Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Ոնց է նռնակը պայթում և կապիտանը զոհվում, տեսանյութում կար, որն այժմ չկա․ Երկրորդ նախագահ
16.05.19 15:46
Ոնց է նռնակը պայթում և կապիտանը զոհվում, տեսանյութում կար, որն այժմ չկա․ Երկրորդ նախագահ

Դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը դիմեց դատարանին՝ խնդրելով տեխնիկական պայմաններ ապահովել գործի հետ առնչվող որոշ նյութեր՝ տեսանյութեր ցուցադրելու համար: Դատախազներն ու դատավորը դեմ էին: Երբ փաստաբանը բանավոր ներկայացնում էր այդ նյութերը, Ռոբերտ Քոչարյանը դիմելով դատարանին ասաց. «Այս տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը Գորիկ Հակոբյանի կողմից: Իմ մոտ է բերել և ցույց է տվել այդ տեսանյութերը, մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ այդպիսի բաներ ինքը ունի: Իսկ ինչի համար եմ ինձ մոտ նայել, որովհետև մինչև իմ հայտնի ասուլիսը մարտի մեկին, ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ և հարցրել: Ես մինչև լրագրողների հետ հանդիպելը պետք է ճշտեի փաստերը:

Գորիկը ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, այ էդ դրվագն ինքը ինձ պատմեց:

Հետո ես պահանջեցի, երբ արդեն մամուլում սկսեցին քննադատել, որ այդպիսի բան չկա և այլն և այլն, անձամբ ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց, դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան, ես չգիտեմ որտեղ են։ Ոնց է նռնակը պայթում, ոնց է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այս ամբողջը տեսանյութերում կար, ասյօր չկա:

Երբ որ մենք ասում ենք, որ մի ամբողջ քրեական գործ, անվտանգության կողմից հարուցված գործը՝ մարտի 2-ին ՀՔԾ-ին հանձնված, այստեղ չկա, այդ գործը ուղղակի չի կցվել։ Համոզված եմ, որ բազմաթիվ այլ գործեր ևս չեն կցվել: Եվ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել ԱԱԾ-ից, սա ուղղակի հարցեր է առաջացնում: Դրա համար ենք ուզում, որ ամբողջական պատկեր ստանալու համար դատարանը հնարավորություն տա ուղղակի այս հարցերը ավելի ընդլայնված քննարկելու: Սա է պատճառը․ եթե չեք ուզում, խնդիր չկա»:

Դատախազը միջամտեց՝ ասելով. «գործում առկա բոլոր նյութերը չենք դնելու՝ նայեք այն, ինչի մասին խոսում ենք, կա՞, թե՝ ոչ»:

Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով դատախազի առարկությանը՝ ասաց. «Իմ ասածը ուրիշ բանի մասին է, որ պետական մարմինը, Ազգային անվտանգության մարմինը չի ներկայացրել նյութեր: Ենթադրում եմ, որ իրենցից չեն պահանջել այդ նյութերը, դա այդ մարմիը այն մարմինը չի, որ հենց այնպես անհետանան նյութերը: Խոսքը նրա մասին է, որ սելեկտիվ կերպով ընտրում են ինչ նյութեր կցել գործին, ինչ նյութեր չկցել գործին»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One