Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 9 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =485.00 AMD
EUR =573.17 AMD
Ստարտափները կարող են վերափոխել հետհամավարակային աշխարհը․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times պարբերականին
14.06.20 16:06
Ստարտափները կարող են վերափոխել հետհամավարակային աշխարհը․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times պարբերականին

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ զրույցում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է տեխնոլոգիական ստարտափների, աշխարհի վերափոխման և փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարի մասին։

Financial Times-ի նախաբանն ու հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում են ստորև.

«Արմեն Սարգսյանն արտասովոր նախագահ է։ Նախ և առաջ, նա աշխարհում պետությունների այն սակավաթիվ ղեկավարներից է, որը խոր գիտելիքներ ունի տեխնոլոգիաների ոլորտում, անվանի գիտնական է և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ տարբերվող մոտեցում ունի։ Թեպետ Հայաստանում նախագահի դերը մեծ հաշվով արարողակարգային է՝ նա օգնում է կապ հաստատել իր երկրի երեք միլիոն բնակչության և ամբողջ աշխարհով մեկ սփռված ութ միլիոն հայության միջև։

Խորհրդային Միության տարիներին Արմեն Սարգսյանը տեսաբան ֆիզիկոս էր: Ստանալով հեղինակավոր Լենինյան մրցանակ՝ նա հետազոտական աշխատանք իրականացրեց Քեմբրիջի համալսարանում՝ Սթիվեն Հոքինգի կողքին։ Նա նաև հայտնի Wordtris-Tetris համակարգչային խաղի համահեղինակն է։ Երբ 1991 թվականին Հայաստանն անկախացավ Խորհրդային Միությունից, Արմեն Սարգսյանը դարձավ իր երկրի առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և եվրոպական մի շարք երկրներում։ Նա նաև եղել է միջազգային բիզնես խորհրդատու և Հայաստանի վարչապետ։

Այս հարցազրույցում Սարգսյանը կոչ է անում ստեղծել փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ՝ հիմք դնելով նորարարական քաղաքականությանը։ Հայաստանը սիրում է իրեն անվանել ստարտափային ազգ, և, Արմեն Սարգսյանի կարծիքով, բոլոր երկրներն այժմ պետք է որդեգրեն ճկուն, տեխնոլոգիաներին միտված մտածողություն։

Նա նաև պնդում է․

Covid-19-ի ճգնաժամն արագացրել է ապագա զարգացումները,
Կառավարությունները պետք է աջակցեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոչ թե՝ պաշտպանեն նախկին արդյունաբերական ճյուղերը,

Էլեկտրոնային կառավարումը կարող է վերափոխել երկրների գործելաոճը,

Ստարտափները կենսական դեր ունեն նորարարությունների առաջխաղացման գործում,
Մենք չպետք է հետին պլան մղենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը,
Ճգնաժամը կնպաստի ինչպես հեռավար առողջապահության, այնպես էլ՝ հեռավար ուսուցման զարգացմանը։

-Իսրայելի նման, Հայաստանը նույնպես երբեմն բնութագրվում է որպես «ստարտափային ազգ»։ Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքել համավարակին։ Ինչպե՞ս է աշխարհը փոխվելու այս ճգնաժամի արդյունքում։

-Իրավիճակը բացառիկ է այն իմաստով, որ այստեղ խոսքը ոչ թե վարակի բնույթի, այլ այն պայմանների մասին է, որոնցում այդ վարակը զարգանում է։ Աշխարհը դարձել է առավել դինամիկ և անկանխատեսելի։ Սրընթաց փոփոխություններ են տեղի ունենում մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում՝ սկսած քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ։

Կորոնավիրուսի ճգնաժամը միայն արագացրեց այս վերափոխումները, քանի որ այն հրատապություն հաղորդեց մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ ստիպելով հարցականի տակ դնել մեր վարքագիծն ու համոզմունքները։ Այդ իմաստով ամբողջ աշխարհում տարածված Covid-19 համավարակն ավելի շատ աշխարհում տեղի ունեցող խոր փոփոխությունների հետևանք է, քան՝ պատճառ։ Ուստի, շատ կարևոր է դիտարկել դրա հիմքում ընկած միտումները։

Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր երկիր ընտրել է կորոնավիրուսի դեմ պայքարի սեփական մեթոդն, ինչը նշանակում է, որ գրանցված արդյունքներն լինելու են տարբեր, հատկապես երբ սահմանները վերաբացվեն, և ճանապարհորդությունները վերսկսվեն։ Ընդհանուր առմամբ, հուսով եմ՝ այս ճգնաժամը կդառնա կատալիզատոր՝ գիտության և առողջապահության ոլորտում առաջնահերթությունների վերագնահատման համար՝ նպաստելով երկու ոլորտների ավելի սերտ ինտեգրմանը: Դժբախտաբար, համավարակը կտրուկ ազդելու է զբաղվածության ոլորտի վրա, քանի որ հնարավոր է՝ տնտեսության վերագործարկման արդյունքում որոշ աշխատատեղեր վերանան։ Հետևաբար, կառավարությունների համար ավելի կարևոր է դառնում նոր տնտեսություններ և նոր աշխատատեղեր ստեղծելու վրա կենտրոնանալը, քան՝ փորձել վերակենդանացնել ժամանակային առումով իրենց սպառած արդյունաբերության ճյուղերը։ Ճկուն աշխատուժ ունենալու խիստ անհրաժեշտությունը մեզ կստիպի վերանայել կրթական և մասնագիտական վերապատրաստումը։ Մենք պետք է արագորեն լուծենք կարևորագույն այս խնդիրները, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել գիտության, կրթության և աշխատանքի՝ երեք այս ոլորտների միջև համագործակցությանը։

Ավելին, վտանգ կա, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամն ուշադրությունը կշեղի կլիմայի փոփոխության հարցից՝ որպես քաղաքական օրակարգի առանցքային թեմա: Այս երկուսն էլ ինչ-որ առումով հակասական կապի մեջ են, քանի որ վերջին երկու ամսվա ընթացքում հանածո վառելիքի օգտագործումը նվազել է։ Իրենց տնտեսական գործունեությունը վերսկսելու՝ երկրների շտապողականությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կլիմայի վրա, քանի որ բնապահպանական կարգավորումներն, ամենայն հավանականությամբ, կմեղմացվեն կամ կչեղարկվեն:

Հիանալի կապ է ստեղծվել հանրային առողջապահության և հանրության բարեկեցության միջև, որ Հայաստանը և ամբողջ աշխարհը փորձում են ապահովել։

Այս աննախադեպ իրավիճակում մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք հասարակության խոցելի շերտի՝ մարդկանց վրա, ովքեր զրկված են կայուն եկամուտ ստանալու հնարավորությունից։ Այդ մարդկանց, ինչպես նաև անորոշության հետևանքով տուժած մյուս խմբերին ուղղված մեր անկեղծ ու մշտական աջակցությունը պետք է դառնա վերականգնման անբաժանելի նախապայման:

-Ի՞նչ դեր կարող են ունենալ ստարտափները հետճգնաժամային տնտեսության համար։

-Ստարտափները շարունակելու են առանցքային դեր խաղալ հետհամավարակային աշխարհում։ Ցավալի իրականությունն այն է, որ յուրաքանչյուր երկրում աճելու է գործազրկության մակարդակը։ Ընկերությունները ստիպված են լինելու լարել իրենց ուժերը չխորտակվելու համար՝ միաժամանակ կրճատելով հետագա ծախսերը և փորձելով հարմարվել ապրուստի, սպառման և աշխատանքի նոր ձևերին։ Ինչպես և 2008 թվականի ճգնաժամից հետո, այս անգամ ևս մարդիկ ստիպված կլինեն գնալ առավել մեծ ռիսկերի և գործարկել նոր ընկերություններ, քանի որ հնարավոր է՝ նրանք չկարողանան վերադառնալ իրենց հին աշխատանքին։ Կառավարությունները պետք է ամեն կերպ խրախուսեն ռիսկի դիմելու նման ձևերը, քանի որ այդ ընկերությունները կարող են օգնել մեզ՝ գնալ նորարարությունների և առավել արդյունավետ ապրել ու աշխատել հետհամավարակային աշխարհում։ Դա կարող է լինել ներդրողների համար հարկային արտոնությունների սխեմաների ստեղծման տեսքով, որպեսզի նրանք առավել մեծ կապիտալ հատկացնեն այս ստարտափներին: Կամ էլ կարող է արտահայտվել յուրաքանչյուր երկրում էկոհամակարգի աջակցությամբ՝ հավաստիանալու, որ գործում է իրավական, կրթական և տեխնոլոգիական ճիշտ միջավայր: Նման քաղաքականությունը կարևոր է գործազուրկներին աշխատատեղով ապահովելու համար, ինչպես նաև հնարավորություն տալ մեզ՝ արագորեն փոխվելու հին տնտեսությունից դեպի նորը։

Շարունակությունն՝ այստեղ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One