Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ավելի է սրվել
27.10.20 01:35
Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ավելի է սրվել

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հոգեկան վիճակը, գրում է AP-ը:

Եվրամիության մի քանի պաշտոնյաներ կոշտ քննադատել են Էրդողանի մեկնաբանությունները հանգստյան օրերին, իսկ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ թուրք առաջնորդը պետք է փոխի իր մոտեցումը, եթե չի ցանկանում խափանել իր երկրի հետ երկխոսությունը վերսկսելու ԵՄ փորձերը:

Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը պետք է գլուխը զննի: Նա մեկնաբանություններ է արել ի պատասխան Մակրոնի հայտարարությունների՝ Ֆրանսիայում արմատական մահմեդականների կողմից ստեղծված խնդիրների վերաբերյալ, ովքեր գործնականում օգտագործում են այն, ինչ Ֆրանսիայի առաջնորդն անվանել է «իսլամիստական անջատողականություն»:

Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարել է, որ հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար:

Էրդողանը, հայտարարելով, որ Ֆրանսիայի առաջնորդը «ճանապարհից դուրս է թռել», այնուհետեւ շարունակել է վիրավորական տոնով՝ հորդորելով մահմեդական երկրներին «օգնության հասնել» Ֆրանսիայի մահմեդականներին: Ելույթ ունենալով մարգարեի ծննդյան տարեդարձի տոնակատարության արարողությանը՝ Թուրքիայի ղեկավարը եվրոպական առաջնորդներին մեղադրել է հակաիսլամական քաղաքականություն վարելու մեջ: «Դուք ֆաշիստ եք՝ այդ բառի բուն իմաստով: Դուք իսկապես նացիստական շղթայի օղակ եք»,- ասել է նա՝ դիմելով եվրոպական առաջնորդներին:

Այս ամենը տեղի է ունենում վերջին ամիսներին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աճի ֆոնին՝ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում մարտերը:

ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը Էրդողանի մեկնաբանություններն անվանել է «անընդունելի», իսկ Թուրքիային կոչ է արել «դադարեցնել առճակատման այս վտանգավոր պարույրը»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թուրքիային մեղադրել է սադրանքների, Միջերկրական ծովում միակողմանի գործողությունների, այժմ էլ վիրավորանքների մեջ:

Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ այս ամսվա սկզբին կայացած գագաթաժողովում ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են վերանայել դեկտեմբերին Թուրքիայի պահվածքը եւ սպառնացել են պատժամիջոցներ կիրառել, եթե Էրդողանի սադրանքները չդադարեն:

ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն երկուշաբթի օրը ասել է, որ չի բացառում Էրդողանի վերջին մեկնաբանություններից հետո ԵՄ նախարարների շտապ հանդիպումը: «Մենք հստակ ակնկալում ենք գործողությունների եւ հայտարարությունների փոփոխություններ թուրքական կողմից»,- մամուլի ասուլիսում ասել է Ստանոն:

Եվրամիության մի քանի անդամ երկրների ղեկավարներ համախմբվել են Ֆրանսիայի շուրջ՝ Էրդողանի հետ Մակրոնի վեճում: Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իր երկիրը Ֆրանսիայի կողքին է «հանուն խոսքի ազատության եւ ի հեճուկս ծայրահեղականության ու արմատականության»: Ընդգծելով Գերմանիայի համերաշխությունը Ֆրանսիայի հետ իսլամական ծայրահեղականների դեմ պայքարում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասը Մակրոնին հասցված Էրդողանի վիրավորանքները «նոր մինիմում» է անվանել:

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն ասել է, որ Էրդողանի հռետորաբանությունը «դրդում է կրոնական ֆանատիզմի եւ անհանդուրժողականության՝ հանուն քաղաքակրթությունների բախման, եւ անընդունելի է»:

Այնուամենայնիվ, Ստանոն պնդել է, որ Թուրքիան շարունակում է մնալ «շատ կարեւոր գործընկեր» ԵՄ-ի համար, եւ «ոչ ոք չի շահի հետագա առճակատումից»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One