Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 1 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
«Երեք խոզուկները» հեքիաթն ամենապահանջվածն է
24.05.20 00:17
«Երեք խոզուկները» հեքիաթն ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Մանկական բեսթսելերի առաջին հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» երկրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, ինչը նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

 
ԳՈՎԱԶԴ
00:18
Իմանալ ավելին

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդական աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերներ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

 

«Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին, չորրորդ հորիզոնականում է: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ոգով որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Հինգերորդ հորիզոնականում է «Գայլը և յոթ ուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է: Գրիմ եղբայրների հեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին» վեցերորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր և մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ՝ չար Վաշիվոշի, վհուկների և կախարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա փորձություններով լի արկածները…

Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և Լուսինը» ութերորդ տեղում է: … Փոքրիկ Պետրոսիկը շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում՝ յուրաքանչյուրին խոստանալով Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

Իններորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Տասներորդ տեղում է Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»: Պիպիի մասին պատմություններով մանկական գրականություն մուտք գործելով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One