Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Գագիկ Ղազինյան. «Երբ իշխանության մի թևը մյուս թևի բնականոն գործունեությանը խոչընդոտելու կոչեր է անում, դա արդեն ընդունելի չէ». «Ժամանակ»
31.05.19 21:43
Գագիկ Ղազինյան. «Երբ իշխանության մի թևը մյուս թևի բնականոն գործունեությանը խոչընդոտելու կոչեր է անում, դա արդեն ընդունելի չէ». «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը։

– Պարոն Ղազինյան, դատական համակարգում լուրջ պրոցեսներ են ընթանում, սակայն մինչ դրանց անդրադառնալը կուզենայի սկսել դատարանները շրջափակելու վարչապետի կոչից։ Ինչպե՞ս եք այդ ակցիան գնահատում, և ի՞նչ հետևանքների հանգեցրեց այն։

– Բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում այդ ակցիային։ Մենք մի կողմից ասում ենք, որ դատարանները պետք է անկախ լինեն, մյուս կողմից ուղղակիորեն կաշկանդում ենք նրա բնականոն գործունեությունը, որը դատարանի անկախության կարևորագույն էլեմենտն է։ Իսկ այդ ակցիան, բնականաբար, չէր կարող բացասաբար չազդել դատարանների բնականոն գործունեության և հետևաբար՝ նաև անկախության վրա: Եթե նման ակցիա նախաձեռներ ընդդիմությունը, կամ քաղաքացիների ինչ-որ դժգոհ խումբ, ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, թեև այդ դեպքում էլ օրինական չէր լինի։ Բայց երբ իշխանության մի թևը մյուս թևի բնականոն գործունեությանը խոչընդոտելու կոչեր է անում, դա արդեն ընդունելի չէ

– Պարոն Ղազինյան, Ազգային ժողովն արդեն 4 անգամ չի ընտրում նախագահի կողմից առաջարկված ՍԴ անդամի թեկնածուներին։ Նախօրեին էլ ԵՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաղարշյանը չընտրվեց։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԱԺ-ն որևէ մեկին չի ընտրում։ 

– Նախ, դա որպես երևույթ է անընդունելի, որ ՀՀ Նախագահի առաջարկած թեկնածուի հանդեպ, արդեն ոչ առաջին անգամ, նման վերաբերմունք է դրսևորվում ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից։ Ընդ որում՝ ակնհայտորեն հիմքում չունենալով որևէ օբյեկտիվ պատճառ։ ՍԴ անդամի թեկնածուն պետք է բավարարի երկու կարևորագույն պահանջի՝ պրոֆեսիոնալիզմ և քաղաքական չեզոքություն։ Կոնկրետ վերջին դեպքով կարող եմ ասել, որ երկու բաղադրիչն էլ առկա էր։ Արթուր Վաղարշյանը հայտնի է հանրապետությունում որպես իրավունքի լավագույն տեսաբաններից մեկը:

Վերջին հաշվով, այնքան էլ տխուր չեմ, որ նա չընտրվեց, քանի որ նա շարունակելու է աշխատել ֆակուլտետում, բայց ընդհանուր առմամբ մտահոգ եմ երկրի համար, որ նման վերաբերմունք է դրսևորվում նման կարևորագույն հարցում։ Իսկ ինչո՞վ է տարբերվում այս իշխանությունը իր մոտեցումներում պետականաշինության, պետական ինստիտուտների, դրանց գնահատման և այլ հարցերում նախորդ իշխանություններից։ Ընդամենը նախորդները ավելի քաղաքակիրթ փաթեթավորմամբ էին մատուցում իրենց ցանկությունները, իսկ այսօրվա իշխանությունները՝ շատ ավելի ոչ պրոֆեսիոնալ՝ առանց գոնե ձևական հիմնավորումների։ Ուղղակի մենք այսպես ենք ցանկանում, և վերջ: Բայց կրկնեմ, այս գործելաոճը ոչ մի աղերս չունի 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ հռչակված գաղափարների հետ: Ուղղակի նոնսենս է՝ ինչ ենք հռչակում և ինչ ենք անում։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում 


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One