Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Չպետք է հաշվենք, թե քանի մարդ կա Սփյուռքում կամ ով ինչ է անում
19.06.19 22:52
Չպետք է հաշվենք, թե քանի մարդ կա Սփյուռքում կամ ով ինչ է անում

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին օրեր առաջ ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար նշանակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը ոչ միանշանակ ընկալվեց։ Մասնավորապես մտահոգություններ հնչեցին, որ երկար տարիներ ԱՄՆ-ում բնակված, ԱՄՆ-ի հայկական համայնքը ներկայացնող Սինանյանի նշանակումը կարող է պառակտել հայկական սփյուռքը։ Ի վերջո, կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ, օրինակ, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Իրանից կամ որեւէ այլ երկրի սփյուռքի ներկայացուցիչ չեն նշանակում գլխավոր հանձնակատար, որը նույնպես կարող է ներսից պատկերացնել սփյուռքի խնդիրները եւ մտածել դրանք լուծելու մասին։ Կա տեսակետ նաեւ, որ Զարեհ Սինանյանը կարող է կառավարման նոր մշակույթ ներմուծել խորհրդային մտածելակերպից ու ավանդույթներից դժվարությամբ եւ դանդաղ ձերբազատվող Հայաստան։ 

 

Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը Զարեհ Սինանյանին ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակելը համարում է վարչապետ Փաշինյանի ամենահաջող կադրային որոշումներից մեկը։ 

«Թե դա ինչ արդյունք կարող է տալ՝ ժամանակը ցույց կտա։ Ինձ չի թվում, թե ամեն ինչ կախված է մեկ մարդուց։ Հուսով եմ, որ դեպի լավը կլինեն փոփոխությունները»,- նշեց Նորիկ Գեւորգյանը։
Մեր դիտարկմանը, թե ճի՞շտ չէր լինի, որ Հայաստանում բնակվող, չեզոք դիրքորոշում ունեցող մարդու նշանակեին այդ կարեւոր եւ պատասխանատու պաշտոնում, Նորիկ Գեւորգյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, թե կփոխվի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ։ Երկրորդը՝ միշտ էլ եղել են աշխարհաքաղաքական խնդիրներ, եւ դրանք կապ չունեն այդ որոշման հետ»։

Վերհիշելով նախկինում սփյուռքի նախարարների գործունեությունը՝ Նորիկ Գեւորգյանն ասաց, որ չկար համակարգված աշխատանք, միայն վիճակագրություն էին ներկայացնում, թե որտեղ քանի դասագիրք են ուղարկել, ինչ են արել։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, չկար գլոբալ քաղաքականություն։ 

«Ընդհանուր գլոբալ քաղաքականություն է պետք։ Մեր սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կարող է դառնալ առանցքային, եթե ճիշտ օգտագործենք նրա հնարավորությունները։ Իսկ ճիշտ օգտագործել՝ չի նշանակում հաշվել, թե քանի մարդ կա սփյուռքում եւ ով ինչ է անում։ Իսկ սփյուռքի ներկայացուցիչը երբ նշանակվում է Հայաստանում գլխավոր հանձնակատար, կարող է լավ պատկերացնել, թե ինչ պետք է անել սփյուռքին Հայաստանում ներգրավվելու համար»,- ասաց Նորիկ Գեւորգյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One