Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Սուրեն Պապիկյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները
19.03.19 16:33
Սուրեն Պապիկյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, սահմանային անցակետերի արդիականացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, տարբեր համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ ԵՆԲ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությունը և հավելել. 

«Վստահ եմ, որ եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը մեր տնտեսությանը հաղորդելու է նոր շունչ, նոր որակ և կարևոր նախադրյալներ է ստեղծելու մեր հարաբերությունների հետագա խորացման ու սերտացման համար»։ 

Իր հերթին Լիոնել Ռապելը շնորհակալություն է հայտնել հանդիպման առաջարկն ընդունելու համար և նկատել, որ ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններն ու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության հեռանկարը նոր թափ է հաղորդում ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին։ Լիոնել Ռապելը համոզվածություն է հայտնել, որ ԵՆԲ-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն ու տեխնիկական աջակցության միջոցները կնպաստեն Հայաստանի համար առաջնահերթ լուծում պահանջող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ վերահաստատելով այս ուղղություններով ՀՀ նոր կառավարության կողմից գործադրվող ջանքերին ԵՆԲ-ի աջակցությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերն ուրվագծել են ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One