Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 9 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.03 AMD
EUR =530.47 AMD
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից. Ջանջուղազյանը միակ դեմն էր
17.01.19 13:20
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից. Ջանջուղազյանը միակ դեմն էր
Կառավարությունն այսօր՝ հունվարի 17-ի իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, այս նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ բացառապես էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Այդ արտոնությունը կգործի մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Փաստացի արտոնությունը կգործի 2,5 տարի: Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Ղափլանյանի խոսքով, էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաեւ խցանումների նվազմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը։ Նշենք, որ 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ ներկրվել է այդպիսի 28 մեքենա, իսկ 2018 թվականին՝ 33 մեքենա: «Համեմատության համար նշենք, որ Վրաստանում կիրառելով ակցիզային հարկից ազատման մեխանիզմը 2017-ին էլեկտրամոբիլների թիվը մոտ 300 ավելի է եղել նախորդ տարվա համեմատությամբ: 2016-ին ներմուծվել է 34 մեքենա, 2017-ին՝ 328: «ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է, կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների տեսակարար կշռով»,-ասաց Ղափլանյանը: Իր հերթին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց նախագծին՝ նշելով, որ հիմնավորման կարիք ունի, որ միայն մեքենաների թիվն ավելացնելը բավարար նպատակ է հարկային արտոնություն սահմանելու համար: «Ընդամենը ենթադրություն է, որ եթե չլիներ ավելացված արժեքի հարկը, մենք 33 մեքենայի փոխարեն կունենայինք 333 մեքենա: Նաեւ միանշանակ չէ, որ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից լուրջ ձեռքբերում ենք ունենում: նաեւ այդ ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները ինչ-որ ժամանակ անց ուտիլիզացման խնդիր է առաջանում, որի գնահատականները բացակայում են: Տպավորություն է, որ ավելի շատ առաջնորդվում ենք ժամանակակից տրենդով, քան ունենք հստակ հաշվարկ, թե ինչ ենք ակնկալում այդ ամենի արդյունքում»,-ընդգծեց Ջանջուղազյանը՝ կոչ անելով հարկային արտոնություններին վերաբերվել խնամքով: Տրանսպորտի կապի եւ ՏՏ ոլորտի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նկատեց, որ եթե նախորդ 10 տարվա համաշխարհային գլխավոր տրենդը եղել են սմարթֆոնները, ապա հաջորդ 10 տարվա համար ըստ տարբեր գնահատականների, լինելու են էլեկտրամոբիլները: Նրա խոսքով, էլեկտրամոբիլը սմարթֆոն է անիվների վրա: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2019-ը բավական ռիսկային տարի է հարկային ծրագրային ցուցանիշները ապահովելու տեսակետից, քանի որ նվազեցվում են եկամտային հարկն ու շահութահարկը: նա առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել առնվազն մեկ տարով: Անանյանը նկատեց, որ Ղազախստանում էլեկտրամոբիլների ներկման դեպքում ԱԱՀ-ն 18 տոկոս է եւ եթե եթե ՀՀ-ում հանվի այդ հարկը, ապա մենք կնպաստենք, որ Ղազախստանի քաղաքացիները Հայաստանով կներկրեն էլեկտրամոբիլներ: Նիկոլ Փաշինյանն էլ հարց ուղղեց, որ եթե ՀՀ ներկրվի էլեկտրամոբիլ ու տեղափոխվի երրորդ երկիր, Հայաստանը ոչինչ չի՞ շահում. «Մենք անընդհատ խոսում ենք, որ ուզում ենք Հայաստանը տարանցիկ երկիր լինի, հոսքերը շատանան: Ենթադրենք այդպիսի ալիք է սկսվելու, գալու են այստեղ ռեստորանում հաց են ուտելու, այլ ծառայություններից են օգտվելու: Ըստ էության, մենք չեղած բանը ուզում ենք ստեղծել ու խթանել, այնպես չէ, որ մենք էլեկտրամոբիլների ներկրումից եկամուտ ենք նախատեսել բյուջեում: Լավ, ենթադրենք օրենքը չփոխեցինք, էլեկտրամոբիլն էլ ինչպես չէր եկել, էլի չեկավ, դրանից ինչ է լինելու: Ասենք Ղազախստանից գայում էին էլեկտրամոբիլ տանելու, չեկան, չտարան: մենք ի՞նչ ենք կորցնում»,-ասաց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավալեց, որ այս արտոնությունը տալու նպատակներից մեկն էլ ենթակառուցվածքների զարգացումն է: Նա նկատեց, որ եթե բենզինով ու գազով աշխատող մեքենաների համար վառելիքը ներմուծվում է, իսկ էլեկտրամոբիլների համար Հայաստանը էլեկտրաէներգիան արտադրում է: Ի վերջո, երկան քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց, այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One