Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
Անուշ Գրիգորյան. Այս ոսկե մեդալը շատ թանկ է ինձ համար
18.03.19 16:59
Անուշ Գրիգորյան. Այս ոսկե մեդալը շատ թանկ է ինձ համար

Այս ոսկե մեդալը երկար սպասված է ու շատ թանկ ինձ համար: Այս հաղթանակին ինձ օգնեց հասնել եւ իմ ուժերին հավատալ բռնցքամարտի մեր մեծ ընտանիքը՝ մարզիչները, մարզիկները եւ ֆեդերացիան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վլադիկավկազից ասաց բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների նորընծա չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

Վլադիկավկազում կայացած Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցել էր ռուսաստանցի Գելուսիա Գալիեւայի հետ եւ 3 ռաունդում հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:

2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաեւ Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Կարիերայում տեւական դադարից հետո նրան կրկին հաջողվեց նվաճել ոսկե մեդալ ու եւս մեկ անգամ բարձրացնել Հայաստանի դրոշը խոշոր մրցաշարում: Իսկ տեւական դադարի պատճառը մեջքի վնասվածքն էր:

Անուշ, շնորհավորում եմ չեմպիոնության կապակցությամբ: Ինչպե՞ս հաջողվեց տեւական ընդմիջումից հետո կրկին կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Շնորհակալ եմ: Շատ երկար սպասված մեդալ էր: Այս առաջնությունում սկզբում ինձ համար այդքան էլ նշանակություն չուներ, թե ինչ մեդալ կնվաճեմ: Ցանկանում էի ուղղակի անպայման մեդալ նվաճել: Երբ ապահովեցի բրոնզե մեդալ, հասկացա, որ կարող եմ ավելին: Մարզիչներս էլ պարբերաբար ինձ ասում էին, որ կարող եմ չեմպիոն դառնալ, ինձ մոտ ստացվելու է: Երբ կողքից քեզ հավատում են, ասում են, որ կարող ես ավելին, անկախ քեզանից ձգտում ես ամենաբարձրին՝ ոսկուն: Ինձ համար գերնպատակ էր հաղթել այս առաջնությունում՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկար ժամանակ չէի մարզվում, չէի մասնակցում մրցաշարերի, մեդալ չէի նվաճել: Այն հույզերը, զգացողությունները, որ ապրում էի յուրաքանչյուր հաղթանակից հետո, դադարից հետո նորից ռինգ վերադառնալու, անհագ ցանկության, ձգտման արդյունքն էր:

Ի՞նչ վնասվածք ունեիր եւ որքա՞ն է ժամանակ բաց թողեցիր:

Մեջքի ճողվածքներ ունեի եւ շուրջ 7 ամիս ոչ մի օր չեմ մարզվել, ռինգ դուրս չեմ եկել: Բայց ամեն օր եւ րոպե անհամբեր սպասում էի՝ երբ եմ ապաքինվելու եւ վերադառնալու ռինգ: Ոչ մի օր ու րոպե այդ ընթացքում չեմ մտածել բռնցքամարտիկի կարիերաս ավարտելու մասին, կամ այն մասին, որ գուցե այդ դադարն իր դերն ունենա եւ ես այլեւս չեմ կարողանա նորից ոսկե մեդալով վերադառնալ մրցաշարերից: Միշտ հավատացել եմ, որ սա ընդամենը ընդմիջում է, եւ նոր ուժով ու ձգտումով մտնելու եմ ռինգ:

Եվրոպայի առաջնությանը մեկնելիս հավատո՞ւմ էիր, որ քեզ կհաջողվի չեմպիոն դառնալ:

Հավատում էի, բայց, երեւի, ոչ լիարժեք: Խնդիրս մեդալ նվաճելն էր: Հավատում էի, որ արդյունքի եմ հասնելու, բայց որ հնարավորություններս ավելի մեծ են, չէի պատկերացնում եւ այդքան չէի հավատում: Մարզիչներս օգնեցին, որ ես սկսեցի հենց մրցավայրում հավատալ իմ ուժերին՝ իրենց խորհուրդներով, իրենց հավատով: Վստահ կարող եմ ասել, որ նրանց շնորհիվ ես հասա ոսկե մեդալին:

