Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Ինձ համար միշտ էլ միայն ավտոմատով կռվելը բավարար չի եղել.Գագիկ Ասլանյան
29.06.19 10:08
Ինձ համար միշտ էլ միայն ավտոմատով կռվելը բավարար չի եղել.Գագիկ Ասլանյան

Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:  Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Ռազմական ավիացիայի ներկայիս խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցեցինք  ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ:

Պարո՛ն Ասլանյան, «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ և ռազմաօդային ուժերի ամբողջ անձնակազմին ռազմաավիացիոն ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ: ԶՈՒ ավիացիան ձևավորման հերոսական ուղի է անցել` թրծվելով Արցախյան պատերազմի թոհուբոհում: Ինչպե՞ս կգնահատեք մեր ռազմական օդաչուների մարտական պատրաստության ներկայիս վիճակը:

-Հայ օդաչուներին բնորոշ է ամեն մի թռիչքից առավելագույնն ստանալու ձգտումն ու հաստատակամությունը: Սա վկայում է, որ մեր ռազմական օդաչուները ոչ միայն իրենց գործի վստահ ու արհեստավարժ գիտակներն են, այլև մեծ ոգևորությամբ են վերաբերվում իրենց երկրի անվտանգությունն ապահովելու գործին: Եթե մարտական խնդիրներին լիարժեք տիրապետող անձնակազմերը նաև հոգեբանորեն են պատրաստ, ուրեմն ցանկացած պահի պատվով կկատարեն իրենց առջև դրված յուրաքանչյուր խնդիր:

Ուժերի ներկայիս հարաբերակցությունը բազմիցս շահարկվել ու շարունակում է շահարկվել հարևան պետությունների կողմից: Մեր երկրի  պաշտպանունակության խնդիրն այս տեսանկյունից շատերին է հետաքրքրում: Այս առումով ի՞նչ անելիքներ ունի  և ի՞նչ է անում մեր ռազմական ավիացիան:

-Ժամանակակից պատերազմներում հաջողության հասնելու համար չի ենթադրվում ուժերի հարաբերակցության հավասարեցում: Լավ է, իհարկե, որ գերակշռես տեխնիկայի քանակի և որակի առումով, սակայն, եթե քանակական առումով հակառակորդիդ գերակշռելու հնարավորություններն անսահմանափակ չեն, անհրաժեշտ է ունենալ գերակշռություն որակական առումով, որը ենթադրում է նաև նոր պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորում: Այսօր բազմաթիվ փոփոխություններ ու թարմացումներ կան հատկապես մարտական զորամասերում: Պահանջները ավելացվել են, խնդիրների կատարման ժամկետները` կրճատվել:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱշխատում ենք, որ մեր բնագավառում այս առումով հաջողություններն այնպիսին լինեն, որ մեր հավանական հակառակորդի ցանկացած քայլին համարժեք պատասխան տանք: Արդի պատերազմների վարման առանձնահատկություններ, մարտավարության խնդիրներ, համապատասխան պահանջներ կան: Այս ամենը հաշվի ենք առնում, գնահատում  ենք ու համապատասխանաբար չեզոքացնում  թույլ և ամրացնում զորատեսակի ուժեղ կողմերը: Մի բան կարող եմ վստահորեն ասել՝ խնդրի իրագործման առումով մեր ԶՈՒ ավիացիան կգործի բարձր արդյունավետությամբ:

Պարո՛ն Ասլանյան, Դուք ռազմաավիացիոն համալսարանի առաջին շրջանավարտներից եք, ինքնուրույն թռիչք իրականացրած առաջին կուրսանտն եք: Ի՞նչ զգացողություններով եք այժմ այցելում Ձեր հարազատ ռուհը: Ի՞նչ կարևոր նախաձեռնություններ կան ռազմական կրթության ոլորտում:

-Անկախ Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը, առանց չափազանցության, կարելի է համարել Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական համալսարանը՝ մեր ռազմական օդաչուների դարբնոցը: Առանձնահատուկ հպարտություն է այն, որ այստեղ է ձեւավորվում զինված ուժերի օդաչուների ամբողջ համակազմը:

