Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Առևտրային բանկերի մասնաճյուղերի համար պետտուրք սահմանելուն ԿԲ-ն դեմ էր, սակայն ԱԺ տնտեսական հանձնաժողովը նոր դրույքաչափերին կողմ քվեարկեց
17.06.19 15:15
Առևտրային բանկերի մասնաճյուղերի համար պետտուրք սահմանելուն ԿԲ-ն դեմ էր, սակայն ԱԺ տնտեսական հանձնաժողովը նոր դրույքաչափերին կողմ քվեարկեց

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեծ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով ԿԲ տեսակետը, նշեց, որ համաձայն չէ, որ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար ևս պետական տուրք սահմանվի՝ այն էլ 1 մլն դրամի չափով:

Նա, ներկայացնելով ֆինանսաբանկային համակարգի գրաֆիկները, նշեց, որ բանկային համակարգը 3 տրիլիոն վարկային պորտֆել ունի, վարկայիններն ունեն 360 մլն, գրավատները՝ 8 մլն: «Այս թվերը հստակ ասում են, թե ով ինչքանով է մասնակցում տնտեսության զարգացմանը, այսինքն՝ բանկային համակարգը և՛ հասարակության համար, և´ բիզնեսին բազմաշերտ մասնակցություն է ունենում, իսկ մնացած ամեն մեկը՝ իր չափով»,-ասաց Արթուր Ստեփանյանը:

Նշենք, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկվեց  եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի համար ոչ միայն ընդհանուր պետական տուրքի գումարն ավելացնել, այլ նաև մասնաճյուղերի համար պետտուրք սահմանել, իսկ փոխանակման կետերի ու գրավատների համար սահմանված պետտուրքը մի փոքր իջեցնել: https://www.tert.am/am/news/2019/06/17/Tunyan/3027112

Ըստ Ստեփանյանի՝ գրավատների պորտֆելները սկզբում բարձրացել են, հետո նվազել, բայց այդ ընթացքում որևէ խոչընդոտ չեն ունեցել՝ այդ պորտֆելները բարձրացնելու: «Այստեղ իսկապես շատ ավելի դժվար է վերահսկողություն անել, և սա օբյեկտիվ է»,-ասաց նա:

Արթուր Ստեփանյանի խոսքով՝ այստեղ վտանգ է տեսնում, որ բանկերի մասնաճյուղերի համար էլ պետտուրք սահմանելով՝ հասանելիության հետ կապված խնդիրներ կարող են ստեղծել մարզերում: «Քանի որ բանկերը չոր հաշվարկ անելով՝ կհանգեն եզրակացության, որ իրենց 20 մասնաճյուղն այսպիսի պետտուրքերով արդյունավետ չէ աշխատեցնելը և օրինակ՝ հրաժարվեն երկու-երեք մասնաճյուղից, ի՞նչ ենք անելու, ես այս ռիսկը տեսնում եմ»,-ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ իրենք առաջարկում են բանկերի համար նախնական պայմանավորվածությունը թողնել ուժի մեջ, այդ թվում՝ նաև գրավատների ու փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը:  

Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց, թե ինչով է խնդրահարույց գրավատների ու փոխանակման կետերի տուրքն իջեցնելը՝ ինչու է 3 մլն-ն ընդունելի, 2 -ը՝ ընդունելի չէ:

Ստեփանյանը նշեց, թե իրենք նույնիսկ համաձայն են նախնական 6 մլն սահմանված պետտուրքին: Նա ասաց, որ պետք է համակարգի մեջ դիտարկել:

Թունյանը հարցրեց, որ եթե տարեկան 5.5 մլն շահույթ ունի, ինչպես կարող են 6 մլն-ի տուրք դրվել:

Ստեփանյանը նշեց, որ խնդիրն այդ է, որ վստահ չեն այդ շահույթի թվերի վրա: «Մեկ օրինակ բերեմ, եթե 8 մլն-ոց պորտֆելով մի քանի տարի աշխատող գրավատուն կա, որը 3 տարի շահույթ չի ունենում, ուրեմն խնդիր կա»,-ասաց նա:

Բաբկեն Թունյանը նշեց, որ եթե նման խնդիր կա, պետք է այդ խնդիրը լուծեն և հարցրեց. «Իսկ բանկերը կուզե՞ն, որ իրենց շահութահարկը մնա 20 տոկոս, իսկ պետական տուրքերն էլ չփոխվեն»:

Ստեփանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ երկու քաղաքականություններ խաչվում են՝ ԿԲ-ն ուզում է ոլորտը կարգավորման դաշտ բերել, հաշվետվողական, պակաս ռիսկային ու հասկանալի գործընկերներ ունենալու համար, իսկ կառավարության տեսանկյունից՝ հարկային այս բարեփոխումները ֆինանսաբանկային ոլորտին չէին ուզում ուղղել:  

Նա ասաց, որ առաջարկում է չքննարկել տարբերակված դրույքաչափեր կիրառելու հարցը:

Բաբկեն Թունյանը նշեց, որ պետք է հստակեցնել, թե ով ինչ դեր է խաղում տնտեսության մեջ. գրավատներից մարդը վարկն այլ կարիքների համար է վերցնում, ավելի շատ շտապ, իսկ բանկերից՝ այլ: «Եթե ինչ-որ բանի պահանջարկը կա, ուրեմն պետք է լինի, եթե լավ չի գործում, ուրեմն պետք է կարգավորել»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ ինքը շատ կարևորում է բանկային համակարգի զարգացումը, բայց 2014-18 թթ. բանկերի շահույթը եռապատկվել է, իսկ այս տուրքը գնալով փոքրանում է, վարկային կազմակերպությունների շահույթը նույն ժամանակահատվածում յոթապատկվել է:

Սահմանված պետական տուրքի դրույքաչափերով հարցը դրվեց քվեարկության և դրական եզրակացությամբ մտավ լիագումար նիստերի օրակարգ:

Հիշեցնենք, որ առաջարկվում է տարեկան բանկերի պետտուրքը 3 մլն-ից դարձնել 8 մլն,  բանկերի մասնաճյուղերի համար՝ ներկայիս 0 պետտուրքը դարձնել 1 մլն դրամի չափով:

Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար, նրանք, որոնք արտարժույթի փոխանակմամբ չեն զբաղվում, դրանց համար տուրքը դարձնել 500 000 դրամ, իսկ որոնք զբաղվում են արտարժույթի փոխանակմամբ, իրենց պետտուրքը դարձնել 1 մլն դրամ:

Գրավատների համար պետական տուրքը, որը գործող տարբերակով 100 000 դրամ է, առաջին տարվա համար առաջարկվում է սահմանել 1,5 մլն, հետո՝ 2 մլն:

Փոխանակման կետերի մասով առաջարկվում է առաջին տարին սահմանել 500 000 դրամ, հետո՝ 1 մլն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One