Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
ՀՀ-ում ԵՄ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու 1 խոչընդոտ կա, այն վերաբերում է պետական պարտքի չափի սահմանափակմանը. Ն. Փաշինյան
19.03.19 13:08
ՀՀ-ում ԵՄ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու 1 խոչընդոտ կա, այն վերաբերում է պետական պարտքի չափի սահմանափակմանը. Ն. Փաշինյան

ԵՄ-ում քննարկվել է ջրամբարաշինության վերաբերյալ մեծ նախագիծ, այսինքն՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացի վերաբերյալ հարց է քննարկվել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել այցի շրջանակում Եվրամիության ղեկավարության հետ քննարկված 13 նախագծերին:

Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ում քննարկված 13 ծրագրերը վերաբերում են նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին, ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանը և ներդրումներին, այդ թվում՝ էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային, վարչարարության, դատական բարեփոխումներին և այլն.

«Եվրամիությունում արձանագրումը հետևյալն էր, որ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակում, և ԵՄ-ի բարձր ղեկավարությունը ևս պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»,-նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ ԵՄ-ի աջակցությունը չի ենթադրում անհրաժեշտ ֆինանսական միջոցների ամբողջական տրամադրում. Հայաստանը ևս պետք է ներդրում կատարի այդ ծրագրերի իրականացման համար:

Սակայն, վարչապետի խոսքով, այս հարցում Հայաստանն ունի մի խոչընդոտ. «Դա պետական պարտքի օրենքում առկա սահմանափակումն է. մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը: Հայաստանի ներդրման տեսանելի աղբյուրներն այս պահին արտաքին աղբյուրներն են, ինչը ենթադրում է պետական պարտքի ծավալի մեծացում: Հիմա պետք է շատ լուրջ քննարկում ունենանք, թե արդյոք կարող ենք գնալ այս ճանապարհով: Առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կունենանք ԿԲ-ի, տարբեր փորձագետների, հանրության ներկայացուցիչների հետ, որպեսզի կայացնենք որոշում»:

Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար՝ վարչապետը բերեց Մեղրու անցակետի օրինակը. «Այդ նախագիծն արժե 20 մլն դոլար, և դրա կեսը ֆինանսավորում է ԵՄ-ն գրանտի միջոցով, իսկ մյուս կեսը Հայաստանը վարկով է ֆինանսավորում: Նրանց համագործակցության ֆորմատն այսպիսին է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ դաշտով, մասնավորապես ատոմակայանի վերաբերյալ մեծ հետաքրքրություն ունի, վարչապետ Փաշինյանն ասաց՝ ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան. «ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ, այսինքն՝ իրականում այդ հոդվածը ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին է:

Հետևաբար` մեր օրակարգի հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը: Որքան հնարավոր լինի, մենք ատոմակայանի աշխատանքը կերկարացնենք, բայց բոլորս հասկանում ենք՝ ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One