Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Այսօր ՀՀ տնտեսական համակարգում շեշտակի փոփոխություն չունենք․ Գագիկ Մակարյան
29.12.18 19:40
Այսօր ՀՀ տնտեսական համակարգում շեշտակի փոփոխություն չունենք․ Գագիկ Մակարյան

Այսօր ՀՀ տնտեսական համակարգում շեշտակի փոփոխություն չունենք։ Նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում արդյունաբերության զարգացման վերաբերյալ հայտարարություններին, Մակարյանն ասաց, որ բացի հայտարարություններից, նաև հիմքերը պետք է արտացոլվեն պետական ծրագրի մեջ։ Նա նկատեց, որ սրանք Նիկոլ Փաշինյանը նաև 2018 թվականի մայիսին իր ծրագրերում է ներկայացրել, բայց գործնականում այդ ուղղությամբ քայլեր չեն արվել։ «Եթե 2019 թ․-ին այս ուղղությունը դառնում է կարևոր, ապա հստակ կետերով, միջոցառումների պլանով, գերակայություններ սահմանելով պետք է ամրագրվի ու երևան գա նաև պետական բյուջեի մեջ։ ԱԺ-ն միարժեքորեն պետք է սկսի համապատասխան ռեֆորմներ իրականացնել, այսինքն՝ պայմաններ պետք է տրամադրել, որ ներդրողները կամ տեղական արտադրողները ներդրումներ կատարեն, տեղական բիզնեսը խթանվի»,-ասաց նա։ Մակարյանի խոսքով՝ արդյունաբերության զարգացման մեջ պետք է հաշվի առնել նաև ենթակառուցվածքների խնդիրը, որովհետև, եթե ներդրումների ու արտահանման ծավալները մեծանում են, սակայն սպասարկման հնարավորությունները մնում են նույնը՝ սահմանափակ, ապա լուրջ խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետը կարևորեց հստակ հաշվարկները, թե որ ճյուղերն են ցանկանում զարգացնել, ինչ ծավալով պետք է լինի և այլն։ «Ենթակառուցվածքների խնդիր ունենք, այսինքն՝ Իրանով ու մեծ դժվարությամբ, Վերին Լարսով մեծ դժվարությամբ, օդային ուղիները գրեթե չեն սպասարկում բեռների փոխադրումը, ուրեմն մենք կկանգնենք արգելքի առաջ, հետևաբար արդյունաբերության զարգացմանը զուգահեռ ենթակառուցվածքները պետք է զարգանան, ավելին՝ ճանապարհին ենթակառուցվածքները պետք է առաջնային լինեն։ Պետք է մոտավորապես հաշվարկենք, թե որ ճյուղերն ենք ուզում զարգացնել, ինչ ծավալներից ենք խոսելու, եթե ներմուծումը փոխարինելու ենք տեղական արտադրանքով, ապա ինչ ծավալների կբերի, դրա համար ինչպիսի սպասարկում է պետք բեռնափոխադրումների և այլն։ Գուցե մենք պետք է արտոնություններ տանք, որ այս ոլորտները զարգանան՝ կախված իրենց գերակայությունից»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ վերոնշյալ նպատակին հասնելու համար միայն եկամտահարկի իջեցման մասին գաղափարները չեն օգնի, քանի որ ավելի կարևոր են արտադրական պայմանների բարելավումը, վերակառուցապատման պայմանները, մոդեռնիզացիան, վարկերի հասանելիության, տոկոսադրույքների, համաներման խնդիրները, ազատ տնտեսական գոտիների ազատ օգտագործումը, որ, ըստ նրա, դեռևս բավականին ցածր մակարդակի վրա է։ Հարցին՝ որ ճյուղերն են, որոնք Կառավարությունը հենց այսօր պետք է ուշադրության կենտրոնում պահի ու սկսի զարգացնել, տնտեսագետը պատասխանեց, թե ճյուղերի անհրաժեշտությունը բխելու է նրանից, թե մեր պետությունն իր սեփական կարիքները բավարարելու համար այսօր կոնկրետ ինչի անհրաժեշտություն ունի։ «Պարզունակ օրինակ ասեմ՝ ենթադրենք՝ խոսում ենք վերելակների փոփոխության կամ շենքերում վերելակներ դնելու մասին, քանի որ 5 հարկանի շենքերը չունեն և այլն, ապա կարևոր կլինի վերելակների արտադրությունը։ Բայց մինչ այս բոլորին գնալը շատ կարևոր է վերանայել պետական գնումների համակարգը, որովհետև, եթե պետք է տեղական արտադրողն արտադրի ու պետական գնումների այս խրթին համակարգով փորձի մասնակցել մրցույթների, ապա կտուժի։ Եթե այս համակարգը գնաց կոռուպցիոն ռիսկերով, իսկ տեղական արտադրողը չկարողացավ մասնակցել, ապա դա չի առաջացնի տենդենց արդյունաբերության զարգացման համար, քանի որ մարդիկ պետք է մտածեն, թե որտեղ վաճառեն, հետևաբար պետք է այս համակարգն էականորեն վերանայվի, արտոնություններ պետք է տրվեն տեղական արտադրողներին»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One