Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.05 AMD
EUR =519.43 AMD
Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, պետք է դիմի իրավապահ մարմիններին. Նիկոլայ Բաղդասարյան. «Փաստինֆո»
04.02.20 18:17
Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, պետք է դիմի իրավապահ մարմիններին. Նիկոլայ Բաղդասարյան. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության և «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարեց, որ շարունակում է մտահոգված լինել ՀՀ ՍԴ-ին վերաբերող իրավիճակով և կիսում է ԵԽԽՎ-ի՝ օրերս տարածած հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

- Գիտեք, տեքստի բովանդակությունից, որը ես ընթերցել եմ և համացանցում տեղադրված է եղել, չեմ կիսում այն կարծիքը, որ այնտեղ ինչ-որ մտահոգություն կա։

 

- Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահն ուղիղ հայտարարում է, որ շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի ՍԴ-ին առնչվող բաց կոնֆլիկտի առկայությամբ։

- Վարչապետի աշխատակազմի և ՍԴ-ի միջև , տեքստին ես ծանոթ եմ...

- Ջիանի Բուքիքիոն հիշեցրել էր 2019 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի մեխանիզմը պետք է իսկապես կամավոր լինի , բացառվեն դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները և, որ նախագիծը չպետք է ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել էր, որ այդ չափանիշններն ապահովված չեն, արդյոք սա մտահոգություն չէ՞։

- Տեսեք, վաղաժամ թոշակի գնալու գործընթացի տրամաբանությունը հետևյալն է, երբ հասարակությունը պահանջարկ ունի, որպեսզի դատական համակարգի նկատմամբ վստահություն ձևավորվի, դատավորները տեսնում են, որ վստահությունը իրենց հանդեպ ցածր է, ասում են՝ մենք դուրս ենք գալիս վաղաժամ պայմանական թոշակի, որպեսզի զոհաբերելով իրենց աշխատանքը, նոր դատավորներ ընտրելով, բարձրացնեն դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Սա երկկողմ, եռակողմ համաձայնության խնդիր է, ոչ թե մեկը մյուսին ճնշելու, այլ՝ մեկը մյուսի հետ համաձայնության գալու խնդիր, դա անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է։

 
 

- Բայց ՍԴ դատավորներից առնվազն մի քանիսը հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից և չեն պատրաստվում գումար ստանալ չաշխատելու համար։

- Եթե իրենց կամարտահայտությունը չկա դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում, ուրեմն էդ գործընթացը չի կարող ունենալ հաջողություն։ Այսինքն, եթե մենք արձանագրում ենք, որ դատական համակարգը վստահություն չի վայելում, այդ փաստը արձանագրվեց, եթե դատավորները չեն ուզում աջակցել նրան, որպեսզի վստահությունը բարձրանա, իսկ իշխանությունները քայլը արել են, ասել են՝ մենք պատրաստ ենք այդ քայլին դիմելու, ինչ-որ հնարավորություն են տրամադրել դատավորներին, դատավորները քայլը չեն ընդունում, ուրեմն՝ չի ստացվի այդ գործընթացը։ Վտանգավոր բան չկա, դա ոչ թե դատական իշխանության դեմ է, այլ ընդհակառակը՝ դատական իշխանությանն աջակցելու համար է, եթե դատական իշխանությունը ցանկանում է։ Պարտադիր պայման է, որ դատական իշխանությունը ցանկանա դեատական համակարգի, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնել, եթե ինքը չի ցանկանում, բնական է, իշխանությունն այդտեղ ոչինչ չի կարող անել։

 

- Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին օրերի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում վերը նշված չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն, վաղաժամ կենսաթոշակային սխեմայի՝ իրապես կամավոր լինելուն և դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները բացառելուն։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

 

- Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է , պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ ասի, որ ես նման տվյալներ ունեմ։

- Դուք կարծում եք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը պետք դիմի ՀՀ իրավապահ մարմինների՞ն։

- Ես կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, ինքը պետք է բարձրաձայնի այդ փաստերի վերաբերյալ և մեր իրավապահ մարմիները քննություն կատարեն այդ փաստերի վերաբերյալ։ Դուք՝ որպես լրագրող, դա նույնպես գիտակցում եք, այսինքն, ես չեմ կարող ասել՝ ճնշում կա լրագրողի նկատմամբ և ոչ մի փաստ չունենամ չէ՞։ Պետք է փաստեր լինեն, հակառակ դեպքում, ցանկացած մարդ կարող է ասել, որ ճնշում կա դատարանի վրա, լրագրողների վրա, պատգամավորների վրա ... հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում այս դեպքում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One