Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Այսօրվանից Տավուշի թեմի առաջնորդարանում մեկնարկում է«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը
12.08.19 16:19
Այսօրվանից Տավուշի թեմի առաջնորդարանում մեկնարկում է«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը

«Արի բացահայտելու ապրող Հաղարծինը» կարգախոսի ներքո անցկացվող այս մեկ շաբաթը հոգևոր-մշակութային միջոցառումների  մի յուրօրինակ տոն է, որն ամեն տարի կայանում  է նույն գաղափարի շուրջ համախմբված «կանաչ  շապիկներով» երիտասարդների՝ կամավորների շնորհիվ։

Միջոցառման պատասխանատու Լիդիյա Մանթաշյանը Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարվա փառատոնն աննախադեպ է հատկապես իր կամավորների թվով: Նրա խոսքով, կամավորության հայտ ներկայացրած 280 երիտասարդներից ընտրել են 80-ին՝ հնարավորություն տալով  նրանց նաև ինքնադրսևորվելու:

Մեր զրուցակիցն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նախատեսված են նաև զրույցներ հրավիրյալ հյուրերի հետ. «Օրինակ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է մեր հյուրը լինելու, Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն է գալու» :

 «Մեր երիտասարդներն Հաղարծնում հավաքվել են մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնել վանքն այնպես, ինչպես ոչ-ոք չգիտի: Մենք չենք ներկայացնում տարեթվեր, ճարտարապետական կառույցը (այս առումով մեր բոլոր վանքերն ու եկեղեցիները գրեթե նույնն են), մենք ներկայացնում ենք Հաղարծնի այն հոգևոր ժառանգությունը, որն ունենք 10-րդ դարից սկսած և ներկա ապրող Հաղարծինը՝ իր երիտասարդներով, ազգային երգ ու պարով, վարպետաց դասերով»,- մանրամասնեց ծրագրի պատասխանատուն:

Փառատոնի օրակարգը հագեցած է. կանցկացվեն վարպետաց դասեր՝ փայտի փորագրություն, խաչքարագործություն, կավագործություն, գորգագործություն, մետաքսանկարչություն, կարպետագործություն, ինչպես նաև Հաղարծնի գաթայի պարտաստում և  ցուցադրություն:

 Հոգևոր հայրերը երիտասարդների հետ տարբեր զրույցներ կանցկացնեն:

Օգոստոսի 15-ը կնշվի որպես մանուկների օր, երբ երեխաները երգ ու պարով հանդես կգան, ելույթներ կունենան, կլինի տիկնիկային թատրոն:

Օգոստոսի 16-ն էլ՝ զինվորների օրն է. կլինեն միջոցառումներ զինծառայողների մասնակցությամբ, ինչպես նաև ելույթ կունենա զինվորական նվագախումբը:

Իսկ տոնական շաբաթվա յուրաքանչյուր օրը կմեկնարկի ժամերգությամբ և կավարտվի խոկման  արարողությամբ:

 Փառատոնի ավարտին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի և խաղողօրհնեքի հանդիսավոր արարողության առիթով սուրբ պատարագ կմատուցի:

Ռուզաննա Ղազարյան

analitik.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One