Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա. Գագիկ Մակարյան. yerkir.am
08.07.19 20:09
Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա. Գագիկ Մակարյան. yerkir.am
Աղբյուրը՝ yerkir.am

Իշխանափոխությունից հետո տարվա կտրվածքով մոտ 10 տոկոսով թանկացել է անշարժ գույքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: «Բայց պահանջարկն ավելի է բարձր էր, քան 10 տոկոսի հարաբերակցությունը. պահանջարկի մասով ակտիվության ցուցանիշը 30 տոկոս-40 տոկոսի սահմանում էր: Իսկ թե ինչու 30 տոկոս թանկացում չֆիքսվեց, որովհետև ակտիվությունն այլ բան է, գույքի մշտական ձեռքբերման որոշումը՝ այլ»,-նշեց նա:

Հանդիպմանը ներկա Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ վերջերս ուսումնասիրել են հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները և համոզվել, որ դրանք հիմնականում գտնվում են 12 տոկոսի սահմանում: «Իհարկե, Ազգային հիպոթեքային հիմնադրամի դեպքում կարող է մի քիչ պակաս է, բայց թե բանկերը դրանով կաշխատեն, թե իրենց սեփական միջոցներով: Էականն այն է, որ եթե բանկերն իրենց սեփական միջոցներն են տրամադրում, ապա կայուն տոկոսադրույք կարող է 3 տարի լինել, հետո արդեն լողացող տոկասադրույքի մեխանիզմներ են կիրառում: Բայց ամենախոչընդոտող հանգամանքներից մեկն այն է, որ պահանջվում է 250.000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ սա նշանակում է, որ մարդ առնվազն 320.000 դրամ աշխատավարձ պիտի ստանա, մինչդեռ երիտասարդների և այսօրվա քաղաքացիների մեծ մասն այդքան աշխատավարձ դեռ չի ստանում: Իհարկե, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է շեմերի վրա ազդել, բայց այս մասն էականորեն դեռ չի փոփոխվի»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և բիզնես միջավայրի բարելավմանը, Գագիկ Մակարյանը նշեց՝ «ժամանակը փող է» պարզ ճշմարտությունը բիզնեսը հասկանում է, բայց իշխանությունը՝ ոչ: «Պետական մարմինները շատ ավելի կարող են կարևորել իրենց վերադասին կամ ինչ-որ առիթով մի նամակի պատասխան գրելը, քան այդ նույն ժամանակը ծախսել կարևոր ռեֆորմների, քննարկման վրա՝ ինչ-որ  թույլտվությունների ըմբռնման տեսանկյունից»,-ընդգծեց Մակարյանը:
 
Ինչին «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը հավելեց՝ ՀՀ-ում պետական պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտ գոյություն չունի:
 
Ինչ վերաբերում է գույքահարկի բարձրացմանը , Բաղդասարյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ դրան վատ է վերաբերվում: «Բարձրացմանը բացասական եմ վերաբերվում, քանի որ պետական պաշտոնյայի ինստիտուտ ձևավորված չէ, և հիմար նախաձեռնությունները բերվում է օրակարգ, մի վեց ամիս պայքար գնում, հետո հետ է քաշվում, թե սա չանցավ: Այսինքն՝ ինտելեկտուալ ուժերն անընդհատ պայքարի մեջ են չմտածված քայլերի և սահմանափակումների հետ կապված: Ինչ վերաբերում է գույքահարկին, ապա ՀՀ-ում սպառողական զամբյուղը փոխկապակցված չէ, մինչդեռ այն պետք է փոխկապակցված լինի բոլոր տուգանքների հետ: Այսինքն՝ գործում է պատասխանատվության ինստիուտը՝ առանց իրավունքի և հակառակը: Վաղուց ժամանակն է հասարակության հաշվին ճեղքվածքներ և այլ խնդիրներ կարգավորելուց, որպես գործարար կարող եմ ասել, որ խնդրի լուծումը աշխատող ձեռնարկությունների քանակի մեջ պիտի դիտարկվի: Ամբողջ աշխարհում գույքահարկը գույքը պարապուրդի չմատնելու, խելացի օգտագործելու և պետությանը, բիզնեսին և քաղաքացին շահ բերելու նպատակով է»,-ընդգծեց նա:
 
Գագիկ Մակարյանն այստեղ ուշադրություն հրավիրեց Երևանի քաղաքապետարանի ուռճացված ապարատին և հավելավճարին, ըստ նրա՝ գովելի կլիներ գույքահարկի բարձրացումը, եթե վստահություն լիներ, որ այն ուղղվելու է Երևանի համայնքների զարգացմանը, ինչը չկա: «Եթե ուղղակի գնում է գույքահարկի բարձրացում, որը կբերի բյուջեի լավացման, որ հետո ավելի հավեսով ծախսեն, դա ոչինչ չի նշանակելու: Մենք պետք է ոչ թե գնանք ուղղակի գույքահարկի բարձրացման  և ոչ մեկին չլսենք, այլ ԱԺ-ում սա գոնե պետք է քննարկվի, քանի որ այն ժողովրդի ձայնը ներկայացնող մարմին է»,-շեշտեց նա:
 
Գագիկ Մակարյանին  չեն հետաքրքրում տնտեսական աճի ցուցանիշները, որովհետև դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ ոչինչ չասող են: «Մենք պետք է տեսնենք, որ կառավարությունը շատ արագ և կարևոր որոշումներ է ընդունում, որոնք 1-2 տարի հետո տնտեսությանը մեծ թափ կհաղորդեն: Ավելի լավ է հիմա տնտեսական աճը 3-4 տոկոս լինի, բայց տեմպը լինի շատ բարձր, որ իմանանք՝ 2-3 տարի հետո այդ ցուցանիշը 10 տոկոսից ավելի է լինելու, բայց այդ դինամիկան դեռ չենք տեսնում: Պետական ապարատում տնտեսա-ինժեներական մտքի դեֆիցիտ կա, քանի որ հումանիտար կրթությամբ ղեկավարներն այսօր գերիշխում են, այս դեպքում գոնե իրենց վրա պիտի արագ աշխատեին, բեռը չպետք է մնա միայն վարչապետի վրա, համապատասխան նախարարները պետք է ակտիվ աշխատեն, որ համակարգային զարգացման մոդելը ստեղծվի»,-եզրափակեց նա:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One