Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Հարաբերական խաղաղության պայմաններում
04.05.19 11:39
Հարաբերական խաղաղության պայմաններում

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:

-Պարոն գնդապետ, որո՞նք են զորամասի առօրյա գործունեության առաջնահերթությունները:

-Զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանի բավական մեծ, բարդ ու պատասխանատու հատվածում: Մեր առօրյա աշխատանքները հիմնականում միտված են այս կարևորագույն խնդրի անթերի ու անխափան իրագործմանը: Արդեն տևական ժամանակ է՝ մարտական հերթապահությանը ներգրավվում են միայն զորամասի պայմանագրային զինծառայողները: Մենք հնարավորություն ենք ստացել առավել խորացված կարգով կազմակերպել ժամկետայինների մարտական ուսուցումը, կենտրոնանալ նրանց կրակային, մասնագիտական պատրաստության վրա: Անձնակազմի ռազմական ունակությունների կատարելագործումն առաջնահերթություն է, քանի որ անհրաժեշտության դեպքում նաև ժամկետայիններն են մեկնելու առաջնագիծ մարտական խնդիր կատարելու:

-Պայմանագրայինների թվաքանակը բավարա՞ր է ժամկետայիններին փոխարինելու համար, թե՞ համարվում է, որ նրանք ավելի փորձառու են և կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ ծառայել:

-Պայմանագրային զինծառայողների ներգրավման գործընթացն սկսել ենք՝ նախապես համադրելով մեր առջև դրված խնդիրների կատարման բնույթն ու առկա մարդկային ռեսուրսը: Մեր ուժերը լիովին բավարար են՝ մարտական խնդիրը առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու համար: Բացի այդ, նախորդ տարվանից մեր պաշտպանական թևերից մեկի հենակետերում մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զինծառայողները: Նրանք ամբողջությամբ «գործի մեջ են մտել», մեր փորձառու պայմանագրայիններին հավասար պահպանում են սահմանի անվտանգությունը:

-Բոլորին է հետաքրքրում՝ ինչպիսի՞ իրավիճակ է այսօր սահմանին:

-Վերջին շրջանում սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եզակի են: Հազվադեպ անկանոն կրակոցներ են լինում: Սկսվել են հողագործական աշխատանքները, իսկ գյուղացիներից շատերի հողակտորները սահմանագծին մոտ են, հակառակորդի անմիջական նշանառության տակ: Մինչ այդ էլ գյուղացիները պաշտպանված են եղել, սակայն այժմ առավել վստահ են հող մշակում: Ամեն դեպքում, մեր դիրքապահները զգոնությունը չեն թուլացնում՝ պատրաստ ամեն պահի ապահովելու խաղաղ գյուղացիների անվտանգությունը:

-Ձեզ հետ միասին եղանք հենակետերից մի քանիսում: Մեծ մասում ինժեներական աշխատանքներ են իրականացվում:

-Սահմանագծի ամբողջ երկայնքով ինժեներական կահավորման լայնածավալ աշխատանքներ ենք նախաձեռնել: Առայժմ առավել խորացված աշխատանքներ են իրականացվում պաշտպանական մեկ ուղղությամբ, բայց աստիճանաբար անցնելու ենք մյուս թևերին: Ընդհանրապես, առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործումն անընդհատ է: Նոր, բարեկարգված հենակետերում առկա են հաստ պաշտպանիչ պատեր, հաղորդակցման լրացուցիչ ուղիներ, թաքստոցներ և այլն: Անում ենք ամեն ինչ, որ մեր զինծառայողը պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում՝ կրակ վարի: Մարտական հերթապահություն կատարող զինծառայողի անվտանգության ապահովումն առաջնահերթ է:

-Նաև նոր կառուցված հենակետեր տեսանք:

-Հակառակորդը տեղում չի դոփում, նույնպես ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Մենք պետք է ժամանակին հակազդենք նրանց գործողություններին, ավելին՝ թելադրող լինենք այս հարցում, որ կարողանանք հենակետերի առավել նպաստավոր դիրք զբաղեցնել, ապահովել հակառակորդին վերահսկելու լայն տեսադաշտ: Հակառակորդի տեղաշարժման ուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները միշտ հասանելի են մեզ համար: Վստահ կարող եմ ասել՝ ինժեներական աշխատանքների շնորհիվ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One