Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Օրինաչափություն՝ ՊԵԿ-ի աշխատողներն ու նրանց կանայք հարուստ են. civilnet.am
28.01.19 09:48
Օրինաչափություն՝ ՊԵԿ-ի աշխատողներն ու նրանց կանայք հարուստ են. civilnet.am

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մաքսային ոլորտի որոշ պաշտոնյաներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք պատկառելի ունեցվածքի տեր են։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում նշում էր, որ պետական համակարգում և մասնավորապես իր ղեկավարած կառույցում բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից է։ Սիվիլնեթն ուսումնասիրել է մաքսային ոլորտի պաշտոնյաների հայտարարագրերը։

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը այդ պաշտոնը ստանձնել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ անցյալ տարվա մայիսի 22-ին։ Սա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի առաջին նշանակումներից էր։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Վարդան Վարդանյանը արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի խորհրդականն էր։ ՊԵԿ-ում պաշտոն ստանձնելով՝ Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է չորս մեքենա՝ Lexus ES 200, Lexus GX 460, GAZ 31105, VAZ 2102։ Վարդանյանի դրամական միջոցները կազմել են 23,5 միլիոն դրամ, 45,700 դոլար և 68,500 եվրո։ Նա նաև հայտարարագրել է մեկ բնակարան։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Լիաննա Վանեցյանը 2018-ին եկամուտների, ունեցվածքի հայտարարագիր չի ներկայացրել։ Այդ պաշտոնը նա ստանձնել է 2017-ին։ Պաշտոնը ստանձնելու ժամանակ Վանեցյանը հայտարարագրել է 17 միավոր անշարժ գույք՝ ինը բնակարան բազմաբնակարան շենքում, վեց ավտոտնակ և երկու ամառանոց։ Բացի այդ՝ Վանեցյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ ու 20,000 դոլար, իսկ եկամուտները՝ ավելի քան 15մ4 միլիոն դրամ, որից 13,8 միլիոն դրամը եղել է վարձակալության դիմաց ստացված վճար։ Լիանա Վանեցյանի 2017-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 19,4 միլիոն դրամով ևս մեկ բնակարան է ձեռք բերել բազմաբնակարան շենքում, դրամական միջոցները աճել են՝ կազմելով 30,000 դոլար ու 4 միլիոն դրամ։

Նույն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արթուր Գևորգյանի կինը՝ Արմինե Գալստյանը, 2018-ին ձեռք է բերել երեք բնակարան՝  ընդհանուր 65,000 դոլարով։ Երկու ընկերությունում ունեցել է բաժնեմաս ու հարկային տարվա ընթացքում դրանք մեծացրել։ Գալստյանի դրամական միջոցները հարկային տարում աճել են՝ 842,000-ից դառնալով 1,4 միլիոն դրամ։

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության  ծառայողական քննությունների ու վարքագծի կանոնների բաժնի պետի տեղակալ Ռաֆաել Գյուլասարյանն ու կինը՝ Նելլի Ալեքսանյանը, ևս խոշոր գումարներ են հայտարարագրել։ Ռաֆաել Գյուլասարյանը 2017-ին հայտարարագրել է 77 միլիոն դրամ, 180,000 դոլար և 150,000 եվրո։ Տարվա ընթացքում Գյուլասարյանը ստացել է նաև 2 միլիոն դրամի փոխառություն։ Գյուլասարյանի կինը՝ Նելլի Ալեքսանյանը, հայտարարագրել է 55 միլիոն դրամ, 7 միլիոն ռուբլի, 180,000 եվրո ու 150,000 դոլար։

ՊԵԿ աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Թադևոսյանը ևս այդ պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո, թեև մինչ այդ էլ եղել է ՊԵԿ համակարգում։ Նախկին պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրով նշել է 21,5 միլիոն դրամ, 126,000 դոլար ու 197,000 եվրո։ Եվս 22 միլիոն դրամ Թադևոսյանը ստացել է բնակարանի վաճառքից։ Նրա կինը՝ Սուսաննա Բարսեղյանը, հայտարարագրել է 42,000 դոլար, 34,000 եվրո ու 8,1 միլիոն դրամ։

