Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 22 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =482.31 AMD
EUR =542.36 AMD
Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առջադրվել
18.03.19 15:22
Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առջադրվել

2018թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:55-ին,  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված  մարտական դիրքում հակառակորդի հետ  տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, և ձեռնարկվել նախաքննություն:

Քրեական գործով Ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., ըստ գրաֆիկի՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելիս, ժամը 20:30-ի սահմաններում, հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:

Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 371-րդ հոդվածի  2-րդ  մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One