Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը
18.08.19 23:26
Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 18-ին, մեծ հանդիսավորությամբ նշել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծել է. «Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու տերունի ու տաղավար տոներից է և առանցքային նշանակություն ունի մեր քրիստոնեական հավատքի համար։ Նախ այս իրողությունը մեր Փրկչի հրաշափառ Հարությունից հետո, մահկանացուներիս միջից առաջին հարության դեպքն է։ Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»։

Վազգեն եպիսկոպոսը նաև հատկանշական է համարել, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին. «Հիսուս Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն Սուրբ Հաղորդության խորհրդի համար։ Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն առատ բերքատվության համար։ Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One