Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 8 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.18 AMD
EUR =575.37 AMD
Կորոնավիրուսը խորացրել է սննդի ճգնաժամը. մինչև 2020թ. ավարտն աշխարհում սովից կարող է օրական մինչև 12 000 մարդ մահանալ․ Oxfam
10.07.20 15:00
Կորոնավիրուսը խորացրել է սննդի ճգնաժամը. մինչև 2020թ. ավարտն աշխարհում սովից կարող է օրական մինչև 12 000 մարդ մահանալ․ Oxfam

«Օքսֆամ» բրիտանական մարդասիրական բարեգործական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ մինչ 2020 թվականի ավարտն աշխարհում կարող է օրական մինչև 12  000 մարդ սովից մահանալ։ Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է աշխարհում անհավասարության և սննդի ճգնաժամի խորացման, ինչի մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Մեր ծայրահեղ անհավասար աշխարհում միլիոնավոր մարդիկ են ամեն տարի մահանում սովից։ Կորոնավիրուսը սննդի աճող ճգնաժամի կրակին յուղ է լցրել։ Եթե այժմ չգործենք, ապա մինչև այս տարվա վերջ համավարակի հետևանքով սովից կարող է օրական մինչև 12 000 մարդ մահանալ»,- նշել են կազմակերպությունից։

«Օքսֆամ»-ի տեղեկություններով՝ 2019 թվականին սննդի պակաս է ունեցել մոտ 821 միլիոն մարդ, որից 149 միլիոնը ճգնաժամային իրավիճակներում է այդ խնդրի առաջ կանգնել։

Կազմակերպությունը թվարկել է այն երկրները, որտեղ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սննդային ճգնաժամն էլ ավելի է խորացել․ դրանք են՝ Եմենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆղանստանը, Վենեսուելան, Եթովպիան, Սուդանը, Հարավային Սուդանը, Սիրիան և Հաիթին:

«Միասին դրանք ամբողջ աշխարհում սովի խնդրի հետ բախված մարդկանց 65 տոկոսն են կազմում։  Սակայն ճգնաժամային նոր կետեր նույնպես հայտնվում են։ Միջին եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, նույնպես սովի արագ ավելացող մակարդակ ունեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կամզակերպությունն այժմ առաջարկում է նվիրատվություններ իրականացնել սովի խնդրի առաջ կանգնած երկրների համար։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One