Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 8 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.12 AMD
EUR =546.92 AMD
Ինչո՞ւ է աղմկում Փաշինյանը
14.01.20 19:51
Ինչո՞ւ է աղմկում Փաշինյանը
 

 

168.am-ը գրում է.

 

168.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության որոշ անդամներ և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ  պատգամավորներ, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե ամենօրյա շփման մեջ են, որպես բանագնացներ՝ ամիսներ շարունակ բազմաթիվ փորձեր են արել՝ նրան համոզելու հետ կանգնել ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մտքից։

Հասկանալով, որ Ա. Վանեցյանն իր որոշումը կայացրել է, չի մտափոխվում, ավելին, առաջիկայում հանդես է գալու քաղաքական-հասարակական մեկնարկի մասին հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանն իր սեփական լրատվամիջոցով հրահանգում է նման հրապարակում անել, թե իբր իր ընտանիքի անդամների դեմ մամուլում և սոցիալական ցանցերում եղած հրապարակումները Վանեցյանի նախաձեռնությամբ են եղել։

««Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ` Աննա Հակոբյանի, և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»,- գրել է Փաշինյանների ընտանեկան թերթը։ Դրան հաջորդեց, իհարկե, Փաշինյանի ավագ դստեր գրառումը, որին հասարակությունը շատ կոշտ արձագանքեց, ծափերով չընդունեց։

Ա. Վանեցյանը այդ ամենին ի պատասխան՝ Ինստագրամ» սոցիալական ցանցում պատասխանեց.

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:
Պատիվ ունեմ:

Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

Իշխանական թիմում խուճապային տրամադրություններ են։ Նրանցից շատերին այժմ անհանգստացնում է նաև Փաշինյան-Վանեցյան հակամարտությունը, որը, բնականաբար, չի կարող ավարտվել «Հայկական ժամանակ»-Մարիամիկ-Փաշինյան-Վանեցյան այս կարճ կամ մեկ-երկու հոդվածներով կամ ֆեյսբուքյան գրառումներով։

Մի մասը գիտակցում է, որ այս կերպ իշխանությունը տանուլ են տալիս, և փորձում է հնարավորինս չներքաշվել որևէ բանի մեջ և հրապարակային ասպարեզում չերևալ։

Մի մասը փորձում է հնարավորինս տեղեկացված լինել՝ արագ և ժամանակին կողմնորոշվելու համար, որովհետև նրանցից շատերը հասկանում են՝ չլիներ այս հեղափոխություն-իշխանափոխությունը՝ նրանք ոչ պատգամավորական մանդատ, ոչ էլ նախարարական պորտֆել ունենալու մասին անգամ չէին կարող երազել։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունների ներսում միմյանց հետ փակ ու ներքին զրույցներում ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս «Դև» բառով են նրան կոչում։

Որքան էլ հանդուրժում են կամ արտաքուստ ցույց չեն տալիս, սակայն ՔՊ-ականներին դուր չի գալիս նաև Փաշինյանի՝ իրենց հետ վիրավորական, փողոցային արտահայտություններով զայրույթի դրսևորումները։ ՔՊ-ականները չեն հասկանում նրա տրամադրությունների փոփոխականության, դժգոհությունների պատճառները, քանի որ, եթե իրենք փորձում են հնարավորինս աշխատել, ապա նա «սելֆիի» ձողը ձեռքին՝ անընդհատ էստեղից-էնտեղից լայվ է մտնում, չի էլ աշխատում, պարզապես ելույթներ է ունենում «ոչնչի» մասին։ Նույնիսկ կատակում են, թե «վախենում է կաբինետում նստել, որովհետև չգիտի՝ ինչպես աշխատել»։ Այն դեպքում, երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, դեռ նախկին իշխանություններից մնացած որոշումներն ու նախագծերն են (ճանապարհների կառուցում, վերանորոգում, և այլն) իրականացնում, նախկինների թողած ռեսուրսն են մսխում, նոր որևէ բան չի արվում։

Ով-ով, բայց նրանք շատ լավ գիտեն, որ ներդրումների մասին խոստումները և խոսակցությունները «օդ» են, «աննախադեպ» ցուցանիշները՝ առավել ևս, և դրան զուգահեռ՝ հասարակության դժգոհությունն է ավելանում, մարդիկ այլևս գործ և ոչ թե խոսքեր-ելույթներ են ակնկալում։ «Մերժիր Սերժին»-ն արդեն մոտ երկու տարի ավարտվել է, մարդիկ իրական գործեր են պահանջում։

Ֆեյսբուքյան որոշ ակտիվ օգտատերերի և խմբագիրների էջերը, էլեկտրոնային նամակագրությունը կոտրելու փաստից հետո ՔՊ-ականները ոչ միայն իրենց և Փաշինյանի նամակագրություններն են կրկնօրինակում, այլև հնարավորինս մաքրում են, որպեսզի պաշտպանված լինեն։ Նրանք մտավախություն ունեն, որ Փաշինյանի կասկածամտությունը միայն ընդդիմախոսներով չի ավարտվի, այլև թիմակիցներին էլ կստուգի՝ ներխուժելով նրանց անձնական նամակագրությունների մեջ։

Առավել ևս, որ, ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը, Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է սկսել հավաքագրել Սահմանադրական դատարանի որոշ դատավորների, նախկինում այդ դատավորների ունեցած արտաամուսնական կապերի մասին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում: Թիմում վստահ են, որ մի օր էլ նման գործիքներ իրենց դեմ կարող են կիրառվել։

Եվ ամենակարևորը։ Դեռևս դեկտեմբերի վերջին Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ ԱԱԾ-ի  անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն Փաշինյանի նկատմամբ։

Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ տվյալը գրեթե ճշգրտորեն (19․3) կրկնել է վերջերս իրական ամերիկյան «Գելլափ» ընկերության անցկացրած հատուկ հարցման տվյալները։

Մենք տեղեկացրել էինք նաև, որ ըստ նույն աղբյուրների՝  հարցման պատվիրատուի (այսինքն՝ կառավարության) ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեկ-երկու օր հապաղել է վարչապետին տվյալները ներկայացնել՝ կանխատեսելով նրա զայրույթը։ Եվ հենց այդ մեկ-երկու օրում էլ գաղափար է առաջացել, այսպես կոչվող՝ «կոոպերատիվ Գելլափի» հարցումը հրապարակել, որպեսզի Փաշինյանը հավատա այն թվերին, որոնց կուզեր հավատալ։

Տարեմուտի այդ դաժան «նվերն» անհետևանք չմնաց. թեև դեռևս պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տրվել, այնուամենայնիվ, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց այդ արդյունքներն էլ եղան պատճառ, որպեսզի Ամանորից անմիջապես հետո՝ հունվարի 9-ին, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարի պաշտոնից իր ազատվելու մասին.

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։

Եվ սա՝ այն դեպքում, երբ տարիների մտերմություն ունեին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի կանայք, և ըստ ներքին խոսակցությունների՝ շատ հարցերի կուրացիան հենց կանանց և Վ. Կարապետյանի միջոցով էր արվում մեդիա դաշտում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One