Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
«Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան
04.03.19 09:15
«Մարտի 1-ի զոհերի ծնողների վիշտը օգտագործվում է քաղաքական նպատակներով». Ս. Նիկոյան
Մարտի 1-ի դեպքերից 11 տարի անց վերսկսված դատական գործընթացների, քաղաքական հայտարարությունների եւ, այսպես ասած, նոր բացահայտումների վերաբերյալ «Իրավունք TV» տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, եղել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը:

«ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՂԱՆ ՎԱՂՈՒՑՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷՐ»

– Պարոն Նիկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս տարի մարտի 1-ը նշանավորելու են քաղաքացիական հզոր երթով` այն նվիրելով քաղաքացու հաղթանակին: Մարտիմեկյան դեպքերից հետո միշտ ցավով էինք հիշում այդ օրը, քանի որ այն կապված է նաեւ 10 զոհի հետ, ինչպե՞ս եք վերաբերվում, որ այդ օրը մի տեսակ վերածվում է տոնի:

 
– Տեղի ունեցածից գրեթե 11 տարի է անցել, եւ նոր սերունդը հիմնականում մամուլից կամ քարոզչությունից է դատողություններ անում մարտի 1-ի վերաբերյալ: Ինձ թվում է` կատարվածի հիմնական հանգամանքները բոլորը մոռացության են տալիս: Նախ սկսենք նրանից, որ մարտի 1-ն ընդամենն առիթ էր նրա, ինչ տեղի ունեցավ, որովհետեւ դրանից առաջ ընդդիմությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, պատրաստվում էր ոչ թե ընտրության օրվան` 2008-ի փետրվարի 26-ին, այլ` փետրվարի 27-ին, այսինքն` հետընտրական գործողությունների, եւ նրանք բացեիբաց հայտարարում էին այդ մասին: Քարոզչական այդ տեխնոլոգիաները, որ այն ժամանակ կիրառում էին, ամենավտանգավորն էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրոք ասում էր, որ եթե ես չընտրվեմ, ապա ընտրությունները կեղծված են` այս մոտեցումը ներշնչելով ժողովրդին: Բնական էր, որ չէր ընտրվելու, 21,5 տոկոս ձայն ստացավ, որովհետեւ շատ ցածր ցուցանիշից սկսեց եւ հասավ այդ կետին: Իսկ դրանից հետո ասաց, որ ես հաղթել եմ, ընտրությունները կեղծված են, ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին, իր քվեին, նույն տեխնոլոգիան ու լոզունգները, ինչը 10 տարի հետո կրկին կիրառվեց: Այս ամեն ինչը սկսվեց դրանից, մնացածն արդեն հետեւանքներ են, թե ինչքանով ոստիկանությունը օպերատիվ արձագանքեց, ինչքանով պետական մարմինները կարողացան շատ հստակ իրենց գործառույթներն իրականացնել, ինչքանով էին ընդդիմության ղեկավարները պատրաստ խուսափելու արյունահեղությունից: 11 տարի ամեն տարի ես կրկնում եմ նույնը` Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ներշնչում էր վստահություն, որ էլ ոչ մի զոհ թող չպահանջվի ինձնից բացի, այսինքն` ժողովրդին ասում էր` դուք հանգիստ եղեք, ապահով եք, եթե մի բան պետք է լինի, ինձ պետք լինի եւ այլն...

 
– Բայց նա առաջինն իր անվտանգության մասին էր մտածել եւ մարտի 1-ի դեպքերին էլ այնտեղ չէր...

– Ամենակարեւորը սա է: Այն մարդկանց, որոնք գնացել էին եւ իրենց կյանքն ու առողջությունը դրել էին վտանգի տակ, պետք է ասել, որ այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի տղան վաղուց Հայաստանում չէր: Այսինքն` այդ ամեն ինչը պետք է անեին ուրիշները եւ ուրիշների զավակները, իր զավակը չպետք է մասնակցեր դրան, նա պետք է ապահով լիներ: Իսկ այդ ժամանակ Հայաստանում չկար որեւիցե մեկը` ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ կաթողիկոսը չէին կարող կոչով դիմել ժողովրդին, որպեսզի ցուցարները լսեին նրանց: Հեղինակազրկել էին բոլոր պետական ինստիտուտները, միակ մարդը, որը կարող էր այդ իրավիճակում հանդարտեցնել ժողովրդին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, բայց նա դուրս չեկավ եւ ասաց, թե իր անվտանգությունն ապահովված չէ: Ի՞նչ է, 100 հազար մարդու անվտանգությունն այդ պարագայում ապահովվա՞ծ էր, որ նա մտածում էր իր մասին: Փաստորեն, պետք էր ժողովրդին հանել, տանել այդտեղ եւ ձեռքները հեռո՞ւ քաշել: Երբ խոսում ենք 10 զոհից, պետք է խոսել պատճառների մասին, ոչ թե հետեւանքների: Չէ որ ոստիկանությունն առաջարկել էր այլ վայր տեղափոխվել, որը միանշանակ իրավիճակը կլիցքաթափեր: Այսինքն` ընդդիմությունը կունենար հնարավորություն` շարունակելու իրենց պայքարը մեկ այլ վայրում, եւ իշխանությունը կարող էր խուսափել այդ վտանգավոր կուտակումներից եւ լարված իրավիճակը լիցքաթափելու հնարավորություն կունենար: Կարծես թե, ընդդիմադիր գործիչները ոստիկանության հետ ձեռք էին բերել նման պայմանավորվածություն, բայց ահա Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կողմից ուղարկված մարդկանցով, այդ թվում` Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը ասացին, որ` ոչ, պետք է այստեղ մնանք, պետք է բարիկադներ կառուցենք, ավտոբուսներ բերենք, պաշտպանվենք հենց այս հրապարակում` դեսպանատների մոտ եւ պատրաստվենք պայքարի: Դրանից հետո հիմարը միայն կարող էր չկանխատեսել, թե ինչ ճանապարհով է գնալու իրադարձությունները: Ուժային կառույցները, համաձայն օրենքի, պարտավոր էին գործողություններ անել, իրավիճակը լիցքաթափել, փողոցներն ազատել, երթեւեկությունը կարգավորել, դեսպանատների, քաղաքապետարանի անխափան աշխատանքը ապահովել: Ոստիկանությունը օրենքով նախատեսված իր ֆունկցիան պարտավոր է իրականացնել բոլոր երկրներում, այդ թվում` ՀՀ-ում` ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ մի տարի առաջ, ե՛ւ այսօր: Իսկ մնացածն արդեն, ինչպես նշեցի, դժբախտ հետեւանք են: Այսօր ուզում են այդ հետեւանքներին գնահատական տալ, բայց այս հարցերը չեն քննարկվում, չեն վերլուծվում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One