Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Սփյուռքի երիտասարդները՝ Հայաստանի հասակակիցներին
25.06.19 10:10
Սփյուռքի երիտասարդները՝ Հայաստանի հասակակիցներին

Միացյալ Նահանգներում 15 տարի առաջ ստեղծված Հայաստանի մանուկների հիմնադրամը ոչ միայն օգնում է հայ մանուկներին, այլեւ եզակի հնարավորություն ընձեռում Սփյուռքի երիտասարդների համար իրենց ներդրումն ունենալու Հայաստանի զարգացման գործում: Այս մասին Նյու Յորքում անցած հիմնադրամի բարեգործական երեկոյի ընթացքում հայտարարեց ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը.

«Հիմնադրամը երիտասարդներին գործելու հնարավորություն է տալիս ու նաեւ դրա շնորհիվ մենք ունենք այսօր նոր, ավելի լավ Հայաստան, Հայաստան, որով բոլորդ կարող եք հպարտանալ: Առաջին անգամ ինքս էլ կարող եմ ասել, որ հպարտ եմ այսօրվա Հայաստանով: Նախկինում երբեք նման բան չէի կարող ասել»:

Բարերարի խոսքով, միջոցառման նպատակն է խթանել Սփյուռքի երիտասարդության կապը Հայաստանի հետ: Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» Սփյուռքին հատուկ հպարտությամբ է լցրել, նշում է Գարո Արմենը.

«Ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այսօր Հայաստանն ավելի փայլուն ապագա ունի»:

Նյու Յորքում անցած բարեգործական երեկոն նվիրված էր Լոռու ՍՄԱՐԹ սենյակների կառուցմանը, որը Հայաստանի գյուղական շրջաններում կառուցվող ՍՄԱՐԹ ցանցի մասն է. Գաղափար, որը հիմնադրամի խորհրդի նախագահ Դիրոն Ջեբեջյանի խոսքով դեռեւս մի քանի տարի առաջ անհնար էր թվում: Ջեբեջյանը կոչ արեց նաեւ ներկա հայ երիտասարդներին ներգրավվել Հայաստանի զարգացման մեջ ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով.

«Սա ձեր հնարավորությունն է: ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվել է որպես հարթակ, որի միջոցով դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ, մասնակցել ապագա Հայաստանի եւ ձեր սեփական ապագայի կառուցմանը»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի կենտրոնների միջոցով Սփյուռքի հայ երիտասարդները Հայաստանի կյանքում իրական մասնակցելու հնարավորություն են ստանում: Նյույորքցի հատուկ թերապևտ Արմինե Բաբիկյանը, ով ութ ամիս Հայաստանում կամավոր էր աշխատում, պատմեց սեփական փորձի մասին.

Հայաստանի գյուղական շրջանում բնակվող Դաունի սինդրոմով տառապող 9-ամյա տղային, անվանենք նրան Գրիգոր, ծնողները հրաժարվում էին դպրոց տանել: Նա չգիտեր գրել, կարդալ, չէր կարող ինքնուրույն հագնվել կամ օգտվել զուգարանից: Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասնագետների օգնությամբ տղայի կյանքը հիմնովին փոխվեց:

«Այժմ նա դպրոց է հաճախում: Նա դպրոցի ամենահայտնի աշակերտն է, ինքնուրույն օգտվում է զուգարանից, հագնվում, լվացվում, ինքնուրույն գրում իր անունը, կարող է կարդալ: Նա ունի բազմաթիվ ընկերներ ու աշխարհի ամենապայծառ ժպիտը»:

Արմինեի խոսքով, Միացյալ Նահանգներից դուրս կամավոր աշխատանքով զբաղվելու ցանկություն միշտ է ունեցել:

«Ես մտածեցի՝ եթե պետք է կամավոր աշխատանք կատարեմ մի երկրի համար, ապա թող դա լինի իմ սեփական երկիրը»:

Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին հատուկ մոտեցում է անհրաժեշտ, հիշեցնում է Արմինե Բաբիկյանը՝ կոչ անելով բոլորին օգնել Հայաստանի մանուկներ հիմնադրամին զարգացնող խաղեր գնել երեխաների համար, որը հնարավոր է անել հենց Amazon առցանց խանութի միջոցով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One