Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Նոր տրենդ՝ որոշ պատգամավորներ ու նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում. Էլինար Վարդանյան
08.08.19 15:40
Նոր տրենդ՝ որոշ պատգամավորներ ու նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում. Էլինար Վարդանյան

Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարակությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին:

 

Եվ որպես հետևանք՝ Հայաստանում արդեն գրեթե յուրաքանչյուրն իրեն դատավոր է կարգել և հրապարակային դատավճիռներ է կայացնում:

Սա ակնհայտ է դառնում, երբ ուսումնասիրում ես քաղաքական հանրային դեմքերի հայտարարությունները:

 

Երբ անհիմն հայտարարություններ արվում են հասարակության լայն շերտերի կողմից, դա կարելի է բացատրել սոցցանցերում ինքնադրսևորման անհաջող փորձերով, բայց երբ հանրային դեմքերը որպես հաստատված ճշմարտություն են ներկայացնում իրենց վարկածներն ու եզրահանգումները, ապա դա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիայի վկայություն է, այլ ծանր հարված է պետական ինստիտուտներին:

Տրենդ սա է. որոշ պատգամավորներ, նոր քաղաքական դեմքեր նաև «քննիչ» են, «դատախազ» և «դատավոր», ՍԴ և ՄԻԵԴ որոշումներ են կայացնում: Այս գործելաոճը ծանր հարված է հասցնում պետության հիմքերին, երկրում իրավական տեռորի հիմք դնում:

Արդեն ավանդույթ է դարձել մեղավորներ նշանակելը, հրապարակային մարդկանց արժանապատվությունը ոտնահարելը, բարի համբավը արատավորելը, սուտ մեղադրանքներ ներկայացնելը, փաստերը խեղաթյուրելը: Եվ հետո, որպես վերջին ակորդ՝ պահանջել կամ դիմել իրավապահներին քրեական գործ հարուցել։ Սա բառիս բուն իմաստով 21-րդ դարի 37 թվականն է։ 37-ի էությունը սա է եղել, մնացածը տեխնիկական տարբերություններ են։

Երբ եղավ դատարանների շրջափակման կոչերը, անցանկալի դաավորներից ազատվելու կոչերը, ես ասել եմ, որ սա շատ ավելի խորքային վտանգ է, քան մեկ-երկու քրեական գործերը, մեկ-երկու ցանկալի դատավճիռ ստանալու ձգտումը։

Այսօրվա մթնոլորտը և այսօրվա միտումները նաև դատական համակարգի ցուցադրական արժեզրկման և դատական համակարգի ուղղորդված հարձակումների հետևանքն է։

Պաշտոնյաների այսպիսի անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը խարխլում են քաղաքակիրթ հանրային տրամադրությունները:

Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ. սա ունի նաև ավելի վտանգավոր փուլ՝ աստված չանի, այս նույն մարդիկ կամ նրանց ազդեցության տակ գտնվողները մի օր էլ որոշեն, որ դատավճիռներն ի կատար ածողներն էլ են իրենք:

Չհամարեք սա չափազանցություն. ամեն փուլ սովորաբար ունենում է իր տրամաբանական զարգացման շղթան։

Հ. Գ. Գրելու ընթացքում ուզում էի ասածիս մեկ-երկու օրինակ նշել։ Ընթացքում հասկացա, որ դրանց թիվը մի քանի տասնյակ է, մեկը մյուսից վտանգավոր։ Եվ հնարավոր չէ նշել մեկը, ստորադասելով մյուսները։ Պատրաստ եմ այլ ձևաչափերով ավելի բացել ասածս, ցույց տալու այն վտանգավորության պոտենցիալը, որի մեջ ընկղմվում ենք բոլորս։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One