Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական. հայտարարություն
22.05.20 18:43
Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական. հայտարարություն

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Վերջին շրջանում դատական բարեփոխումների կապակցությամբ հանրային քննարկումների շրջանակում առանձին գործիչների կողմից քննադատության խոսքեր են հնչեցվում դատական իշխանության` ընդհանրապես և Բարձրագույն դատական խորհրդի հասցեին մասնավորապես, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հետևյալը.

Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա, ուստի Խորհրդի գործունեության վերաբերյալ հանրային սպասումները պետք է հիմնվեն այս պարզ ճշմարտության վրա:

Կարևորելով տարբեր կարծիքների և քննադատական խոսքի առկայությունը ժողովրդավարական գործընթացներում՝ միաժամանակ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդին և դատավորներին ուղղված քննադատությունը պետք է լինի առարկայական, այլ ոչ թե հիմնված ենթադրությունների, անորոշ և անհիմն ընդհանրական գնահատականների ու մեղադրանքների վրա:

Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքը կազմակերպել և շարունակում է կազմակերպել թափանցիկության սկզբունքով, բաց է ցանկացած քննարկման համար, որը կարող է նպաստել դատական իշխանության արդյունավետ գործունեությանը։

Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեռևս երկու շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից հանդիպման հրավեր է ուղարկվել դատական իշխանության վերաբերյալ վերջին շրջանում առավել քննադատական ելույթների հեղինակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, սակայն նրա կողմից այդպես էլ արձագանք չենք ստացել: Այնուամենայնիվ, կարևորելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումները, որպես դատական իշխանության բարեփոխման կարևորագույն գրավական, Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ բաց է ցանկացած կառուցողական երկխոսության և քննարկման համար։

Չցանկանալով մեկ առ մեկ պատասխանել Բարձրագույն դատական խորհրդի վերաբերյալ հնչող քաղաքական, ընդ որում շատ դեպքերում սուբյեկտիվ գնահատականներին, հանրությանը կրկին ու կրկին հավաստիացնում ենք, որ Խորհուրդը գործում է և գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, զերծ է մնալու քաղաքական գործընթացներին ներքաշվելուց և շարունակելու է իրականացնել իր վրա դրված բարձր և մինույն ժամանակ խիստ պատասխանատու առաքելությունը»։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One