Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ
24.09.20 22:31
Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական հաջողությունը և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը մեկխաղյա դիմակայությունում տանը մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 111-րդ րոպեին խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:Առաջին խաղակեսում թիմերը շատ զգույշ էին գործում և աչքի չընկան վառ գործողություններով: Ընթանում էր տակտիկական պայքար, կարծես 2 թիմերն էլ սպասում էին մրցակցի սխալին: Առաջին խաղակեսի զգալի մասը խաղն անցնում էր «Արարատ-Արմենիայի» կիսադաշտում, որտեղ հայկական ակումբի պաշտպանները գնդակը փոխանցում էին իրար: Հանդիպման սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում՝ առանց գոլային պահերի: Խաղի տեմպը բարձր չէր: Առաջին իրական գոլային պահը գրանցվեց 17-րդ րոպեին, երբ հյուրերին չհաջողվեց հարմար դիրքից գրավել Ստեֆան Չուպիչի պաշտպանած դարպասը: «Արարատ-Արմենիայի» դարպասապահը ոտքով հետ մղեց գնդակը: «Ցելյեի» ֆուտբոլիստները մրցակցին դիմավորում էին դաշտի կենտրոնում, ինչի շնորհիվ «Արարատ-Արմենիան» սեփական կիսադաշտում բավական շատ էր վերահսկում գնդակը, բայց սուր գրոհներ սկսել չէր հաջողվում: Հյուրերը բավական կոշտ էին գործում և 24-րդ րոպեին արդեն ստացել էին 3 դեղին քարտ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում: Հաշիվ, որն ամենաշատն էր համապատասխանում առաջին կեսին:Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերին վերջապես հաջողվեց ստեղծել վտանգավոր պահ: Արագ հակագրոհի արդյունքում «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը 49-րդ րոպեին հայտնվեց հարվածային դիրքում, բայց հարվածը շեղ ստացվեց: Ընդմիջումից հետո թիմերը համեմատաբար ավելի ակտիվ էին, թեև դա չէր անդրադառնում գոլային պահերի վիճակագրության վրա: 63-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» նորեկ Ջեյսոն Մարտինեսը փորձեց գլխի հարվածով եզրափակել եզրից կատարած փոխանցումը, բայց հարվածը բարձր ստացվեց: Ժամանակն անցնում էր, և թիմերի զգուշությունն ավելի էր ավելանում, իսկ լուսատախտակի զրոներն արտացոլում էին խաղադաշտում կատարվող գործողությունները: Գրանցվեց 0:0 հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Ավելացված ժամանակի սկզբնամասում «Արարատ-Արմենիայից» մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որի հարվածը շեղ ստացվեց: Մեկ րոպե անց նիգերիացի հարձակվողը կորցրեց իրական գոլային պահ: 99-րդ րոպեին վտանգավոր գրոհ անցկացրին հյուրերը, որոնց ևս չհաջողվեց գրավել դարպասը: Քիչ անց Սերգեյ Վակուլենկոն ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում կարող էր առաջ մղել «Արարատ-Արմենիային», սակայն ուկրաինացի պաշտպանը վրիպեց հարմար դիրքից: Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերը կորցրին ևս մեկ իրական գոլային պահ: Յուսուֆ Օտուբանջոն հարվածային դիրքից որոշեց փոխանցում կատարել, իսկ փոխանցման հասցեատեր Մաիլսոն Լիմային մրցակիցը թույլ չտվեց գրավել դարպասը:

Ավելացված ժամանակի երկրորդ կեսում ևս «Արարատ-Արմենիան» ավելի լավ տեսք ուներ և խաղային առավելությունը կարողացավ գոլի վերածել 111-րդ րոպեին: Աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն: Մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը կարողացան դիմակայել մրցակցի ճնշմանը և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ: Մեկխաղյա դիմակայության հաղթողը կնվաճի խմբային փուլի ուղեգիր:

Աղբյուրը՝ NEWS.am SPORT

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One