Անշուշտ, հաճախակի եմ լինում իմ հարազատ ռուհում, հետևում կրթական գործընթացին: Իմ խնդրանքով, ռազմական ավիացիոն համալսարանի հարգարժան պետը` պարոն Բալայանը, հանձնարարականներ է տալիս, և միասին ծրագրում ու իրականացնում ենք որոշակի փոփոխություններ: Անցյալ տարվանից արդեն համալսարանում պատրաստում ենք անօդաչու թռչող սարքերի մասնագետներ: Ավարտելուց հետո նրանք կմեկնեն զորամասեր` որպես անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների ղեկավարներ: Նրանք ոչ թե անմիջականորեն պետք է  ծրագրավորում իրականացնեն կամ կառավարեն թռիչքային միավորները` ԱԹՍ-ները, այլ պետք է ունակ լինեն ղեկավարելու և համակարգելու դրանց գործարկման ամբողջ աշխատանքը:

Շփումները մեր կուրսանտների հետ անչափ ոգևորիչ են լինում թե՛ իրենց, թե՛ ինձ համար, քանի որ, ինչպես նշեցիք, ինքս էլ նույն համալսարանի առաջին շրջանավարտներից եմ: Մեր ռազմական օդաչուների այսօր ձևավորվող սերունդը շատ ավելի անկաշկանդ է դատողությունների, հետաքրքիր հարցադրումների առումով: Մտովի համեմատություն եմ անցկացնում երկու սերունդների միջև: Տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած նոր սերնդի ավիացիոն համալիրները թե՛ ժամանակի և թե՛ հավելյալ ջանքերի խնայողություն են: Այս իմաստով ներկայիս համակարգչային դարաշրջանը մեր երիտասարդներին ինքնակրթության, ինքնազարգացման զգալիորեն ավելի լայն հնարավորություններ է տալիս:

Դասախոսական կազմը նույնպես մշտապես կատարելագործվում ու իր արհեստավարժությունն է բարձրացնում: Նրանք անմիջական և գործնական մասնակցություն են ունենում կուրսանտների պատրաստման բոլոր փուլերում:

Շարունակաբար կատարելագործում ենք համալսարանի ուսումնանյութական բազան: Կարծում եմ, որ առաջիկայում է՛լ ավելի կհագեցնենք այն` առավելագույնս համապատասխանեցնելով ռազմական օդաչուների ուսուցման արդի պահանջներին:

Որո՞նք են կուրսանտների` որպես ապագա մասնագետների  պատրաստության ամենակարևոր բաղադրիչները:

-Հարկ է նշել, որ օրգանական կապ կա ռազմական կրթահամալիրի և ուսումնական ու մարտական զորամասերի միջև: Այժմ, ուսումնական գործընթացին զուգահեռ, ընթացքում է երիտասարդ մասնագետներին նաև մարտական զորամասերում պատրաստելու ծրագիրը: Ապագա սպան` օդաչուն կամ ինժեները, այսպիսով, անմիջականորեն շփվում է մարտական օղակի սպաների հետ,  ավելի լավ է պատկերացնում իր դերակատարումն ու խնդիրները, որոնց լուծումն ստանձնելու է  մարտական անձնակազմերի շարքերը համալրելուց հետո: Մարտական ինքնաթիռների կամ ուղղաթիռների թռիչքային պատրաստությանը մասնակցելը, մարտական շունչն  զգալը անգնահատելի փորձառություն է նրանց համար:  Առաջիկայում մենք կուրսանտական անձնակազմի համար անմիջականորեն մարտական տեխնիկայով ուսումնամարզական թռիչքներ իրականացնելու հնարավորություն կստեղծենք:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՊարո՛ն գնդապետ, մեր զրույցներից մեկում պատմել եք, թե Արցախյան ազատամարտի օրերին ինչպես էիք զոհվածների հուղարկավորության ընթացքում ընկերներով, դեռևս դպրոցական պատանիներ, պատվո պահակ կանգնում: Գիտեիք` ինչ է կատարվում ռազմի դաշտում, ում դեմ ենք պատերազմում, ինչն ենք պաշտպանում կամ ազատագրում…

-Ինձ համար միշտ էլ միայն ավտոմատով կռվելը բավարար չի եղել, այդ պատճառով որոշեցի այնպիսի կրթություն ստանալ, որ ավելի մեծ խնդիր կատարելու, հակառակորդին ավելի հուժկու հարված հասցնելու հնարավորություն ունենամ: Այսպես ընտրեցի օդաչուի մասնագիտությունը: Գուցե որպես  քաղաքացիական օդաչու նույնպես օգտակար լինեի հայրենիքիս, բայց ինձ պետք էր հենց երկրի պաշտպանության գործում իմ լուման ունենալ:

