Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Ո՞ւմ շահերն է ներկայացնում ԷԺԱՆ քարոզ անող ԹԱՆԿյան Սերժը
18.08.19 20:20
Ո՞ւմ շահերն է ներկայացնում ԷԺԱՆ քարոզ անող ԹԱՆԿյան Սերժը

Սերժ Թանկյանը միջազգային մասշտաբով միջինից բարձր կարգի ռոք երաժիշտ է։ Նրա վոկալը վատը չէ, թեև հիմա տակը բան չի մնացել։ «Toxicity»ալբոմից (2001թ.) հետո Թանկյանն արդեն ձայն «չուներ»։ Ընդամենը փորձում էր նախկինում ձեռք բերած իմիջը մսխել։

Նրա բախտը բերեց, որ Դարոն Մալաքյանի պես կիթառահարի հետ համագործակցեց։ Պատահական չէ, որ Սերժի անհատական նախագծերը չունեցան այն հաջողությունը, ինչը որ արձանագրվեց «System of a Down»–ի դեպքում։

«SOAD»–ը էքսպերեմենտալ կամ ալտերնատիվ մետալում (երբեմն այն կոչում են նյու մետալ) ուրույն խոսք ասաց, բայց, միևնույն է, «thrash metal»–ի լայն սեգմենտում նրանք շատ հետ մնացին «Slayer», «Metallica», «Megadeth», «Anthrax» և նմանատիպ այլ ամերիկյան մետա խմբերից։ Ամեն դեպքում, շատ լավ է, որ հայկական կազմով հայտնի ռոք խումբն իր տեղն ունեցավ աշխարհի ռոք քարտեզի վրա։

Սերժ Թանկյանը ռոքից բացի՝ այլ գործերով էլ է զբաղվում։ Օրինակ՝ քաղաքականությամբ։ Նաև՝ բնապահպանությամբ։ Աշխարհում վաղուց նորաձև է դարձել, որ շոու–բիզնեսի մարդիկ իրենց վարկանիշը բարձրացնելու համար որևէ բնապահպանական կամ կենդանիների պաշտպանության գործով են զբաղվում, բարեգործություն անում և այլն։ Մեր իծամորուքը մտել է բնապահպանության մեջ՝ զրոյական գիտելիքներ ունենալով այդ ոլորտից։

Ու եթե ռոքում Թանկյանի վոկալը գնահատել էր լեգենդար կիթառահար Թոնի Այոմին՝ «հևի մետալի» «պապիկ» հանդիսացող «Black Sabbath» խմբից և նրան ներգրավել իր «Iommi» սոլո–նախագիծ (Թանկյանը ալբոմում ներկայացված էր «Patterns» երգով), ապա քաղաքականության ու բնապահպանության մեջ Թանկյանը պարզապես ծիծաղելի է։ Նաև՝ վտանգավոր։

Թե ում շահերն է պաշտպանում Թանկյանը, դժվար է ասել։ Համենայնդեպս, ոչ Հայաստանի։

Թանկյանը հեղափոխության օրերին եկավ այստեղ, շոու ցույց տվեց, սելֆիներ ունեցավ, ծիկ արեց, պոպուլիստական «մուտիտներ» կազմակերպեց, սուտ խոստում տվեց, թե բա՝ տուն առնեմ, որպեսզի Հայաստանում երկար ժամանակ անցկացնեմ, և ծլկեց։

«Թավշյա» հեղափոխությունից հետո նրա ծպտունը գրեթե չէր լսվում, բայց ահա, պարզվում է, որ նա Ամուլսարն է ուզում պաշտպանել։

Ամուլսարի հանքի հետ կապված տարբեր կարծիքներ կան։ Ոմանք ուզում են, որ այն չբացվի։ Օբյեկտիվ հիմքեր ունե՞ն արդյոք այդ մարդկանց ցանկությունները՝ այլ խոսակցության թեմա է։ Սա մեր ներհայաստանյան թեման է, և ինքներս պետք է որոշում կայացնենք։ Բայց Թանկյանն իրավունք չունի ՀՀ–ի հետ կապված հեռվից վարքագիծ թելադրել։

Թանկյանը որպես բնապահպան է ներկայանում, բայց դա պոպուլիզմ է, ոչ ավելին։

Ի դեպ, Ամուլսարի հանքավայրի աշխատանքին դեմ են Սորոսի հայաստանյան թևերը, թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով Հայաստանում քողարկված ձևով զբաղվող «ռազմահայրենասերները» և էլի մի քանիսը։ Մյուսներն ընկել են սրանց ջրերը։

Երբ Թանկյանը հայտարարում է, թե պետք է թույլ չտալ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, հարց է առաջանում՝ իսկ ի՞նքը պետք է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անի, պետբյուջեն լցնի, աշխատատեղեր բացի, բանակի համար սպառազինություն ապահովի և մեր երկրի անվտանգությունն ապահովի։

Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ Ադրբեջանում, երբ նրանց երգիչներից կամ երգչուհիներից մեկը (օրինակ՝ հայ ժողովրդի արևելյան կլկլոցներ սիրող հատվածի կուռք Զեյնաբ Խանլարովան) հայտարարեր, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը շահագործի նավթի հանքերը, քանզի դա լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում։

Նավթի արդյունահանումն, իրոք, բնապահպանական տեսանկյունից վատ հետևանքներ է թողնում, բայց եթե որևէ Խանլարովա այնտեղ դեմ գնար հանքի շահագործմանը, այսինքն՝ փաստացի ադրբեջանական բանակի զինմանը, ապա նրան «կփակեին» երկար ժամանակով ու իրենց տեսանկյունից ճիշտ կանեին։

Իսկ եթե մեր «խանլարովաներն» այստեղ դեմ են, որպեսզի փող մտնի տնտեսություն, ու բանակը կարողանա բարձրացնել իր մարտունակությունը, ապա նույն Ադրբեջանում դեմ չեն լինի խրախուսել սերժթանկյանների «բնապահպանական» պոռթկումները, քանզի սերժթանկյանները մեր թիկունքից են կամա թե ակամա գործում Ադրբեջանի օգտին։ Ինչևէ։

Թանկյանի վարքագիծը Ամուլսարի մասով հուշում է, որ մի կեղտոտ բան կա այդ ամենի տակ։ Ինչպես կյանքը ապացուցեց, պետք է լսել Թանկյան Սերժի էժան քարոզն ու հասկանալ, որ դա ընդամենը դատարկ փիառ է և խաբեբայություն։ Հայաստանում շատ ժամանակ անցկացնելու խոստման պես։ Չենք ուզում ավելի վատ բան մտածել։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One