Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 15 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
«45 տարի եթերում եմ նման բան չէի տեսել»․ Համլետ Ղուշչյան. Hraparak.am
05.03.19 12:14
«45 տարի եթերում եմ նման բան չէի տեսել»․ Համլետ Ղուշչյան. Hraparak.am
 

Hraparak.am-ը գրում է.

Հ3-ի եթերում Համլետ Ղուշչյանի հարցազրույցը Ռուբեն Հախվերդյանի հետ ալեկոծել է Արցախն ու Հայաստանը․ գրեթե մարդ չմնաց, որ ամոթանք չտեղաց Հախվերդյանի հասցեին։ Հախվերդյանը մասնավորապես արցախցիներին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։ Դատապարտող  խոսքով հանդես եկողների թվում էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով ասել էր, որ չնայած միշտ փորձել է պաշտպանել Ռուբենին՝ անկախ նրա արտահայտած, մեղմ ասած, ոչ  «իմաստուն» գռեհկաբանություններից, բայց այս  դեպքում ստիպված է ասել՝ իր ընկերները ճիշտ էին, ինքը՝ սխալ, քանի որ․  «Ռուբեն Հախվերդյանն, իհարկե, տաղանդավոր երգահան, բանաստեղծ, երգիչ է։ Բայց, միևնույն ժամանակ, պարզունակ մտածողության տեր, չար և նախանձ անձնավորություն։

Եվ երբեք՝ Վլադիմիր Վիսոցկի կամ Ժակ Բրել»։ Մենք զրուցել ենք Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը վարող Համլետ Ղուշչյանի հետ

-Պարոն Ղուշչյան, ի՞նչ կարող եք ասել՝ այս արձագանքը․․․

 

-40 հազար դիտում է եղել, որի 85 տոկոսը միայն շնորհակալություն է հայտնել, այն 15 տոկոսը, որ քոչարյանասերժական ոհմակի ներկայացուցիչներ են, ծախու գրչակներ, հասկանում եմ, թե ինչու են այս վայնասունը դրել։

-Ավետիք Իշխանյանին համարում եք ծախու գրչակ և ռոբասերժակա՞ն։

-Չէ, հենց այդ էի ուզում ասել, որ իմ համար ցավալի է, որ որոշ մտավորականներ, մարդիկ, որոնց հարգել եմ, չգիտես ինչու, կարծիքներ են հայտնում, էսօր նման բաներ են ասում․․․ ուղղակի ապշած եմ՝ 45 տարի հեռուստատեությունում աշխատել եմ, մի անգամ խղճիս դեմ չեմ գնացել, և այսօր մարդիկ բաներ են ասում, որ չես կարողանում հասկանաս՝ ի՞նչ աստիճանի կարելի է ստոր արարքի գնալ․․․

Չգիտեմ, ես շատ բորբոքված եմ, ինչ-որ տեղ՝ ցնցված և ցավում եմ, որ էսքան տարի նվիրել եմ այդ ոլորտին։ Հասկանո՞ւմ եք վիրավորված մարդու վիճակը։

-Ոմանք գրել էին, որ ոչ միայն Ռուբենը, որ օգտագործում էր «աբորտացուներ»  «դեպուտանքեք », «հետույք  լիզել» բառակապակցություններ, այլև Դուք էլ ոչ կոռեկտ բառեր էիք ասում՝ տականքներ և այլն,  և ավելին՝ Ձեզ համեմատեցիք  Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգի տղերքի հետ։

-Տականք եմ ասում, որովհետև․․․ եթե Ձեզ 20- 25 տարի շարունակ հալածեին, նախ, Քոչարյանի, հետո Սերժի համակարգը, չթողնեին այստեղ ապրեիք, 3 անգամ ստիպված եղած լինեիր այստեղից գնալ ու տանել 3 մահափորձ, բա դրանք տականքների արած չե՞ն։  

-Ձեր վրա ե՞րբ է մահափորձ եղել։

-Ուշադիր չեք, ես միշտ ասել եմ և այսօր ինչո՞ւ եմ այսքան վրդովված խոսում այդ նախկին հանցագործ ռեժիմի մասին, որովհետև կաշվիս վրա եմ դա զգացել։ Ինձ ահաբեկել են․ թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս անդամներին։ Կինս 6 ամսական հղի է եղել, զանգահարել են լկտի բաներ են ասել՝ հեռացեք ստեղից, թե չէ սաղիդ վառելու ենք։

