Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 4 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =504.50 AMD
EUR =551.62 AMD
Կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը, իրականության լուսաբանումը շատ ավելի է փրկում իրավիճակը. ինչպես են արտակարգ դրության ժամանակ այլ երկրներում աշխատում լրագրողները
26.03.20 20:36
Կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը, իրականության լուսաբանումը շատ ավելի է փրկում իրավիճակը. ինչպես են արտակարգ դրության ժամանակ այլ երկրներում աշխատում լրագրողները

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արտակարգ դրության՝ կոչ անելով, որոշ դեպքերում պարտադրելով պետական, կոմերցիոն, կրթական հաստատություններին հնարավորության դեպքում անցնել հեռավար գործունեության:

 

Ամբողջ աշխարհում հեռավարին անցնելու առաջին քայլերն արեցին լրատվամիջոցները: Հայաստանն էլ այս հարցում բացառություն չէր:

Հայաստանում արտակարգ դրություն հաստատվելուն պես՝ ՀՀ կառավարությունը ներկայացրեց նաև լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող սահմանափակումներ, որոնք ըստ իշխանությունների՝ պետք է նպաստեին, որ երկրում բացառվի խուճապը:

 

Հայաստանում լրատվամիջոցներին վերաբերող կարգավորումները դժգոհություն առաջացրեցին ինչպես երկրի մեդիա փորձագետների, լրագրողների, այնպես էլ միջազգային կառույցների մոտ:

Tert.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են այլ երկրներում աշխատում լրագրողները, արդյո՞ք այնտեղ էլ կառավարությունները հասարակությանը մատուցվող տեղեկատվությունը ենթարկում են գրաքննության:

Ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաընկերության «Կապիտալ» տնտեսական հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Իանիթսկիյը՝ խոսելով իրենց երկրում հաստատված արտակարգ դրության մասին՝ պատմեց, որ ինքն ամեն ինչ անում է հեռակա կարգով, միայն շաբաթը մեկ պարտավոր է լինել նյուզրումում (աշխատասենյակ):

«Ավելի վաղ մենք հրավիրում էինք մեր հյուրերին մեծ տաղավար, բայց հիմա մենք օգտագործում ենք մեր փոքր սենյակը և հարցազրույցներ ենք անում Սքայփով կամ Վայբերով»,- նշեց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցի վարկանիշը դրանից չի ընկնում, պարզապես հեռուստատեսային պատկերն է դառնում անորակ:

Ուկրաինայում, ըստ Անդրեյ Իանիթսկիյի, լրագրողներին տեղեկատվության տարածման վերաբերյալ ոչ մի կարգավորում, սահմանափակում չկա:

«Դու կարող ես գրել ամեն ինչ, բայց ապատեղեկատվության համար կարող ես տուգանվել»,- ասաց նա:

Հայտնելով իր կարծիքը Հայաստանում եղած սահմանափակումների, եղած պատժաչափերի մասին՝ ուկրաինացի լրագրողը նշեց, որ գուցե փափուկ սահմանափակումներն օգնեն խուճապ առաջացնելուց և ապատեղեկատվություն տարածելուց խուսափելուն: «Բայց արդեն կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը»,- ասաց նա:

Վրաստանում, ըստ ազատ լրագրող Յանա Իսրայելյանի, պանդեմիան մոբիլիզացրել է հասարակության բոլոր շերտերին. բոլոր գլխավոր խաղացողները անսպասելիորեն ցույց տվեցին լավ օրինակ, այդ թվում և լրագրողները: Նրանց մոտ արտակարգ դրությունը սահմանված է մեկ ամսով՝ մինչև ապրիլի 21-ը:

«Հասարակությունը ստանում է ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է կատարվում համաճարակով քաղաքում: Լրագրողների համար ոչ մի սահմանափակում չկա»,- ասաց նա:

Յանա Իսրայելյանի խոսքով՝ պետական համակարգերը պարբերաբար ներկայացնում են մանրամասն տեղեկատվություն:

