Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Քանի որ ոլորտն ինձ համար նորություն է, կփորձեմ բանակի դրականը ներդնել այստեղ. ԱԻ նոր նախարար
21.11.20 11:10
Քանի որ ոլորտն ինձ համար նորություն է, կփորձեմ բանակի դրականը ներդնել այստեղ. ԱԻ նոր նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

 

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով:  Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

 

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես  բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One