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտակ Մանուկյանը 2017-ին պաշտոնը ստանձնելու իր հայտարարագրում հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս ու ավտոտնակ։ Բացի այդ՝ Մանուկյանը հայտարարագրել է Lexus GX 460, Mercedes-Benz E320 և GAZ 31105 մակնիշի մեքենաներ։ Մանուկյանը 2017-ին հանձնել է 16,500 դոլարի ու 3400 եվրոյի փոխառություններ։ Նրա դրամական միջոցները կազմել են 265,000 դոլար, 7,8 միլիոն դրամ և 37,000 եվրո։ Պաշտոնյայի կինը՝ Սաբինա Մադոյանը, 2017-ին 10 միլիոն ռուբլիով բազմաբնակարան շենքում տարածք է ձեռք բերել։ Մադոյանը նաև 80 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. նրա դրամական միջոցները 2017-ին կազմել են 5,8 միլիոն դրամ, 23,5 հազար դոլար և 8000 եվրո։

ՊԵԿ նախագահի և տեղակալների հայտարարագրերը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է 2018-ի տարեկան հայտարարագիրը։ Անանյանը տարվա ընթացքում հանձնել է 3,4 միլիոն դրամի փոխառություն, որից 2,8 միլիոն դրամը տարվա ընթացքում վերադարձվել է։ Բացի այդ՝ Անանյանի եկամուտները գերազանցել են 43  միլիոն դրամը. նա երեք աղբյուրից ստացել է աշխատավարձ՝ առաջինից 4,8 միլիոն դրամի, երկրորդից՝ 18,5 միլիոն դրամի, իսկ երրորդից՝ 4500 եվրո։ Անանյանի եկամուտները ձևավորվել են նաև 14,8 միլիոն դրամ շահաբաժնից և մոտ 5 միլիոն դրամ՝ գույքի օտարումից։ Բացի այդ՝ Անանյանի հայտարարագրած դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա հետ համեմատած աճել են՝ 1,6 միլիոն դրամից հասնելով 2,1 միլիոն դրամի, 2500 դոլարից հասնելով 7000 դոլարի։ Նա նաև հայտարարագրել է 2000 եվրո։ ՊԵԿ նախագահի կինը՝ Գայանե Սեդրակյանի դրամական միջոցները կազմել են 1,5 միլիոն դրամ ու 45.000 դոլար։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը 2017-ին հայտարարագրել է 5 միլիոն դրամ և 85 հազար դոլար դրամական միջոց, իսկ Մաշադյանի կնոջ՝ Արինա Մաշադյանի դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար։

ՊԵԿ նախագահի մյուս տեղակալ Ռուստամ Բադասյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է Mercedes-Benz E320 մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները կազմել են 500 դոլար, 600 եվրո և 650 հազար դրամ։ Բադասյանի եկամուտները կազմել են 2,5 միլիոն դրամ, որից 2 միլիոնը եղել է աշխատավարձից ստացված, իսկ 500,000 դրամը՝ շահաբաժնից ստացված եկամուտներ։

ՊԵԿ նախագահի մյուս տեղակալը Միքայել Փաշայանի էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017-ի տարեկան հայտարարագրում հայտարարագրված դրամական միջոցները կազմել են 29 միլիոն դրամ, 42,000 դոլար և 39,000 եվրո։ Փաշայանի աշխատավարձից ձևավորված եկամուտները կազմել են 13,5 միլիոն դրամ։ Փաշայանի կնոջ ներկայացրած հայտարարագրից պարզ է դատնում, որ վերջինիս դրամական միջոցները կազմել են 7,000 դոլար։

civilnet.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One