Իմ այս հաղթանակին օգնեցին ինձ հասնել բժիշկս՝ Կարեն Գալոյանը, կանանց հավաքականի մարզիչ եւ իմ անձնական մարզիչ Խաչիկ Խաչատրյանը, Վահան Ադիլխանյանը: Բացի այն, որ մարզիկը պետք է ներքուստ հավատա իր ուժերին, մարզիչներն էլ ամենամեծ դերն են ունենում մարզիկի յուրաքանչյուր հաղթանակում: Երբ դու գիտես, որ ռինգի անկյունում կանգնած մարզիչները վստահ են քո ուժերի վրա, մեծ ցանկություն ունեն քեզ տեսնել չեմպիոնի կարգավիճակում եւ իրենց այդ էներգիան ամեն վայրկյան փոխանցում են քեզ, արդեն անհնար է դառնում չձգտել ու չհավատալ հաղթանակին:

Անցկացրիր երեք մենամարտ: Ո՞ր մրցակիցդ էր ամենաբարդը:

Ամենաբարդը մեկնարկային մենամարտս էր, որտեղ մրցակիցս Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Նրա հետ շատ բարդ պայքար ստացվեց: Նա շատ կայուն, բարձր որակներով բռնցքամարտիկ էր եւ բավական ուժեղ: Բայց որքան հասկանում էի, որ նա բարձր որակներով է, այնքան ավելի էի ուժեղանում, այնքան ավելի էի ցանկանում հաղթել նրան: Երբ հասկացա, որ բրոնզե մեդալն ապահովել եմ, մեծ ցանկություն առաջացավ մեդալի գույնը փոխել եւ դարձնել ոսկե: Նաեւ դժվար մենամարտ ստացվեց եզրափակիչում: Դժվար էր եւ ֆիզիկապես եւ հոգեպես, քանի որ մրցակիցս ռուս էր, տեղացի, մտավախություն կար, որ հաղթանակս ինձանից կխլեն: Պետք էր հաղթել ոչ միայն մրցակցին, այլեւ մրցավարներին, որպեսզի որեւէ հնարավորություն չունենային հաղթանակը տալ մրցակցիս: Ինձ այդ մտավախությունն ավելի ուժեղացրեց: Դահլիճում էլ մեծ աջակցություն ուներ ռուս բռնցքամարտիկը, բայց ես էլ ինձ մենակ չէի զգում: Մեծ թվով հայեր էին եկել, Վլադիկավկազի ամբողջ հայ համայնքը եկել էր մեզ երկրպագելու, աջակցելու:

Զգացողություններդ ինչպիսի՞ն էին պարգեւատրման արարողության ընթացքում, երբ քո պատվին հնչում էր Հայաստանի հիմն ու բարձրանում եռագույնը:

Ոչինչ չեմ հիշում (ծիխաղում է): Գիտակցությունս կորցրած էի լրիվ: Սա շատ թանկ մեդալ է ինձ համար, շատ երկար սպասված: Հուզմունքս անբացատրելի էր, չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան ուրախ եմ այս հաղթանակի համար: Սա իմ նոր ճանապարհի մեկնարկն է: Ձգտելու եմ կրկնել այսպիսի հաջողությունները, միայն թե առանց վնասվածքների անցնեմ այդ ճանապարհը: Երազանքս ու նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է: Եվ այդ ճանապարհին ոչինչ չեմ խնայելու:

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոնությունը մեր ամբողջ թիմի՝ մարզիչների, մարզիկների, ֆեդերացիայի հաղթանակն էր: Եթե չլիներ մեր մեծ թիմի միասնականությունն ու մեծ աշխատանքը, այսօր մենք մեդալներով չէինք վերադառնա Եվրոպայի առաջնությունից:

Լուսինե Շահբազյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One