Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել. պարզաբանում
16.07.19 13:50
Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել. պարզաբանում

Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Նշենք, որ օրերս Երեւանում մեկնարկեց նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռեւս 2017 թվականին եւ որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ  2017 թվականի մարտի 17-ին Երեւան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն, սակայն դրանից ոչ առաջ եւ ոչ էլ հետո որեւէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու եւ ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին:

2018 թվականի հունիսին՝  իշխանափոխությունից հետո, «Ռենկո» ՍպԱ ընկերության ղեկավարությունը դիմել էր գործող կառավարությանը առաջարկությամբ՝ ֆինանսավորող վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջների ու պայմանների քննարկման համար, ինչը ընդունվել էր ներկայիս իշխանության կողմից եւ համաձայնագիրը վերաբանակցվել էր՝ հաշվի առնելու համար վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջները։

Բանակցությունները ավարտվել են  2018 թվականի սեպտեմբերին, որից հետո  2018 թվականի նոյեմբերի 13-ին սահմանված կարգով այն վերակնքվել էր փոփոխված եւ վերաշարադրված տեսքով: Վերաբանակցվել էր նաեւ համաձայնագրով նախատեսված սակագինը, ինչի արդյունքում փոփոխված եւ վերաշարադրված շրջանակային համաձայնագրի կնքման պահի դրությամբ գործող գազի գների պարագայում սակագինը նվազեցվել էր 6.02 ԱՄՆ ցենտից մեկ կՎտժ-ի դիմաց՝ մինչեւ 5.7 ԱՄՆ ցենտ, որի արդյունքում տարեկան կտրվածքով 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել:

2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության եւ վարկատուների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի, Դի-Ի-Ջի Դոյչե Ինվեստիցիոնս ունդ Էնթվիկլունսգեզելշաֆտ կազմակերպության եւ ՆԱԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամի հետ կնքվել է ուղղակի պայմանագիր: Ֆինանսավորման ամփոփումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսի 14-ին:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ծրագրի կատարման որեւէ ուշացում կամ գործընթացի կասեցում չի եղել, բանակցությունները տեւել են մոտավորապես 2 ամիս, ծրագիրը փոփոխության չի ենթարկվել, շինարարական աշխատանքները ինտենսիվ ձեւով սկսվել են 2019 թվականի մարտից եւ որեւէ ձեւական բնույթ չեն կրում:

Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է իտալական «Ռենկո» ՍպԱ-ի եւ «Սիմեստ» ՍպԱ-ի եւ գերմանական Սիմենս Փրոջեքթ Վերչըրս ԳմբՀ ընկերությունների կողմից, իսկ մնացած գումարը ներգրավվելու է կառուցապատողի կողմից վերը նշված վարկային կազմակերպություններից:

Շինարարությունում ներգրավված է լինելու շուրջ 1000 աշխատող: Կառուցապատման ժամկետը Շրջանակային համաձայնագրի համաձայն կազմում է 25 ամիս:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One