Ինչ խոսքեր ասես չեն ասել։ Էս ամենի միջով անցած մարդը, որ դեռ ոտքի վրա կանգնած է, թեպետ ինսուլտ եմ տարել, ամեն ինչ․․․ բայց ո՞նց կարելի է․․․ ես ապշած եմ  մտավորականներից, որ միացել են էդ տականքներին։

-45 տարվա փորձից եք խոսում, լրագրողի էթիկայի նո՞րմ է, որ Ձեր իսկ եթերում Ձեզ համեմատում եք լավագույն տղերքի հետ և Ձեր հյուրի հնչեցրած բառերը․․․

-Ես չեմ համեմատում։ Ես ուղղակի ասել եմ Ռուբենին, որ երբ ստիպված  էի այստեղից հեռանալ, Մոսկվայում կամ ԱՄՆ-ում կարոտս Հայաստանից առնում էի ՝ այդ երգը լսելով։ Լսեք՝ Համլետ Ղուշչյանն ինքն է իր անունը ստեղծել։ Դուք չեք հասկանո՞ւմ՝ 45 տարի չի կարելի մնալ եթերում։ Եթերը ռենտգեն ապարատ է, դու մեկ անգամ կարող ես մարդուն խաբել, երկու անգամ, բայց 45 տարի ես ճշմարտության համար եմ պայքարել։ Ու պայքարելու եմ։ Դուք լրագրող եք, եկեք մեր եթերին, ինչ հարց ուզում եք տվեք, ազատ խոսքը մեր սկզբունքն է, մենք ոչ մեկին չենք ասում՝ ասա այս կամ այն։ Եվ հետո, ի վերջո, ես այսօր Ռուբենի հետ եմ խոսել, ասում  եմ՝ լսիր էդ ի՞նչ ես ասել, որ ըտենց․․․ ինքն ասում ա՝ ես նկատի ունեի՝ Ռոբերտին ու Սերժին, իսկ ղարաբաղցիների հանդեպ միշտ էլ լավ եմ տրամադրված։ 

-Իսկ Դուք համարու՞մ եք, որ ղարաբաղցիները թուրք են։

-Հակառակը, 1986 թվականի խորհրդային տարիներից բախտ եմ ունեցել «Հրազդան» ստադիոնից վարելու «Արարատ» - «Արցախ-Ստեփանակերտ» ընկերական խաղը և եթերում ասել եմ՝ կարծես իրականացել է մեր ժողովրդի դարավոր երազանքը, նրա 2 հատվածներն էսօր մեկտեղվել են ստադիոնում։ Դրա համար ինձ 6 ամսով զրկել են․․․ հասկանո՞ւմ եք էդ տարիների մամլիչ մեքենայի միջով անցած մարդու վիճակը։ Ու ես ղարաբաղցիների համար ամեն ինչ եմ արել, Մոսկվայում էլ դատավարությունների եմ մասնակցել, տո ի՞նչ չեմ արել, ու էսօր ասում են՝ Ղուշչյանը սենց բան է ասում։ Ո՞նց կարելի է․․․ Դուք իմ բերանից լսե՞լ եք նման բան, չէիք կարող լսել, որովհետև նման բան չկա ու չի կարող լինել։

-Պարոն Ղուշչյան, ասում են, որ  երբ Ձեր եթերում տվել եք «Լուսաստղ» օղու անունը, Ձեզ ծեծի են ենթարկել Ալեքսանյանը։

-Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես՝ կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի։

-Հենց ի՞նքն էր։

-Այո, ես դա եթերից էլ եմ ասել, բայց  ո՞վ է լսում։

-Իսկ ճիշտ է, որ քրեական հեղինակություն Թևոսն է Ձեզ պաշտպանել։

-Վաայ, ի՞նչ կապ ունի Թևոսը․․․

-Իսկ ինչպե՞ք էիք աշխատում Արթուր Բաղդասարյանի հեռուստատեսությունում, չէ՞,ր պարբերաբար, չհաշված նա եղել է Ձեր ասած՝ Ռոբերտի ու Սերժի հետ։

-Արթուր Բաղդասարյանը 2 տարի առաջ եկավ Մոսկվա, ինձ խնդրեց, որ գամ, աշխատեմ, ես ասացի՝ Արթուր, չեմ կարող գալ, որովհետև ինձ արգելված է հայկական որևիցե եթերում երևալը։ Ես ասացի՝ իմ պայմանը մեկն է՝ ես կուսակցական չեմ դառնում ու ոչ մի ընտրության չեմ մասնակցում։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One