Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հրայր Թովմասյանի հեռացումը դրականորեն կազդի ներդրումային միջավայրի վրա
28.02.20 14:27
Հրայր Թովմասյանի հեռացումը դրականորեն կազդի ներդրումային միջավայրի վրա

Կարեն Կարապետյանի կառավարությունից «ժառանգություն» մնացած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենապարկեշտ, բայց եւ ամենակոնֆորմիստ նախարարներից է։ Նա հա՛մ ուզում է մաս կազմել հեղափոխական կառավարությանը, հա՛մ էլ քաղաքական պատասխանատվություն չկրել այդ կառավարության քայլերի համար։ Օրինակ՝ վարչապետին հաճոյանալու համար «դուխով» հայտարարում է, որ հանրաքվեն ճիշտ է, պետք է իսկապես ազատվել ՍԴ գործող կազմից ու Հրայր Թովմասյանից, որովհետեւ Թովմասյանը խանգարում է ներդրումներին։ Երեկ մեր զրույցը հարթ չընթացավ՝ նախարարը կեսից որոշեց խուսափել տհաճ հարցերից։ Ներկայացնում ենք զրույցը՝ բառացի։

- Պարո՛ն Խաչատրյան, Դուք՝ որպես կառավարության անդամ, մասնակցելո՞ւ եք քարոզչական պրոցեսին, հանրաքվեին։

 
 

- Որոշված չի, հետեւաբար, ավելի ուշ կպատասխանեմ Ձեր հարցին։ Դեռ ժամանակ կա։

- Իսկ ի՞նչ պետք է որոշվի։

- Թե ով ինչ պետք է անի։

- Հանրաքվեին կմասնակցե՞ք՝ որպես քաղաքացի։

- Այո։

- Իսկ կո՞ղմ եք լինելու հանրաքվեով Սահմանադրության տվյալ հոդվածի փոփոխությանը։

- Այո։

- Վաղո՞ւց էիք կողմ, Ձեր մեջ վաղո՞ւց էր այդ ցանկությունը հասունացել՝ ՍԴ ներկա կազմից ազատվել հանրաքվեի միջոցով։

- Եկեք էդ դետալների, մանրամասների մեջ չանցնենք։ Դուք դիրքորոշման մասին եք հարցնում, ես էլ պարզաբանում եմ։

- Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է Ձեզ մոտ այդ ցանկությունն առաջացրել, որ կողմ լինեք հենց այդ մի հոդվածի փոփոխությանը։

- Ձեզ հայտնի բոլոր այն պատճառները, որոնք կառավարության կողմից հրապարակայնորեն հնչեցվել են։

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է ՍԴ գործող կազմից ազատվել, նրանք գնան, ուրիշները գան, բայց հստակ բացատրություն չի տրվում, թե ինչու։

- Եթե որեւէ կառավարության եւ վարչապետի կողմից առայսօր հնչեցված բոլոր պարզաբանումները, որոնք, կարծում եմ՝ բավականին հստակ են եղել, հստակ չեն, ապա նախաձեռնող խումբը, որ կազմակերպական աշխատանքների ընթացքում անելիքներ ունի նաեւ, կտա լրացուցիչ պարզաբանումներ, հուսով եմ՝ Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններն առաջիկա շաբաթների ընթացքում կստանաք։ Բայց խնդրում եմ՝ տնտեսական հարցեր տվեք…

- Տնտեսական հարց եմ տալիս՝ ի՞նչ եք կարծում, Հրայր Թովմասյանի գնալով եւ ՍԴ գործող կազմի փոփոխությամբ Հայաստանում ներդրումներ կլինե՞ն, կավելանա՞ն ներդրումները։

- Դուք տնտեսական հարց չեք տալիս, տալիս եք էնպիսի հարց, որ ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ գնահատելու համար պետք է էն հարցերում, որոնք հասարակության սոցիալական եւ քաղաքացիական, ինչո՞ւ չէ՝ նաեւ քաղաքական մեծ զգայունություն ունեն, ունենան հանգուցալուծումներ։ Գիտեք, որ բավականաչափ երկար ժամանակ բաց հարց է, որի արդեն որոշման հորիզոնը նաեւ նախանշված է՝ ժողովրդի կողմից որոշում կայացնելու տեսանկյունից, եւ դա, իհարկե, ներդրումային գրավչության եւ միջավայրի տեսանկյունից շատ կարեւոր ժամանակային կետ է, որովհետեւ էդ հստակեցումը մարդկանց ե՛ւ տրամադրությունների, ե՛ւ հետագա որոշումների ու գործողությունների վրա էական դրական ազդեցություն կթողնի։