Այս պահին էլ շարունակում եմ հաճախակի թռիչքներ իրականացնել, մշտապես աշխատում եմ ինքնակատարելագործման ուղղությամբ, քանի որ վերադասը միշտ պետք է լավ օրինակ լինի ենթակաների համար: Վարչության պետի և գործող օդաչուի պարտականությունների համատեղումը ենթադրում է, որ իմ փորձն ու գիտելիքները պետք է փոխանցեմ ենթականերիս: Փորձում եմ հնարավորինս շատ լինել մարտական զորամասերում: Տեղում հաճախակի հանդիպումներ եմ կազմակերպում, ստուգում կրտսեր սպայական կազմի թե՛ տեսական գիտելիքները և թե՛ թռիչքային հմտությունները: Վարչության պետի պարտականություններից զատ, հաճախակի եմ լինում հրահանգչի, թռիչքները վերահսկող մարմնի դերում: Փորձում եմ համակարգված աշխատանքի արդյունքում է՛լ ավելի հաճախակի դարձնել մասնակցությունս այս գործընթացներին: Դա նաև անչափ ոգևորում է մարտական ստորաբաժանումների անձնակազմերին: Հանդիպումները շատ անմիջական են լինում, քանի որ թռիչքային մի խցիկի մեջ մե՛կ բարձրաստիճան սպայի հետ ես լինում, մե՛կ կրտսեր հրամկազմից օդաչուի հետ: Հաճախակի հանդիպումներ եմ ունենում մարտական զորամասերում գործնական պարապմունքներ իրականացնող կուրսանտական անձնակազմի հետ. այս ընթացքում տարբեր մասնագիտական հարցեր ենք քննարկում: Մեր կուրսանտները շատ զարգացած են. հաճախ հարցեր են տալիս տարածաշրջանի, նոր պատերազմների վարման առանձնահատկությունների մասին: Առաջին դեմքից այս ամենն իմանալը ոգևորում է ու, միաժամանակ, ճիշտ պատկերացում է ձևավորում այս ամենի վերաբերյալ:

…Ինձ մեծապես վարձատրված եմ զգում հենց միայն նրանով, որ կարևոր գործ անելու,  իմ փորձը ներդնելու հնարավորություն ունեմ:

Որպես նորանշանակ վարչության պետ, խնդրում եմ, նշեք Ձեր ներկայիս աշխատանքային առաջնահերթ ուղղությունները:

-Ունենք ռազմական ավիացիայի  զարգացման նոր մոտեցումներ, նոր տեսլական, որի իրականացումն ընթացքի մեջ է: Հսկայածավալ աշխատանքներ են ընթանում նոր համակարգերի ձևավորման, դրանց պահանջների բազմակողմանի ուսումնասիրման առումով: Առայժմ ձեռնպահ կմնամ ասածս հստակեցնելուց, քանի որ այս ամենը դեռ լրամշակման փուլում է: Աշխատանքները ենթադրում են կադրային, ուսումնական, նյութատեխնիկական համալիր աշխատանքներ: Կասեմ միայն, որ ԶՈՒ ավիացիան լուրջ առաջընթացի, զարգացման միտումներ ունի: Այս ամենի ապահովումը ենթադրում է թե՛ գաղափարական և թե՛ գործնական բազմաբնույթ աշխատանքներ: Մեր ամբողջ ուժերն այժմ ուղղված են  այդ գործընթացը կազմակերպելուն, համակարգելուն: Այս ամենի մեջ ակտիվ մասնակցություն ունեն նաև ԶՈՒ ԳՇ և ՊՆ  այլ ստորաբաժանումներն իրենց ղեկավարներով, քանի որ, գաղտնիք չէ, զարգացումը ներդաշնակ  և համակարգային պետք է լինի: Նշված բոլոր կառույցներին ուզում եմ շնորհակալություն հայտնել`  աշխատանքներին գործուն մասնակցություն ունենալու, աջակցության և գործընթացն ըստ արժանվույն կարևորելու համար: Խոսքիս ավարտին ասեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մեր զինված ուժերի ավիացիան համապատասխանի արդի ամենաբարձր պահանջներին, զսպիչ գործոն լինի ցանկացած սադրանքի դեպքում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝  ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One