Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ՝ հնարավորություն է բացվել. Ջեյմս Ուորլիքը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին
05.03.19 13:40
Չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ՝ հնարավորություն է բացվել. Ջեյմս Ուորլիքը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, ՀՀ նոր իշխանություններից ունեցած ակնկալիքներին, «Լավրովյան պլանին»: 

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ընդհանուր հարցից. այսօր ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:

- Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեև այլևս ԱՄՆ-ի կառավարությունում, Պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետևում եմ ղարաբաղյան հակամարտությանը և հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տևական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տևական խաղաղությունը և դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տևական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ:

- Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միևնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը:

- Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ունեմ նրա և նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք:

Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու և տևական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ և անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:

- Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ:

- Ամեն ինչ սև և սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիևի հետ և դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու և միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: և իմ տպավորություններով նախագահ Ալիևը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, և հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: և եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու ևս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, և ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարևոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն և որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետև այդ խաղաղությունը, թեև դժվար հասանելի, անչափ կարևոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար:

- Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյոք խոսքը դրա՞ մասին է:

- Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ և յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի և ընդհանրապես ինքնավարության և տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման և մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: և ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր և ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձևը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, և եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները և համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը:

- Խոսենք «Լավրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները և ընդհանրապես այն ինչպե՞ս հայտնվեց:

- Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ և քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջև: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու և մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսեր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն և արդյունավետ: Ու թեև ես այլևս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը և բեկում կարձանագրենք: Տեսեք, այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթև և խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու և բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի ևս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. Արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել ևս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետևանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը և կարգավորման ուրվագծերը հայտնի են և սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել և առաջ քաշվել:

- Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյոք դա չի՞ խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետևյալ պատճառով նաև. Վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետև չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:

- Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլևս և իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ և միևնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել: Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, և ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որևէ հիմք չեմ նկատել: Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: և այստեղ կա տրամաբանություն. Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և իրենց տարածաշրջանում և ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տևական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջև տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տևական կարգավորմանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One