Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Յուրաքանչյուր հաղորդում պետք է անդադար փոփոխվի, հակառակ դեպքում կսպառի իրեն․ Դիանա Շմավոնյան
04.05.19 14:57
Յուրաքանչյուր հաղորդում պետք է անդադար փոփոխվի, հակառակ դեպքում  կսպառի իրեն․ Դիանա Շմավոնյան

Slaq.am-ի հարցազրույցը  «Ձայնային հարված»  հաղորդման հեղինակ և վարող Դիանա Շմավոնյանի հետ։

-Արդեն 15 տարի է  «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է «Ձայնային հարված»  հաղորդումը,  ինչպե՞ս հասունացավ հեղինակային հաղորդում ունենալու գաղափարը:

Այս տարի լրացել է «Ձայնային հարված»-ի 15 տարին և այն թիմային մեծ աշխատանքի արդյունք է: Այս տարիների ընթացքում հաղթրդումը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: Սկզբնական շրջանում ես այն վարում էի Մարինա Մարտիրոսյանի հետ և ռեժիսոր դավիթ Գրիգորյանի հետ փորձում էինք ստեղծել հաղորդում, որը կապահովեր հեռուստադիտողի հետաքրքրիր ժամանցը: քանի որ Կենտրոն հեռուստաընկերությունն ուներ եթերաշրջան, ժամանցային հաղորդման կարիք, մենք որոշեցինք լրացնել այդ բացը և միևնույն ժամանակ ապահովել մարդկանց դրական լիցքերով և տրամադրությամբ: Հաղորդումն իր վրա վերցրեց նաև շատ բարդ և միևնույն ժամանակ շատ պատասխանատու խնդիր` ձևավորել ճաշակ, որը, կարծում եմ, այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է:

-Ի՞նչ նպատակով  մտաք հեռուստատեսություն, կա՞ր խնդիր, որ Ձեր առջև դրել էիք:

Հեռուստատեսությունում հայտնվելու խնդիր երբեք իմ առջև չեմ դրել: մանկուց երազել եմ երկու մասնագիտություն` քննիչ դառնալու և լրագրության մասին, որոնք կարծում եմ` ընդհանուր գծեր ունեն: Երբ սովորում էի լրագրության ֆակուլտետում, առաջին կուրսից հաղորդումներ վարելու բազմաթիվ առաջարկներ ստացա և այդպես սկսվեց իմ` հաղորդավար դառնալու ուղին: Հեռուստատեսությունն ինձ համար սիրելի և հարազատ ոլորտ է: Այնտեղ ես ինձ հարամարավետ եմ զգում: Սա մասնագիտություն է, որը սիրելի է և դարձավ հասանելի: Հեռուստատեսությունը պահանջում է լինել շարժման մեջ, պատրաստ լինել փոփոխությունների: Հաղորդավարի աշխատանքը հեշտ չէ: Այն շատ ժամանակ է խլում և ստիպում է քայլել ժամանակի հետ և չի հանդուրժում լճացում: Իսկ ես տեսակով այնպիսինն եմ, որ սիրում եմ սովորել և բացահայտել:

-Ժամանակի ընթացքում փոխվել են  հեռուստատեսության պահանջները, համաձա՞յն եք այդ փոփոխություններին, կա՞ն բաներ, որ կցանկանայիք վերականգնել:

Ժամանակակից հեռուստատեսությունը հիմա ավելի ժամանցային է և ազատ: Չկան նախկինում եղած որոշակի կանոններ, որոնք խախտել չէր կարելի, բայց ժամանակի հետ ամեն բան վերացավ և որխես հիմք ընդունվեց անկեղծությունը, ջերմությունն ու ազատությունը: Հեռուստատեսությունը, անկախ իր կամքից, հանրությանը կրթում է և ճաշակ թելադրում: Այն ամենամեծ ազդեցությունն ունի հասարակության վրա: Այժմ ամեն բան հիմնված է ժամանցային և սիթքոմային հաղորդւոմների վրա, սակայն ես ինքս կփորձեի շատացնել նաև այն ծրագրերը.որոնք ազգային արժեք ունեն, պատմում են ազգային արժեքների մասին: Հեռուստատեսությունը մեզ ուժ է և այն պետք է կիրառել մեր պատմությունը հավերժացնելու նպատակով:

-Ինչո՞վ է պայմանավորված  «Ձայնային հարված» հաղորդման   անունը:

