեցի վարչապտին, որ ցանկանում եմ ազատվել պաշտոնից, նրա համար իմ ցանկությունն անակնկալ էր, պարզաբանեցի առիթը, վարչապետը չընդունեց իմ հրաժարականը եւ հարցը մնաց առկախված։ Այդ պահին չէի կարող պնդել իմ ցանկությունը, ամեն վայրկյան գործողություններ էին տեղի ունենում եւ մենք անընդհատ աշխատում էինք, եւ ծառայության կաթվածահար լինելը թույլ տալ չէր կարելի։ Նոյեմբերի 8-ին վաչապետն ասաց, որ որոշում է կայացվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել Արմեն Աբազյանին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։ Վարչապետն առաջարկեց աշխատել իմ նախկին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, ես հրաժարվեցի։ Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել, բայց պատճառներից կառանձնացնեի երեքը։ Առաջինն այն էր, որ հեղափոխությունից եւ նոր իշխանության ձեւավորումից հետո վստահության պակաս կա ծառայության հանդեպ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Տնօրենի պաշտոնում, երբ վարչապետի հետ անմիջականորեն էի շփվում, այդ տպավորությունը հաստատվեց։ Ուստի, կարծում եմ, որ ծառայության ղեկավարը պետք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ծառայությունում աշխատում են նվիրյալներ, որոնք հայրենասերներ են եւ աշխատում են երկրի համար, բայց հաճախ ենթարկվում են իշխանամետ մամուլի քննադատության կամ ֆեյքային հարձակման։ Եվ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատվում է, թե չի գնահատվում։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետական պաշտոնը դառնում է ոչ գրավիչ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում։ Երբ մենք եւ պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի հաջողվում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցվում եւ սկսվում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում, երկրորդ պատճառը դա էր։ Եվ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը պատերազմը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակետ ենք մենք ակնկալում, ի վերջո հյուսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցությունից իմ մեջ այդ որոշումը հասունացավ», ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը։ 

Միքայել Համբարձումյանը նշել է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմն արագորեն կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ իր հայտարարությունն արել է ԱԽ նիստին, որին ինքը չի մասնակցել։ 

«Ես ինքս ամենժամյա ռեժիմով եմ վարչապետին զեկուցել պատերազմում տիրող դրության մասին, մեր կորուստների մասին եւ ներքաղաքական իրավիճակի մասին, տիրող տրամադրությունների մասին։ Տնօրենի ԺՊ պաշտոնը ստանձնելուց հետո նաեւ պարբերաբար գրավոր է զեկուցվել, թե ինչ իրավիճակ է եւ ինչ հեռանկար կարող է լինել։ ԱԽ եւս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը եւ այն, որ մենք գնում ենք դեպի պարտության եւ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, եթե հիշողությունս չի դավաճանում, նույն կարծիքին էր նաեւ Տոնոյանը, ընդդիմադիր խմբակցություններից Արման Աբովյանն ու Էդմոն Մարությանն էին ներկա։ Այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացվեց։ Հետո ՌԴ նախագահ Պուտինի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորնացիայից պարզվեց, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին նման առաջարկ եղել է ՌԴ ղեկավարության կողմից։ Կոնկրետ, կետային առաջարկներ են եղել, թե ինչ է պետք անել։ Այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Այդ առաջարկներից ամենաշատն ուզում եմ կարեւորել, որ ռուս խաղաղապահ զորքեր էին մտցվելու Արցախի տարածք, ինչը կլիներ Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքը, ինչպես նաեւ մենք լրացուցիչ տարածքներ չէինք կորցնի, խոսքը Հադրութի եւ Շուշիի մասին է։ Ինչո՞ւ չէին քննարկվում Ռուսաստանի առաջարկները՝ չեմ կարող ասել։ Դրանք ոչ ԱԽ նիստերում, ոչ էլ հանրությանը չեն ներկայացվել։ Նոյեմբերի 7-ի դրությամբ, իմ հրաժարական տալու օրը, ես դրանց մասին չեմ իմացել։ Երբ տեղեկացա այդ առաջարկների մասին, ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից, բնականաբար այդ հարցը ծագեց՝ ինչո՞ւ ենք ուշացնում։ Դա էր տարածքային եւ մարդկային քիչ կորուստներ տալու միակ ռեալ հնարավորությունը։ Պատասխանը չունեի եւ այդ անորոշությունն էր պատճառը, որից ես վտանգ էի տեսնում։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Մենք ամեն ժամի օբյեկտիվորեն ներկայացրել ենք տիրող իրավիճակը։ Պատկերը մենք ստացել ենք ՊՆ-ից եւ մեր օպերատիվ աղբյուրներից։ 100 տոկոսով համակարծիք եմ ԳՇ պետի հետ», նշել է նա։ 

Միքայել Համբարձումյանն ասել է, որ ամռանից սկսած Թուրքիայից եւ այլ տեղերից Ադրբեջանի ձեռք բերած անօդաչուների, այդ թվում թուրքական Բայրաքթարներըի մասին, ընդ որում, ոչ միայն բաց, այլեւ փակ աղբյուրներից, զեկուցվել է վարչապետին։  
  
ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով՝ թյուր է տպավորությունը, թե մենք մենակ ենք մնացել, մեր հարեւան երկրներից Վրաստանն ու Իրանը, հատկապես Ռուսաստանը հայ ժողովրդին, Հայաստանը սիրում եւ գնահատում են, եւ դա պայմանավորված չէ ոչ Փաշինյանով, ոչ նախկին նախագահներով, այդ երկրներում լավ գիտեն, որ հայերը արարող ժողովուրդ են եւ վտանգ չեն ներկայացնում։  

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One