Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հայացած կոլումբացին. Ի՞նչ կտա Վբեյմար Անգուլոն Հայաստանի հավաքականին
26.08.20 12:05
Հայացած կոլումբացին. Ի՞նչ կտա Վբեյմար Անգուլոն Հայաստանի հավաքականին

Անգուլոն բավականաչափ հայացած է ու լավ ծանոթ է հայկական մտածելակերպին: Թասիբ, նամուս ասվածը և դաշտում կռվելու ցանկությունը նրա մոտ շատ մեծ է:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը: Երիտասարդ մասնագետը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Վբեյմար Անգուլոյի հետ, իսկ հիմա նաև կոլումբիացի կիսապաշտպանի մարզիչն է և լավ ծանոթ է նրա հնարավորություններին: Ըստ Արմեն Պետրոսյանի՝ 28-ամյա ֆուտբոլիստը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանի հավաքականին:

«Եթե Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները նկատել են նրան, դա արդեն մեծ պատիվ է «Գանձասար-Կապանի» համար: Մեր ֆուտբոլիստների՝ հավաքական հրավիրվելը շատ ուրախալի է, քանի որ մեր ցանկությունն է, որ մեր խաղացողներն օգուտ տան մեր հավաքականին: Ազգային հավաքականը դա այլ հասկացություն է, ազգի ու մեր բոլորիս պատիվն է: 

Ես նաև խաղացել եմ Անգուլոյի հետ և կարող եմ ասել, որ նա շատ բարձր մարդկային ու ֆուտբոլային որակներով մարդ է: Նախորդ մրցաշրջանում նա քիչ խաղաժամանակ էր ստանում մենիսկի վիրահատության պատճառով և վերականգնողական փուլը սպասվածից երկար տևեց, բայց նա մրցաշրջանի վերջնամասից վերադարձավ նախկին մարզավիճակին: Մեր նպատակն այն էր, որ Վբեյմարը պատրաստ լինի և խաղա Հայաստանի հավաքականում:

Կարծում եմ՝ խաղադաշտի կենտրոնում նա մեծ օգուտ կտա հավաքականին: Իհարկե, հավաքականի մարզիչները մեզանից ավելի փորձառու են և կկարողանան ճիշտ օգտագործել նրան: Ես միայն ուրախ եմ, որ հավաքականի մարզիչները նկատել են նրան: Վստահ եմ, որ Անգուլոն  օգտակար կլինի ազգային թիմի համար:

Նա արդեն 5 տարի ապրում է Հայաստանում, բավականաչափ հայացած է ու թասիբ, նամուս ասվածը և դաշտում կռվելու ցանկությունը նրա մոտ շատ մեծ է»,- նշեց մարզիչը:

Արմեն Պետրոսյանի խոսքով, Վբեյմար Անգուլոյից  բացի, «Գանձասար-Կապանի» նվազագույնը 3-4 խաղացողներ կարող են օգտակար լինել Հայաստանի հավաքականին:

«Իհարկե, կցանկանայի, որ իմ թիմի բոլոր խաղացողները հրավիրվեին հավաքական, բայց դա պետք է որոշի ազգային թիմի մարզիչը: Իմ մեծ ցանկությունն է, որ մեր 3-4 խաղացողներ հրավիրվեն հավաքական: Այս պահին հրաշալի մարզավիճակում են նաև Գրիգոր Մելիքսեթյանը, Գեղամ Հարությունյանը, Հայկ Իշխանյանը: Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելը մեծ պատիվ է մեզ համար»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Վերջին տարիներին հայկական ֆուտբոլի ամենաքննարկվող թեմաներից է լեգեոնականների հարցը, սակայն արտասահմանցի ֆուտբոլիստները համալրում են նաև Հայաստանի ազգային հավաքականը: Արմեն Պետրոսյանը նորմալ է վերաբերվում դրան, քանի որ առաջնային է համարում Հայաստանի հավաքականի հաջող ելույթները:

«Ցանկալի է, որ հավաքականում հայերը շատ լինեն, սակայն, եթե կան խաղացողներ, որոնք կարող են օգտակար լինել և բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը, ես վատ առումով չեմ նայում այդ ամենին: Կարող ենք բերել Մարկոս Պիզելիի օրինակը, թե որքան շատ օգնեց նա մեր հավաքականին: Իհարկե, բոլորիս ցանկությունն է, որ ունենանք բազմաթիվ ուժեղ հայ ֆուտբոլիստներ ու ընտրության լայն հնարավորություն, բայց արտասահմանից ժամանած և երկար տարիներ այստեղ խաղացած ֆուտբոլիստները, որոնք լավ ծանոթ են մեր մտածելակերպին, նույնպես կարող են հրավիրվել հավաքական, ինչին ես նորմալ եմ վերաբերվում: Մեզ համար ամենակարևորը մեր հավաքականի հաջող ելույթները տեսնելն է: Ազգային հավաքականը դա ազգի պարծանքն է: Ազգային հավաքականով մեզ ճանաճում են շատ մարդիկ: Վառ օրինակ է Հենրիխ Մխիթարյանը, որի ֆուտբոլային հաջողությունները մեծ ճանաչում են բերել մեր երկրին»,- խոսքը եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Վբեյմար Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավունք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու հարցի շուրջ: Անգուլոն կարիերայի ընթացքում հանդես է եկել կոլումբական ակումբներում, իսկ 2015-ից պաշտպանում է «Գանձասար-Կապանի» գույները:

Դավիթ Եղիազարյան


 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One