Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 15 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
«Հյուսիս-հարավ»-ը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան
14.06.19 20:09
«Հյուսիս-հարավ»-ը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցութունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել ու ընդարձակել եղած գործընկերային հարաբերությունները։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ արդյունավետ ու համակարգված աշխատանքի միջոցով հնարավոր է խորացնել ապագային միտված ծրագրային երկխոսությունը։ Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցության առաջիկա երեք տարիների ծրագրի շրջանակներում Շեյն Ռոզենթալը նախարարին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված գործակցության սխեմայի օգնությամբ ենթակառուցվածքների հզորացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ներառական աճի, քաղաքային շրջանների զարգացման, հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ բանկի հայեցակարգային մշակումները։ Անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող բարեփոխումներին և զարգացման միտումներին՝ Շեյն Ռոզենթալն ասել է, որ համակարգի ծախսածածկ և կարգավորված բնույթը Հայաստանին հնարավորություն է տալիս առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանային էներգետիկ շուկայում։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱԶԲ-ի հետ հաջողությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, բևեռային քաղաքների զարգացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության և մի շարք այլ հեռանկարային նախագծերի կարևորությունը Հայաստանի համար և արձանագրել, որ իրենց ռազմավարական նշանակությամբ դրանք ուրվագծում են Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման տեսլականը։ «Համալիր ազդեցության տեսանկյունից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ այն առանցքը, որը երկրորդային քաղաքների համար կծառայի տնտեսական սնուցման աղբյուր»,- ամփոփել է նախարարը։

Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախարար Պապիկյանի տեսլականը Շեյն Ռոզենթալը համահունչ է որակել ԱԶԲ-ի սկզբունքներին և վստահեցրել, որ բանկը պատրաստակամ է շարունակել նոր սերնդի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցության խորացման երկխոսությունը։

Ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք հանձնառությունը նոր ծրագրերի և նախագծերի միջոցով ապահովել տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակականությունը՝ երկկողմ համագործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One