Մենք ցանակնում էին ստեղծել երաժշտական ժամանցային հաղորդում, որը կունենա իր լսարանւ, և այդ լսարանը չի ունենա սահմանափակումներ: Հաղորդման անվանման տարբեր մտքեր ունեինք: Եվ քանի որ արդեն գոյություն ուներ «Երաժշտական կենտրոն» հաղորդումը, ցանկացանք այն անվանել «Ձայնային հարված»: Ձայնային, քանի որ ներկայացնելու էինք ժամանակակից երգիճների կատարումները, խոսելու էինք տեսահոլովակների մասին, իսկ հարված. Որովհետև ցանկանում էինք, որ հեռուստադիտողը դրական էներգիայի և ժպիտների հարված ստանա այդ երեսուն րոպեների ընթացքում: Կարծում եմ, որ անվան հետ չենք սխալվել, այն հիշվել է և սիրվել:

-Այս տարիների ընթացքում հաղորդումը հավաքել է բավական մեծ լսարան, ո՞րն է հաղորդման հաջողության գրավականը:

«Ձայնային հարված»-ի հաջողության գրավականը կայանում է նրանում, որ մենք մեր թիմով կատարում ենք այն աշխատանքը, որը սիրում ենք: Անդադար փորձում ենք թարմություններ մտցնել հաղորդման մեջ, հետաքրքիր լուծումներ ենք գտնում և իհարկե քայլում ենք ժամանակին համընթաց` հասկանալով, որ այս ոլորտը անդադար փոփոխությունների է ենթարկվում և մենք նույնպես չենք կարող դոփել տեղում: Անհրաժեշտ են թարմ մտքեր և գաղափարներ:

-Տեղյակ ենք, որ անցյալ տարվանից «Ձայնային հարված»  հաղորդումը ֆորմատային փոփոխության է ենթարկվել, ի՞նչն է փոփոխվել:

Այո, «Ձայնային հարված»-ը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հաղորդումը եթեր է հեռարձակվում շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ: Մենք ունենք նոր և հարմարավետ տաղավար, որտեղ հյուրընկալում ենք մեր սիրելի երգիչներին, խոսում ենք նրանց կյանքի և ստեղծագործական աշխատանքների մասին: Շոու-բիզնեսը միշտ հետաքրքիր է հանրությանը և մենք մեր հաղորդման միջոցով փորձում ենք ներկայացնել հայտնի մարդկանց նորովի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հաղորդում, անկախ իր բնույթից, պետք է անդադար փոփոխվի, հակառակ դեպքում կդառնա ժամանակավրեպ և կսպառի իրեն:

-Ինչպե՞ս եք ընտրում հաղորդման հերոսներին:

Հաղորդման հերոսների ընտրության հարցում մեզ օգնում են հենց երգիչները, նրանց կատարած աշխատանքները միշտ հիանալի առիթ են հանդիսանում նրանց հրավիրելու համար: Մենք նաև հաշվի ենք առնում մեր հեռուստադիտողների կարծիքները և երբեմն դրանց հիման վրա ենք հրավիրում այս կամ այն երգչին:

-Ինչպիսի՞ն են հաղորդման մասին արձագանքները, հետևու՞մ եք:

Մենք իհարկե հետևում ենք հաղորդման արձագանքներին, քանի որ հեռուստադիտողի կարծիքը մեզ համար շատ կարևոր է : Երբեմն դրանք ստիպում են կատարել որոշակի փոփոխություններ, իսկ երբեմն նաև ոգեշնչում են և ստիպում ավելի մեծ եռանդով ու մեծ սիրով աշխատել: Մեր թիմը ներշնչվում է յուրաքանչյուր կարծիքից և գնահատում լսարանը: «Ձայնային հարված»-ն այս տարիների ընթացքում չի կորցրել տեսակն ու ոճը: Այն մնացել է դասական հաղորդման շրջանակներում` չմոռանալով կատարելագործվել և դառնալ ավելի ժամանակակից և կրեատիվ:

-Ո՞րն է լավ հաղորդավար լինելու ամենամեծ գաղտնիքը:

Հաղորդավարը պետք է սիրի իր աշխատանքը: Նա պետք է լինի անկաշկանդ, ջերմ և անկեղծ: Տեսախցիկը ֆիքսում է յուրաքանչյուր մանրուք և հաղորդավարի տրամադրվածությունն ու անկեղծությունը հնարվոր չի կեղծել: Առանձնապես գաղտնիք չկա: Պարզապես պետք է զգալ հեռուստադիտողի տրամադրությունը, նրա հետ լինել նույն ալիքի վրա, լինել բնական` այնպիսին, ինչպիսին կաս: Լավ հաղորդավար լինելու համար նաև անհրաժեշտ է ինքնակրթվել, անդադար սովորել և զարգանալ: Եթե ինչ-որ պահի սկսես քայլել նույն տեղում, ապա լճացումը միանգամից կնկատվի էկրաններից և կդառնաս անհետաքրքիր հեռուստադիտողի համար: Լավ հաղորդավարի համար նաև շատ կարևոր է որակյալ կրթությունն ու համապատասխան տվյալները:

-Ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ եթերում հայտնվելու համար:

Եթերում հայտնվելը չպետք է լինի ինքնանպատակ: Այստեղ կարևոր է, որ տեսախցիկը սիրի քեզ, և դու իքնդ լինես ազատ քո աշխատանքում: Հեռուստադիտողին հնարավոր չէ խաբել, նա նկատում է յուրաքանչյուր մանրուք: Եվ եթե դու քո կատարած աշխատանքում անկեղծ չես, ապա չես կարողանա երկար կյանք ունենալ այս ոլորտում: Հեռուստատեսության շնորհիվ իհարկե կարելի է կարճ ժամանակահատվածում դառնալ հայտնի, սակայն նույնքան արագությամբ քեզ կարող են նաև մոռանալ: Անհրաժեշտ է շատ աշխատել, քանի որ այս ոլորտը բավականին բարդ է և չի հանդուրժում մեծամտություն:

-Եթե հնարավորություն ունենայիք փոխելու անցած ճանապարհը, ապա ի՞նչ կփոխեիք:

Եթե ճանապարհս փոխելու հնարավորություն ունենայի, կարծում եմ, որ կընտրելի իրավաբանի մանսագիտությունը: Մանկուց երազել են քննիչ դառնալու մասին: Այդ մանսագիտությունն ինձ շատ հոգեհարազատ է։ Ես տեսակով փնտրող և ակտիվ մարդ եմ, սիրում եմ վազքի մեջ լինել, նոր բաներ բացահայտել: Ինձ հետաքրքրում է նաև օրենքի հետ աշխատելը, սակայն այդ առումով` լրագրողական կրթությունն ինչ-որ չափով նման է քննիչի մասնագիտությանը:

-Մենք բոլորս գիտենք ինչպիսին եք եթերու,  իսկ ինչպիսի՞ մայրիկ է սիրված հաղորդավարուհի Դիանա Շմավոնյանը:

Անկեղծ ասած` աշխատանքի բերումով ես շատ չեմ կարողանում տանը լինել և ժամանակ անցկացնել աղջկաս հետ: Այնպես է ստացվել, որ ես միշտ աշխատել եմ շատ խիտ գրաֆիկով: Սակայն այս ամենին զուգահեռ փորձում եմ հանգստյան օրերին լրացնել այդ բացը և տալ այն ջերմությունն ու սերը, որը չեմ հասցնում շաբաթվա ընթացքում: Իհարկե դժվար է, սակայն գիտակցում եմ, որ այս ամենը նրա ապագայի ու կրթության համար է: Ես փորձում եմ հնարավորինս անել, որպեսզի իմ աշխատանքի պատճառով չտուժի նրա ժամանցը և հետաքրքրությունները: Ես ավելի շատ ոչ թե իմ աղջկա մայրն եմ, այլ նրա ընկերուհին:

-Կանանց մասին կարելի է հավերժ խոսել, ինչպիսի՞ն  է Ձեր կարծիքով հայ կնոջ կերպարը:

Մենք սովորել ենք, որ հայ կինը պետք է հլու և հնազանդ լինի, ընկճված և զոհի կարգավիճակում, չունենա խոսքի իրավունք: Սակայն ժամանակները փոխվել են և հիմա կնոջ դերը ավելի է գնահատվում:

Կնոջը պետք է սիրել և հարգել, սակայն առաջին հերթին կինն իրեն պետք է սիրի և հարգի: Կարծում եմ, որ ժամանակակից հայ կինը պետք է կայացած և կրթված լինի, ունենա սիրելի աշխատանք և անկախ լինի:

-Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է...

Երջանիկ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է առողջություն, քանի որ դա միակ նախապայմանն է երազանքներին հասնելու համար: Չկա անհնար որևէ բան: Մարդ պետք է միայն ցանկություն ունենա, ֆիզիկապես առողջ լինի և ամեն բան կստացվի: Երջանկության համար պետք է նաև, որ մարդ ներդաշնակության մեջ լինի ինքն իր հետ, սիրի և կյանքի հանդեպ ունենա դրական տրամադրվածություն:

-Եվ վերջում, ինչի՞ մասին եք երազում:

Ես հիմա միայն երազում ենք խաղաղության և համերաշխության մասին: Երազում եմ, որ մարդկանց միջից դուրս գա չարությունը: Երազում եմ, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն և առողջ լինեն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One