Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Գնաճը կանխատեսվածից ցածր է, մրցակցության ավելացման միտում կա նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան․ ԿԲ խորհրդի անդամ
18.12.18 13:09
Գնաճը կանխատեսվածից ցածր է, մրցակցության ավելացման միտում կա նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան․ ԿԲ խորհրդի անդամ

Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել ու ձևավորվելու է տարվա կտրվածքով, իսկ ցածր գնաճային միջավայրը, որը մենք ունենք վերջին տարիներին, պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին։ Այսօր ֆինանսական համակարգի կայունության և զարգացման թեմայով ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը թույլ է տալիս, որ ԿԲ դրամավարկային քաղաքականույան դիրքը շարունակվի մնալ ընդլայնվող, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազող վարքագծում և վարկավորման ծավալների ավելացման մեջ։ «Կհամաձայնեք, որ 2018-ը բացառիկ տարի էր մեր հանրապետությունում՝ կապված քաղաքական իրադարձությունների ու քաղաքական համակարգի հետ, բնականաբար ԿԲ-ն պետք է ավելի զգույշ ու պահպանողական լիներ և ՛ կանխատեսումներում, և՛ գործողություններում, որպեսզի կարողանար հասնել իր կանխատեսած նպատակներին»,- ասաց նա։ Ստեփանյանը, խոսելով գործոնների մասին, որոնք ազդել են իրենց աշխատանքի ու գների վրա, ասաց, որ ուրվագծվում է շուկաների մրցակցության միտում, նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ կան։ Ըստ նրա՝ այսօր նույնիսկ շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները երկար են «ծանր ու թեթև» անում մինչ գնային փոփոխություններ անելը։ «Մի շարք շուկաներում նույնիսկ միջազգային գների հետ համեմատությամբ նվազման միտում կա, կամ էլ, երբ միջազգային շուկայում գին է բարձրանում, միևնույն է, մեր ներսի շուկայում այդ գները չեն բարձրանում բավականին երկար ժամանակ։ Հաջորդ գործոնն այն է, որ այս կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես պետական գնումների ու շինարարության մասով փորձում է նվազեցնել ու վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք եղել են։ Սա բավականին դրական երևույթ է, բայց մյուս կողմից էլ դանդաղեցնում է պետական միջոցների ներարկումը դեպի տնտեսություն։ Այս տարվա արդյունքներով, հավանաբար, կտեսնեք, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան, դեֆիցիտի ցուցանիշն էլ բավականին փոքր է»,- մանրամասնեց նա։ Գների ձևավորման վրա ազդող հաջորդ գործոնը, որն առանձնացրեց Ստեփանյանը, գյուղատնտեսական ոլորտում կատարվող գործընթացներն են։ Նա նշեց, որ այս տարվա 2-րդ կեսին գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշները բացասական միտման մեջ են։ Ստեփանյանը հավելեց, որ այս ցուցանիշները դեռ օգոստոսից իրենց հուշել են, որ գյուղատնտեսական ապրանքների առաջարկը պետք է նվազեր, ինչն ավելացնելու էր գյուղատնտեսական ապրանքների գնային ֆոնը։ «Նոյեմբերի ցուցանիշներն ունենք, որտեղ տեսնում ենք, որ գյուղատնտեսական սեզոնային ապրանքներն, ըստ էության, նույն գնային ցուցանիշների մեջ էին, ինչ նախորդ տարի։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտում որոշակի վիճակագրական խնդիրներ կան, բնականաբար եղել է նաև տարվա ընթացքում. ճյուղային խնդիրների մասին է խոսքը, որոնց մասին նաև շատ են խոսել պատկան մարմինները»,- ընդգծեց Արթուր Ստեփանյանը։ Հարցին, որ ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություններն են սկսել ավելի դանդաղ մտածել գների փոփոխության մասին, Արթուր Ստեփանյանը պատասխանեց․ « Խոսում էին ոչ միայն գերիշխող այն շուկաների մասին, որտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան, այլ ասում էի, որ շուկաներում մրցակցության ավելացման միտում կա։ Սակայն ինքներդ էլ կարող եք տեսնել շուկաներ, որտեղ ավելի շատ գնային նվազումներ կան, օրինակ՝ շաքարի կամ բանանի շուկաներում։ Ինչպես նաև ասեմ, որ բավականին երկար ժամանակ միջազգային շուկաներում վառելիքի գները բավականին բարձր մակարդակի վրա էին, սակայն մեր շուկայում, ըստ էության, գնային փոփոխություն տեղի չունեցավ։ Նախկինում միջազգային շուկայում յուրաքանչյուր տատանում բերում էր ՀՀ շուկայում գների բարձրացման, իսկ նվազման պարագայում ՀՀ-ում, միևնույն է, գները բարձր էին մնում»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One