Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
27.11.20 21:55
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից:

Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One