Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ղարաբաղյան հակամարտությունը նոր շունչ է տվել հայկական միասնականությանը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես․ Foreign Policy
18.10.20 00:05
Ղարաբաղյան հակամարտությունը նոր շունչ է տվել հայկական միասնականությանը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես․ Foreign Policy

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միավորել է հայկական Սփյուռքը՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես՝ նոր շունչ տալով հայկական միասնականությանը:

 

Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ անդրադառնալով Հայաստանից դուրս բնակվող հայերի ակտիվ ջանքերին, որոնք ուղղված են միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությանը հրավիրելուն:

«Մինչդեռ բախումներն ադրբեջանական և հայկական ուժերի միջև շարունակվում են արդեն երեք շաբաթ, երիտասարդները հայկական դրոշներով փողոց են դուրս եկել Բեյրութի «Բուրջ Համուդ» հայկական թաղամասում: Ավելի քան 7000 մղոն հեռավորությամբ ամերիկահայերը ճանապարհներ և մայրուղիներ են փակել Լոս Անջելեսում, դրամահավաք, դեղամիջոցի և սննդի տեսքով օգնության առաքում կազմակերպել Հայաստան, նույնը պահանջել ԱՄՆ կառավարությունից: Աշխարհի հեռավոր անկյուններում բնակվող 7 մլն հայերի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը միավորվելու աննախադեպ ազդակ էր: Հայ երիտասարդներից շատերը նաև հայրենիք են վերադառնում՝ պայքարելու», - նշվում է պարբերականի հոդվածում:

 

«Ողջ աշխարհում, երբ պատերազմ է լինում, մարդիկ փախչում են երկրից: Բայց ոչ հայերը: Հայերը ողջ աշխարհից գալիս են Հայաստան և Արցախ»,- աղբյուրը մեջբերում է լիբանանահայ Գրիգոր Արթենյանին:

«Հաշվի առնելով բոլոր առկա տարբերությունները, սփյուռքահայերի մեծ մասը Օսմանյան կայսրության տարածքում սպանված 1.5 հայերի ժառանգներն են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ, և ներկայիս հակամարտությունը նրանց յուրովի է միավորում: Եվրոպայով մեկ հայերը նույնպես մայրուղիներ են փակում և բողոքի ցույցեր կազմակերպում մայրաքաղաքներում»,- նշվում է հոդվածում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One