«Համաճարակի վերահսկման կենտրոնի ղեկավարը, գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը և այլ բժիշկներ ամեն օր հանդիպում են լրագրողների հետ և պատասխանում նրանց հարցերին: Բացի այդ՝ եթե լրագրողները ցանկանում են իրավիճակի մասին ավելին իմանալ, հրավիրում են մասնագետների իրենց հեռուստատեսային տաղավարներ և ուղիղ եթերով հարցազրույցներ անում կամ էքսկլուզիվ հարցազրույցներ անում օնլայն լրատվամիջոցների համար»,- ասաց նա:

Բացի պաշտոնական տեղեկատվությունից, ըստ Յանա Իսրայելյանի, Վրաստանում լրագրողները տվյալներ են օգտագործում բաց աղբյուրներից և սոցիալական ցանցերից:

«Բացի այդ՝ ԶԼՄ-ները մեկնաբանություններ են վերցնում օտարերկրյա փորձագետներից Եվրոպայից և ԱՄՆ-ից,- ասաց նա՝ նշելով, որ նման փոխադարձ  համագործակցությունը հասարակության բոլոր շերտերի միջև շատ ոգևորող է,- ժողովուրդը վստահ է, որ իրեն չեն խաբում, այլ ամեն ինչ արդար ձևով ներկայացնում են»:

Յանա Իսրայելյանը, անդրադառնալով Հայաստանում եղած ԶԼՄ սահմանափակումներին, նշեց, որ դրանք շատ տարօրինակ են:

«Իհարկե, խուճապ ստեղծել պետք չէ: Մեզ մոտ, օրինակ, կա հեռուստաընկերություն, որ միշտ գրում է, որ ամեն ինչ վատ է և խուճապ է ստեղծում... բայց ոչ ոք այդ լրատվամիջոցին չի սահմանափակում: Պարզապես լսարանն է իր ընտրությունը կատարում՝ հետևե՞լ այդ լրատվամիջոցին»:

Վրացահայ լրագրողի դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է, որ լրագրողը լինի պրոֆեսիոնալ մակարդակում:

«Եթե նա հետևում է ստանդարտներին, և նրանից պահանջում են, որ հեռացնի լրագրողական նյութը, ապա դա վատ է: Այսինքն՝ լրագրողն ունի իրավունք՝ ընտրել իր զրուցակցին, բայց նա պատասխանատվություն չի կրում վերջինիս արտահայտած մտքի համար»,- ասաց նա:

Մոլդովայում արտակարգ դրությունը սահմանված է 60 օրով՝ մինչև մայիսի 15-ը:

Մոլդովացի լրագրող Ստեֆան Գրիգորիտայի խոսքով՝ իրենց մոտ էլ լրագրողական աշխատանքը կատարվում է հեռավար տարբերակով:

«Մարդիկ տանն են ամբողջ օրը, ոչ մի վայր, բացի խանութներից, այցելություններ չեն թույլատրվում: Որոշ խիստ անհրաժեշտ դեպքերում բացառություններ արվում են»,- պատմեց նա:

Մոլդովայում, ըստ նրա, լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումներ ևս սահմանվել են:

«Հեռուստաընկերություններին և ռադիոյին լիցենզիաներ տվող խորհուրդը պարտադրել է լրատվամիջոցներին օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից, ինչպես առողջապահության նախարարությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն են: Կարծիք չպետք է օգտագործենք»,- ասաց նա:

Ստեֆան Գրիգորիտայի խոսքով՝ այնուամենայնիվ, այդ կարգավորումները չեն կարող ստիպողական ուժ ունենալ լրագրողների համար:

«Դա ամենաշատ քննադատված որոշումն է»,-ասաց նա՝ նշելով, որ մեդիայի կողմից իրականության լուսաբանումը շատ ավելի է փրկում իրավիճակը, քան ընդունված որոշումները:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն էր հայտնել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ մարտի 23-ին Հայաստանում ընդունված Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթների առնչությամբ:

«Ես ամբողջովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը` խուսափել խուճապից և ագրեսիայից և պայքարել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է վճռորոշ դեր խաղան բնակչությանը կարևոր տեղեկություններ հաղորդելու գործում և պայքարեն համավարակի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ: Օրենքը չպետք է խանգարի լրագրողների աշխատանքին և նրանց կողմից համավարակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարողությանը: Միայն իշխանությունների տրամադրած տվյալների հրապարակումը խիստ սահմանափակող քայլ է, որը սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,-հայտարարել էր ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One