Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 23 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Առաջին քաղաքակրթություններից մեկի բնօրրան. «Մադրիդցիներն աշխարհում» իսպանական հեռուստածրագրի ռեպորտաժը Հայաստանից
16.01.19 21:50
Առաջին քաղաքակրթություններից մեկի բնօրրան. «Մադրիդցիներն աշխարհում» իսպանական հեռուստածրագրի ռեպորտաժը Հայաստանից

Իսպանիայի «Մադրիդցիներն աշխարհում» ամենահայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծն այցելել է Հայաստան՝ «առաջին քաղաքակրթություններից մեկի բնօրրանը», ինչպես բնութագրել են իսպանացիները: «Այդ իսկ պատճառով չէինք կարող չայցելել Երևանում տեղակայված Պատմության թանգարան, որը երկրի՝ ավելի քան 400 000 ցուցանմուշ ունեցող կարևորագույն թանգարաններից է: Մեր ուշադրությունը հատկապես գրավեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարվա պատմություն ունի», - ասվում է ռեպորտաժում, որի մի հատվածը նկարահանվել է հենց թանգարանում: Հոլովակում ցուցադրվել են նաև թանգարանի մյուս նշանակալի և պատմական ցուցանմուշները: Այնուհետև հաղորդավարներն այցելել են Մատենադարան, որտեղ ծանոթացել են մի շարք ցուցադրված իրերին, այդ թվում և ամենամեծ և ամենփոքր գրքերին: Ինչպես հաղորդավարներն ընդգծել են, «Հայաստանի նորագույն պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որը հուշակոթող է 20-րդ դարի սկզբին զոհված միլիոն ու կես նահատակների»: Գտնվելով Խոր Վիրապում՝ հեռուստալրագրող Սոնիա Գոնսալոն ներկայացնում է ձյունապատ Արարտ լեռը որպես բիբլիական լեռ, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանն ու նշում, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: Երևանում իսպանացի լրագրողներին հաջողվել է հանդիպել և զրուցել Պիլար անունով իսպանուհու հետ, որն ամուսնու և երեխաների հետ 4 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Պիլարի ուղեկցությամբ լրագրողների խումբն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալով հայկական գորգերին, այդ թվում և Ջորջ և Ամալ Քլունիներին նվիրված գորգին: Հաջորդ վայրը, որտեղ նկարահանումներ են անցկացվել, «Արարատ» կոնյակի գործարանն է: Երևանում շրջելուց հետո իսպանացիներն այցելել են նաև Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր, Սևան, ինչպես նաև Նորատուսի գերեզմանատուն՝ ծանոթանալով խաչքարերին և դրանց պատմությանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One