Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
2017-ի ընտրությունից հետո իշխանությունը մտածեց՝ հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», կարելի է լուրջ փոփոխությունների չգնալ, բայց այստեղ վրիպեց. Ա. Գևորգյան. Mediamax.am
24.12.18 12:44
2017-ի ընտրությունից հետո իշխանությունը մտածեց՝ հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», կարելի է լուրջ փոփոխությունների չգնալ, բայց այստեղ վրիպեց. Ա. Գևորգյան. Mediamax.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցազրույց է տվել Mediamax.am-ին անդրադառնալով ներքաղաքական հարցերի, ինչպես նաև իր դեմ առաջադրված մեղադրանքին: Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլին, պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ: Դուք կարևոր պաշտոններ եք զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբևէ նրա հետ քննարկե՞լ էիք այդ երրորդ ժամկետի թեման:

- Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարևոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարևոր է հասարակության համար, այսօրվա և հետագա իշխանությունների համար։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջադրմանը, ապա այդ որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում, որի անդամ չեմ հանդիսանում և բուն քննարկումներին չեմ մասնակցել: Իհարկե, եղել են տարբեր առիթներ, երբ քննարկել ենք իրավիճակը երկրում, հնարավոր լուծումները՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, արտաքին մարտահրավերները և այլն։

Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», և կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:

 
 



Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել  հասարակությունից, և հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության և դեռևս ոչ շատ ամուր քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը և հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում։ Բայց սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաև ապագայի համար։ Եվ դրանով է կարևոր։ Այսօրվա և ապագայի իշխանությունները ևս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ։ Կարծում եմ՝ կարողացա հստակ ձևակերպել ասելիքս։

- 2018թ. հոկտեմբերին, երբ զրուցում էի ձեզ հետ, ասացիք, որ քաղաքական գործընթացներով հետաքրքրված չեք: Բայց այսօր, երբ ձեզ առաջադրված մեղադրանքների քանակն ավելացել է, երբ քննարկվում էր ձեզ կալանավորելու հարցը, դուք ձեզ ինչպե՞ս եք դիրքավորում այսօրվա իրավիճակում: Ընդդիմադի՞ր եք, չեզո՞ք եք՝ ինքներդ Ձեզ համար ինչ-որ սահմանում ունեք:

- Ցանկանում եմ մեկ անգամ ևս ֆիքսել, որ ինձ երբեք քաղաքական գործիչ չեմ համարել: Այլ հարց է, որ ինձ այդպես ընկալել են, բայց ինքս այդպես երբեք ինձ չեմ ընկալել: Թեև 2008-ից մինչև 2014 թվականը զբաղեցրել եմ փոխվարչապետի պաշտոնը և աշխատանքս ավելի հանրային բնույթ է կրել, միևնույն է, ինձ միշտ համարել եմ պրոֆեսիոնալ կառավարիչ և պետական պաշտոնյա:

Այն ինչ ասել եմ հոկտեմբերին, ասել եմ անկեղծ և հավատարիմ եմ մնում այդ մոտեցմանը: Ես անկեղծորեն խուսափում եմ իմ այսօրվա իրավիճակը և իմ անվան հետ կապվող իրադարձությունները տեղափոխել քաղաքական դաշտ: Ձեռնպահ եմ մնում իրավական դաշտից դուրս որևէ գնահատական տալ իմ դեմ առաջադրված մեղադրանքներին և ցանկանում եմ հասնել արդարությանը բացառապես իրավական գործիքակազմով: Ես գիտեմ, որ երբևէ որևէ հակաօրինական քայլ չեմ կատարել, բարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները, պետական միջոցներ երբեք չեմ վատնել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One