- Ինչո՞վ է խանգարում Հրայր Թովմասյանի գոյությունը գործարար միջավայրին։

- Ես, ինձ թվում է, Ձեզ պատասխանեցի, ասացի, որ գործարարների համար հարցեր կան եւ, ընդհանրապես, գործարար հանրության համար, որոնք կարող են էապես ազդվել էդ իրավիճակից։ Մեկ որոշակիությունն է շատ հստակ, որ այլեւս էդ հարցին չեն վերադառնալու եւ չեն անդրադառնալու, եւ երկրորդը՝ արդարության եւ նման գնահատականները․․․ Բայց Դուք Ձեր հարցերը խնդրում եմ շարունակեք վերադարձնել էն դաշտ, որն իմ իրավասությունների տիրույթում է։

- Հենց Ձեր իրավասության տիրույթում եմ հարցնում, որովհետեւ մենք պարբերաբար ինչ-որ սպասման մեջ ենք․ մե՛կ ասացին՝ խորհրդարանը պետք է փոխվի, որ ներդրումներ լինեն, հետո ասացին՝ կառավարության կազմը պետք է փոխվի, որ ներդրումներ լինեն, տնտեսությունը զարգանա, հիմա էլ, փաստորեն, Հրայր Թովմասյանը պետք է գնա, որ ներդրումներ լինեն։

- Դուք ինձ չեք հարցրել ներդրումներ լինելու մասին, Դուք ինձ հարցրել եք՝ ներդրումային գրավչության տեսանկյունից ինչպես կազդի, ասել եմ՝ դրականորեն։

- Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ կազմի փոփոխությունը դրակա՞ն կազդի ներդրումային դաշտի վրա, ավելի գրավի՞չ կդարձնի ներդրումային միջավայրը։

- Սահմանադրական դատարանի վերաբերյալ հստակեցումը ներդրումային միջավայրի տեսանկյունից, վստահաբար, դրական հանգուցային կետ է։

- Դուք պարբերաբար շփվում եք գործարարների հետ, նրանք երբեւէ իրենց մտահոգությունը հայտնե՞լ են Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ։

- Ես էդ հարցը գործարարներին չեմ տալիս, մեր շփումներն ուրիշ տիրույթում են։

- Այդ դեպքում ինչի՞ց գիտեք, որ ՍԴ գործող կազմն ազդում է ներդրումային միջավայրի վրա։

- Ընդհանուր ներդրումային գրավչության վերաբերյալ եւ միջավայրի վերաբերյալ իմ մասնագիտական գիտելիքներից։

- Իսկ ի՞նչ եք կարծում, հիմա որ ՍԴ կազմը փոխվի, թվային պատկերով ինչպիսի՞ փոփոխություն կունենանք տնտեսության մեջ, ներդրումային դաշտում։

- Ներդրումային դաշտում քանակային ցուցանիշները չափվում են բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, մենք ասել ենք, որ առաջիկա տարիներին կանխատեսում ենք ներդրումների զգալի աճ այսօրվա վիճակի համեմատությամբ։ Բոլոր նախադրյալներն առկա են՝ ազդող բոլոր գործոնների առումով դրական առաջընթաց ունենալու համար, եւ մենք տարեցտարի տեսնելու ենք էդ քանակական ցուցանիշների բարելավումը նույնպես։ Եթե Դուք ուզում եք քանակական գնահատականների լեզվով, ապա կառավարությունն իր ծրագրում խոսել է այդ մասին, եւ 2023 թվականին լինելու են ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 25 տոկոս հիմնական միջոցներում ներդրումներ, եւ եթե էդ կանխատեսումն իրականություն չդառնա, ապա նաեւ այն բազմաթիվ գործոնները, որոնց ազդեցությունը մեր կողմից թվարկված է եղել, ունեցած կլինեն որոշակի մեկնաբանությունների կարիք, որոնք որ ժամանակի ընթացքում բոլոր պատասխանատու պաշտոնյաները կտան։ Այսինքն՝ պատասխանն ինձնից լավ գիտեք, որ դա 15 կամ 30 օրով չափելի չէ։ Բայց էն, որ հենց հաջորդ օրը տրամադրություններն ավելի հստակ կլինեն, դա փաստ է։

- Իսկ դատախազ Արթուր Դավթյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ նախկինից մնացած մյուս պաշտոնյաների պաշտոնավարումը չի՞ ազդում ներդրումային միջավայրի վրա։

- Դուք շարունակեցիք տալ հարցեր, որոնք որ իմ պաշտոնական մեկնաբանությունների դաշտում չեն, եւ եկեք էստեղ կանգ առնենք։ Ես հասկացա, որ Դուք շարունակելու եք տալ ինձ չվերաբերող հարցեր էնքան ժամանակ, մինչեւ ես կհեռանամ, ես դա պատրաստվում եմ անել։

- Նախկինում է՞լ էր Հրայր Թովմասյանը խանգարում ներդրումային միջավայրին, երբ Դուք տնտեսական զարգացման նախարարությունում փոխնախարար էիք։

- Ես ասացի, որ չեմ պատրաստվում պատասխանել։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One